«ՍԱ ՀԱՂԹԱԾ ՆԱՐԻՆԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է». ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«ՍԱ ՀԱՂԹԱԾ ՆԱՐԻՆԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է». ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

2144

 «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնո ներկայացման հաջողությունների և այլ հարցերի շուրջ զրուցեցինք  դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյաննի հետ:

-Ինչպե՞ս միտք հղացավ ունենալ այս ներկայացումը, և ինչ հաջողություններ ունեցավ այն:

-Իրականում ներկայացումն ունենալու դրդապատճառները մի քանիսն էին: Առաջինն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ որպես քաղաքացի ցանկություն ունեցա արտահայտելու իմ ներսում կուտակվածը, վերհիշել այն բոլոր հուշերը, որոնք կապված են պատերազմի հետ: Երկրորդը՝ քանի որ 2016 թ.-ը մոնո ներկայացումների  փառատոնն էր Արցախում, որոշեցի  մեկ ներկայացում ներկայացնել, որը կպատմի պատերազմի տարիներին մեծացած և յուրօրինակ մանկություն ունեցող աղջկա պատմությունը: Ես ընդհուպ մինչև 30 տարեկանը անտեղյակ էի,  կարելի է ասել ոչինչ  դեռ չգիտեյի, մինչև որ ինձ մոտ ունեցա հայրիկիս տեսագրությունները գերությունից հետո: Իսկ այդ տեսագրություններն այն ժամանակ  շատ պատահական կերպով մի ֆրանսիացի ռեժիսոր էր նկարահանել. ահա թե որտեղից ծանոթացա իմ ընտանիքի պատմությանը` փորձելով այն զետեղել իմ ճամպրուկում: Պետք է ասեմ, որ այդ ամբողջն  ուղղված էր միայն հայ հանդիսատեսին, նոր սերնդին, որովհետև հաճախ նկատում եմ, որ մենք չենք գնահատում այն ազատությունը, անկախության արժեքը, որը տրված է մեզ: Սա հաղթած Նարինկայի պատմությունն է: Մենք անհատապես հաղթել ենք՝ ազգովի: Ներկայացումը բեմադրվել է Լիտվիայում, որտեղ արժանացավ  «Գրանտ Պրի» մրցանակի: Այն ներկայացվել է նաև Գերմանիայի երկու քաղաքներում և նաև Արցախում: Իսկ առաջիկայում հրավեր ենք ստացել Ուկրաինայից,  Իսպանիայից  և  մասնակցելու ենք Գերմանիայում տեղի ունենալիք փառատոնին:

-Նարինե, ո՞րն է մասնագիտական կայացման գործում  ձեր հիմնական և գլխավոր գործոնը:

-Սերը, միանշանակ սերը: Ինձ միշտ հարցնում են` ինչպե±ս չեմ հոգնում այսքան աշխատելուց, գրեթե ամեն օր ներկայացումներ բեմադրելով, խաղալով: Բայց եթե սիրում եմ, ինչպե՞ս կարող եմ հոգնել:

-Որքանո՞վ է հեշտ, ընտանիքը համատեղել սիրած մասնագիտության հետ:

-Պետք է խոստովանեմ, որ այն իրոք հաջողվում է ամուսնուս  շնորհիվ: Նույնիսկ ներկայացումներից առաջ, երբ շատ եմ հուզվում կամ մտածում, որ գուցե լավ չստացվի, նա միշտ իմ կողքին է ու աջակցում է ինձ: Իսկ ինչ վերաբերում է աղջկաս,  հաճախ է պատահում, երբ նա փորձերին ներկա է լինում` մեծ հետաքրքրությամբ հետևելով  մեր գործողություններին: Նա թատրոն շատ է սիրում:

-Մի առիթով ասել եք՝ «Ես հաջողակ եմ, որովհետև այդպես եմ մտածում», իսկ մի՞շտ եք այդպես մտածում:

-Մի առակ կա, որ ասում է` մի մարդ պառկում է մի  ծառի տակ, և պարզվում է, որ այն երազանքների ծառն է: Այդ պահին  մարդու գլխով անցածը ինչ կմտածեր իրականություն է դառնում: Ինձ թվում է կյանքն էլ այդ ծառի նման է, ինչպես մենք ենք իրեն վերաբերում, նույն կերպ էլ ինքն է վերաբերում մեզ: Ի վերջո պետք է կյանքի ամեն վարկյանը գնահատել: Եթե գնահատես հաջողության ամեն մի րոպեն, այն ունենալու շատ առիթներ կունենաս: Հաճախ իհարկե հարվածներ նույնես ունենում ենք, բայց այդ բոլոր վատ արարքները  նոր  հաջողություն ունենալու խթանն են: Դրանք պարզապես վերածնում են մեզ:

-Ինչի՞ց եք վախենում:

-Ես վախենում եմ տեղում դոփելուց: Վախենում եմ այն ստոպից, երբ  հանկարծ կբավարարվեմ իմ ունեցածից  և նոր բան էլ չեմ բացահայտի:

-Խաղացած դերերից, ո՞ր դերն է լավագույնս  բնորոշում  ձեր էությունը:

-Երևի հենց այս ներկայացումը՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է»: Երբ ինձ ասում են , որ լավ եմ խաղում միշտ զարմանում եմ, որովհետև չեմ խաղում, ուղակի իմ ընտանիքի մասին եմ պատմում: Եվ պետք է ասեմ, որ այս առումով «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումն էլ ընդհանրություններ ունի: Այնտեղ էլ կույր աղջիկ է, ում բժիշկն անընդհատ պաշտպանում է աշխարհի դժվարություններից: Այն մեր մանկությունն է հիշեցնում ինձ, երբ մենք՝ երեխաներս կուրորեն  աշխարհի վառ գույների կողքին անտեսում էինք վատը, որից մեզ հայրիկս էր պաշտպանում: Եվ հանկարծ հասկանում ես, որ այն ինչ ծնվել է, մանկությունից է գալիս:

-Իսկ սիրում եք ավելի շատ բեմադրե՞լ, թե՞ խաղալ:

-Երկուսի դեպքում էլ էներգիաները տարբեր են: Շատ հաճախ խաղալը չի բավականացնում ասելու այն, ինչ ես եմ ուզում ասել:Ես բեմադրում եմ ոչ ուղակի բեմադրելու համար, այլ երբ կարիք եմ ունենում իմ ասելիքը տեղ հասցնելու:

-Ամեն արվեստագետ  արվեստի մատուցման իր յուրօրինակ ձևն ունի: Ո՞րն է ձեր մոտեցումը, որով տարբերվում եք մյուսներից:

-Թերևս ամենատարբերվող հատկանիշը բացատրվում է նրանով, որ ֆիզմաթ եմ սովորել, որն ինձ սովորեցրել է բեմում ամեն մի վարկյանի չափը հիվանդագին տանել, այն պահին,  երբ  ճիշտ  չի պահվում պաուզան: Ինձ համար ամբողջ  ներկայացումը մաթեմաթիկա է: Եթե նկատել եք` Պուշկինի հանճարեղ  բանաստեղծությունները, հատուկ ընտրված գրաֆիկայով են գրված: Եվ հենց այդպիսի ճշգրիտ գրաֆիկայով եմ  փորձում բեմադրել ներկայացումները:  Կարճ ասած, տարերք գումարած ճշգրտություն դառնում է ճիշտ արվեստ:

-Արվեստի այս երկար դպրոցն ու՞մ հետ եք անցել և ովքե՞ր էին ձեր ուսուցիչները:

-Մեր ուսուցիչներն այն հազարամյա ծառերն են, որոնցից միշտ սովորելու բան ունես: Նրանք են Յուրա Կոստանյանը, Ռուբեն Բաբայանը, նրանց մտքի թռիչքը այսօրվա լավ բեմադրություններ ունենալու ապացույցն է: Բացի նրանցից ֆրանսահայ Սերժ-Մելիք Հովսեփյան, ով շատ բան է տվել ինձ: Յուրաքանչյուրն ինձ համար մեծ ուսուցիչ է, և նրանցից պարզապես որքան հնարավոր է  շատ բան պետք է քաղել: Այդ բոլորով եմ ես «բարձր Նարինկա»: Էլ չեմ ասում Խաչիկ Չալիկյան և իհարկե հանճարեղ Սոս Սարգսյան, ով պարզապես բացահայտեց ինձ, ասաելով` այո´ Նարինկ, դու կարող ես (ծիծաղում է), նաև Ալեքանդր Գրիգորյան, ով արվեստում ինձ ազատություն շնորհեց:

-Դեռ երիտասարդ տարիքում բավականին մեծ և շատ դերեր եք խաղացել Պետական համազգային թատրոնում, կինոյում և այլուր: Անգամ մարմնավորել եք «շնիկի» կերապը: Ո՞ր դերերը կառանձնացնեք իրենց յուրահատկությամբ:

-Անկեղծ ասած փոքր-ինչ դժվար է դրանք առանձնացնել:  Ինչպես ամեն մարդ է անկրկնելի , նույն կերպ էլ դերը կրկնվելու հատկություն չունի: Թերևս կառանձնացնեմ Սերժ-Մելիք Հովսեփյանի բեմադրությամբ «Մայրը» ներկայացումը: Կարող եմ ասել, որ այն իմ հոգու դրամատիզմի ողջ գունապնակն է: Ինչպես նաև «Ջրի կաթիլը», «Շնիկը», որն իմ ամենաերջանիկ դերերերից է: Խաչիկ Չալիկյանի հետ Ձիու կերպարը, որով Դոն Կիխոտին էի ծաղրում: Երբ ամեն անգամ նոր դեր եմ ստանում, անգամ երբ նմանատիպ ինչ-որ բան խաղացել եմ, երբեք այն մարմնավորելը շատ հեշտ չի թվում ինձ: Եվ հաճախ բարկանում եմ ինձ վրա, երբ զրոյից եմ սկսում. պարզապես չեմ կարող կրկնել ինչ-որ բան… Միշտ նոր գույներ եմ փնտրում:

-Առաջիակյում ի՞նչ նորությունների սպասենք:

-Առջևում «Եվա» ֆիլմի մրցանակաբաշխությունն է օսկարի շեմին… Շատ մեծ ակնկալիքներ ունենք: Ֆիլմը մեծ գնահատանքի է արժանացել արտասահմանյան լրագրողների կողմից: Ռեժիսորներից մեկն  ասել էր, որ անգամ միայն ծեսերի առկայությունը ֆիլմում արդեն բավական էր, որ այն հաջողված լինի: Բացի դրանից այս տարի վեց  գեղարվեստական ֆիլմում եմ նկարահանվել, որոնցից դեռ միայն երկուսն են ցուցադրվել: Ինչ վերաբերում է թատրոնին,  առջևում մանկական ներկայացումներ են: Եվ այսօր իրոք լավ մանկական ներկայացումների կարիք շատ ունենք: Կարող եմ բերել Նյու-Յորքում Բրոդվեի օրինակը: Այնտեղ սովորելու տարրիներին, երբ հանդիպումներ ունեցանք պրոդյուսերների հետ, հանդիպումներից մեկի ժամանակ հարցրինք, թե ո՞րն է Բրոդվեյի խնդիրը: Ասացին, որ խնդիրը ապագա սերունդն է, ու որ պետք է ամբողջ ջանքերը ներդնել մանկական ներկայացումների մեջ: Սկսել եմ կինոն էլ շատ սիրել և մի պահ զգացի, որ թատրոնն սկսեց ինձնից նեղանալ: Քանի որ կինոն քիչ բացահայտված է ինձ համար, մի տեսակ անհագորույն եմ աշխատում նրա հետ:

 

Նորա Հայրապետյան

3-րդ կուրս

Կիսվել