Ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը նոյեմբերի 20-ին Երևանի պետական համալսարանում էր: Համալսարանի Եվրոպական կենտրոնում նա հանդիպեց ուսանողների հետ:
Աննա Աստվածատրյանը ծնվել և կյանքի առաջին տասը տարիներն անցկացրել է Բաքվում: Այստեղ նրա ընտանիքը ապրել է ադրբեջանական համայնքի սպառնալիքների ներքո: Տատիկի խորհրդով նա օրագրում գրի է առել իր՝ այդ տարիների տպավորություններն ու հիշողությունները: Աննա Աստվածատրյանը շարունակել է գրառումներ կատարել օրագրում մինչև դպրոցն ավարտելն ու համալսարան ընդունվելը: 2012թ. նա հարատարակել է իր օրագիրը՝ «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» վերնագրով:
Արցախի Հանրապետության նախագահը Աննա Աստվածատրյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով, իսկ Հայաստանի Հանրապետության նախագահը` «Մխիթար Գոշ» մեդալով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշպանելու համար:
Հանդիպման սկսզբում Աստվածատրյան-Տուրկոտը նշեց, որ ինքն առաջին անգամ այցելել է ԵՊՀ 2014թ.՝ իր գրքի անգլերեն տարբերակի հրատարակումից մի քանի ամիս անց:
«2014 թվականից մինչ օրս բավականին երկար ժամանակ է անցել, և ես շատ ուրախ եմ կրկին խոսել ձեզ հետ»,-ասաց նա:
Աննա Աստվածատրյանը ուսանողներին ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը, ինչպես նաև խոսեց «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի մասին:
«Իմ աղջիկը իրականում պատճառ հանդիսացավ, որ ես հրատարակեմ գիրքը, որովհետև երբ ես նայում եմ նրա աչքերին, ես ինքս ինձ եմ տեսնում և ցանկանում եմ, որ իմ երեխաները իմանան այս պատմությունը: Նրա դեմքը ինձ հիշեցնում է նաև հարյուրավոր հայ մանուկների մասին, որոնք այժմ ապրում են Ղարաբաղում ադրբեջանական սպառնալիքի նեքո»,-ասաց նա:
Աննա Աստվածատրյանը նշեց, որ ի զարմանս իրեն՝ գրքի հրատարակումից մի քանի ամիս անց ինքը հրավիրվեց ԱՄՆ կոնգրես՝ խոսելու իր մանկության տարիներին Բաքվում հայերի նկատմամբ կատարված վայրագությունների մասին:
«Այդ ժամանակ ես հանդիպեցի այնպիսի ադրբեջանցիների, որոնք խուսափում էին խոսել Բաքվում տեղի ունեցած վայրագությունների մասին և շարունակում էին իրենց սովորական կյանքը ապրել՝ առանց այդ մասին հիշելու: Ես հասկացա նաև, որ հայկական համայնքը այնքան տարված չէ արցախյան հարցով և այնքան նվիրված չէ արցախյան հարցի բարձրաձայնմանը, որքան ես մտածում էի: Եվ ես չէի ցանականա այդ սփյուռքի մասը լինել: Հենց այս պատճառով ես սկսեցի իմ հասարակական գործունեությունը»,-ասաց նա:
Աննա Աստվածատրյանը պատմեց, որ ինքը ճանապարհորդել է աշխարհով և տարբեր հարթակներում խոսել հայկական հարցի ու ղարաբաղաադրբեջանական հակամարտության մասին, բայց չնայած այս ամենին՝ սփյուռքում շատերը կարծում են, որ նման գործունեությունը իզուր է և չի հանգեցնելու արցախյան հարցի լուծմանը:
Նա հավելեց, որ բազմաթիվ բաքվեցի հայեր, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, տրամադրում են իրենց գումարն ու ժամանակը արցախյան հարցի լուծմանը հասնելու համար:
«Ադրբեջանը ունի նավթ, իսկ Հայաստանը ունի սփյուռք, հայկական համայնք, և իրականում Ադրբեջանը բավականին վախենում է հայկական համայնքից և հայկական սփյուռքից»,-նշեց նա
Աննա Աստվածատրյանն ասաց, որ ինքը փորձում է ավարտել իր երկրորդ գիրքը, իսկ այն հարցին, թե գիրքն ինչի մասին է, չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ դեռ գրում է գրքի առաջին էջերը:
Այնուհետև նա պատասխանեց ուսանողների հարցերին:
Ուսանողներից մեկը հնչեցրեց հետևյալ հարցը. «Դուք այսօր իրականացնում եք Ձեր գործունեությունը անձնական մակարդակով, բայց արդյո՞ք չեք մտածում որևէ կազմակերպություն հիմնել, որը կզբաղվի այս աշխատանքով»:
«Մեծ թվով կազմակերպություններ կան, որոնց հետ ես աշխատում եմ այս հարցում, և չեմ կարծում, որ ևս մեկը հիմնլեը արդյունավետ կլինի: Ես ինձ այսպես ավելի ազատ եմ զգում, որովհետև կարող եմ անել այն ամենը, ինչ ավելի կարևոր եմ համարում, իսկ կազմակերպություն հիմնելը և կազմակերպության շրջանակներում աշխատելը բավականին ժամանակ կխլի ինձնից, որպեսզի ես անձնակազմ հավաքեմ, ֆինանսական միջոցներ գտնեմ կազմակերպությունը պահելու համար: Անձնապես ես ավելի ազատ եմ իմ գործունեությունը իրականացնելու հարցում: Այս պահին ես ուղղակի հայանպաստ գործունեություն եմ իրականացնում ինքս»,-պատասխանեց նա:
Իսկ մեր այն հարցին, թե ըստ Աննա Աստվածատրյանի՝ արտասահմանում ապրող ադրբեջանցիներն արցախյան հիմնահարցին ինչպես ես վերաբերվում, նա պատասխանեց. «Ես կարող եմ խոսել Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների մասին, որովհետև ես տեսել եմ նրանց, հանդիպել եմ նրանց հետ: Ես ավելի շատ կարող եմ խոսել այն փոքրաթիվ ադրբեջանցիների մասին, որոնք ապրում են ԱՄՆ-ում և ցանկացած տեսակի գործունեություն իրականացնում են, որպեսզի որևէ պրոհայկական բանաձև կամ որոշում չկայացվի ԱՄՆ-ում: Ես նրանց բավականին ակտիվ եմ համարում՝ թուրքերի հետ համեմատած: Թուրքերը ավելի հանդորժող են. մասնավորապես այն երեք թուրքերը, որոնց ես հանդիպել եմ, ներողություն են խնդրել ինձնից ցեղասպանության համար, իսկ ադրբեջանցիները միշտ այնպիսին են, կարծես նրանց ուղեղները ամբողջովին լվացած լինեն: Երբեք չես կարող իմանալ՝ արդյո՞ք ռացիոնալ գիտակցություն ունեցող անձնավորություն է, թե՞ մեկը, ով վճարվում է ադրբեջանական կառավարության կողմից որոշակի գործունեություն իրականացնելու համար»:
Վերջում Աննա Աստվածատրյանը ԵՊՀ գրադարանին նվիրեց մի քանի օրինակներ իր «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքից:
Աննա Սահակյան
2-րդ կուրս