Կայացավ Երևանյան գրքի առաջին փառատոնը: Նոյեմբերի 24-ից 26-ը գրքի սիրահարների համար իսկական տոն էր: «Միհր» ստեղծագործողների միությունը մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր գրքի ցուցահանդես-տոնավաճառ:
Միջոցառման շրջանակներում մի շարք հրատարակչություններ հավաքվել էին Հանրապետության հրապարակի նախկին կառավարական 2-րդ տանը: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր հրատարակչության թողարկած գրքերը և աննախադեպ զեղչերով վաճառում դրանք: Այս միջոցառմանը մասնակցում էին այնպիսի անվանի հրատարակչություններ,ինչպիսիք են «Անտարեսը», «Էդիթ պրինտը», «Զանգակը» և այլն: Նշենք, որ շնորհանդեսին մասնակցում էր նաև ԵՊՀ հրատարակչությունը իր գիտական, պատմական և գեղարվեստական գրքերով: Ողջունելի էր հատկապես «Կույրերի միավորում» հրատարակչության մասնակցությունը: Նրանք ներկայացնում էին ոչ միայն հատուկ գրքեր սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, այլև գրքերի աուդիո տարբերակներ:
Չնայած նրան, որ փառատոնը առաջին անգամ էր անցկացվում, այնուամենայնիվ երեք օրվա ընթացքում մարդկանց հոսքը չէր դադարում: Գուցե պատճառը սիրելի գրքերը ոչ միայն ավելի մատչելի գներով ձեռք բերելու ցանկությունն էր, այլև այն, որ դրանց խորհրդատու-վաճառողները ժամանակակից գրողներն ու գրականագետներն էին: Հատկապես «Անտարեսի» վաճառասեղանի մոտ երեք օրերի ընթացքում կարելի էր հանդիպել գրող և խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին, Գուրգեն Խանջյանին, Գրիգին և այլոց:
Երևանյան գրքի փառատոնի ընթացքում կազմակերպվեցն մասնակից գրողների ստեղծագործությունների ընթերցումներ և քննարկումներ: Կայացան մի շարք գրքերի շնորհանդեսներ, որոնցից էին Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» պատմվածքների ժողովածուն, Օլդոս Հաքսլիի «Չքնաղ, նոր աշխարհ» վեպի հայերեն թարգմանությունը, Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպը և այլն:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ բարեգործական գրքահավաք սահմանամերձ համայնքների դպրոցների համար:
Հավելենք նաև, որ հյուրերի շարքում կարելի էր հանդիպել Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, լրագրող Արմեն Դուլյանին և Գուրգեն Մահարու որդուն՝ Գրիգոր Աճեմյանին:
Քրիստինե Սեդրակյան
2-րդ կուրս