ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՏՈՆԸ

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՏՈՆԸ

1549

Դեկտեմբերի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես կամավորության միջազգային օր: Հայաստանում այն նույնպես մոռացության չմատնվեց: «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը ներկա էր 20 երիտասարդական կառույց: «Դաբլթրի Բայ Հիլթոն» հյուրանոցում յուրաքանչյուր կազմակերպություն «Կամավորական գրադարանի» շրջանակներում ներկաներին պատմեց իր գործունեության մասին` անցկացնելով կամավորական հայտերի նախնական գրանցումներ:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի տնօրեն Գրիգոր Երիցյանի խոսքով` Հայաստանում կամավորական աշխատանքը դեռևս որոշ բացթողումներ ունի, պատճառն էլ հիմնականում խորհրդային անցյալն է. «Այսօր այստեղ մեր հիմնական նպատակն է արժևորել կամավորական աշխատանք կատարողներին, որովհետև նրանք մշտապես լավ մթնոլորտ են ստեղծում իրենց շուրջը: Միևնույն ժամանակ ցանկանում ենք խթանել Հայաստանում կամավորության մշակույթի տարածումը, քանի որ այն մեզ մոտ, մեղմ ասած, զարգացման տեղ ունի:» Խոսելով կամավորական աշխատանքի` Հայաստանում առկա թերությունների մասին` ՀԿ-ի տնօրենն ընդգծեց այն հանգամանքը, որ մեզանում բացակայւմ է կամավորական աշխատանքի վերաբերյալ օրենքը: Թեպետ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, սակայն Ազգային ժողովում այն դեռևս չի քննարկվում: Գրիգոր Երիցյանն օրենքի նախագծում առկա մի շարք կետեր խնդրահարույց է համարում. «Այդ օրենքը նախատեսված է կամավորութունը խթանելու համար, սակայն ավելի շատ սահմանափակում է կամավորների հնարավորությունները: Մենք նախարարությանը նամակ ենք գրել, որ մի շարք դրույթներ մեզ համար անընդունելի են: Օրինակ այն, որ կազմակերպությունը կկարողանա իր աշխատակիցների քանակի 5%-ի չափով կամավորներ տրամադրել, բայց չէ՞ որ շատ կառույցներ էլ ընդամենը մի քանի աշխատող ունեն: Կամ մեկ այլ կետով ներկայացված են կամավորական աշխատանքի ոլորտները, բայց հնարավոր է` կամավորը լրիվ այլ ոլորտում է ցանկանում իր գործունեությունը ծավալել: ՀԿ-ների գործը բարդացնում է նաև այն դրույթը, համաձայն որի` ամեն ՀԿ պիտի իր կամավորներին գրանցի և տարեկան, ամսական հաշվետվություններ ներկայացնի: Մենք մեր առաջարկությունների փաթեթն արդեն ուղարկել ենք նախարարություն: Մեծ մասն արդեն ընդունվել է»:

Միջոցառման մասնակիցների համար համերգ կազմակերպվեց, անցկացվեց  նաև «Լավագույն կամավոր 2017» մրցանակաբաշխությունը: Տարբեր կառույցների կամավորներ արժանացան պատվոգրերի` իրենց կատարած աշխատանքի համար:

 

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

 

Կիսվել