ԲԻԶՆԵՍԸ ԴԱՐՁԵԼ Է ՆՈՐԱՁԵՎ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՎՍ. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԹՐԵՆԴՆԵՐԸ

ԲԻԶՆԵՍԸ ԴԱՐՁԵԼ Է ՆՈՐԱՁԵՎ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՎՍ. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԹՐԵՆԴՆԵՐԸ

1389

   Օրեր առաջ ընթերցողի սեղանին դրվեց  «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը: Հեղինակ Սամվել Գևորգյանն ասում է՝ սա լավ ուղեցույց է նրանց համար, ովքեր նոր են մուտք գործելու բիզնես աշխարհ, և ովքեր արդեն վաղուց դրանում են: Ինչպե՞ս են ծնվում գաղափարները, շունչ ստանում ու վերածվում ձեռներեցության: Գիրքն այն մասին է, որ բիզնես ծրագրեր ստեղծելու համար բնավ պարտադիր չէ հայտնվել Սիլիկոնյան հովտում: Դրա միակ անհրաժեշտությունը մարդու կամքն է, հնարամիտ լինելը, աշխատասիրությունը, մոտիվացիան ու հավատը:

   Վերջին շրջանում երիտասարդներն ակտիվորեն հետաքրքրված են բիզնես գրքերով: Բավական է մոտենալ գրախանութների համապատասխան տաղավարներին, և կտեսնեք՝ ինչպես են 19-25 տարեկան տղաներն ու աղջիկները փնտրում այս կամ այն բիզնես գիրքը: Այս հետաքրքրվածությունը պայմանավորված է մի քանի գործոնով: Իսկ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի խմբագիրը նույնպես երիտասարդ է: Սամվելը 23 տարեկան է: Մենք նրա հետ փորձեցինք հասկանալ երիտասարդների շրջանում բիզնես գրքերի նկատմամբ հետաքրքրության աճի պատճառները և խմբագրական աշխատանքի առավելություններն ու դժվարությունները:

-Սամվել, երիտասարդներն սկսել են լրջորեն հետաքրքրվել բիզնես գրքերով ու այն ամենով, ինչը բիզնեսի մասին է: Մինչև կխոսենք քո խմբագրած գրքի մասին, արի նախ հասկանանք՝ այս հետաքրքրությունն ինչո՞վ է պայմանավորված: Դու նաև այդ երիտասարդներից մեկն ես:

Իմ կարծիքով՝ նախ որովհետև դա նորաձև է: Բիզնեսն այսօր, հակառակ Սովետական տարիներին, ոչ միայն դրական, այլև հեղինակավոր ոլորտ է համարվում: Մարդիկ սիրում են նորաձևություն, և այն, ինչ թրենդային է: Իմ կարծիքով՝ երկրորդ բացատրությունը համացանցի մեջ պետք է փնտրել: Այն ազատականացրել է բիզնես գործունեությունը: Հիմա ամեն մեկը կարող է Ֆեյսբուքով առնել ու վաճառել կամ վերավաճառել: Ուստի բիզնեսը դարձել է բոլորին հասանելի: Հետևաբար շատերն են ցանկանում իրենց տեսնել բիզնեսմենի աթոռին:

Սամվել, գրքի շնորհանդեսի օրը հեղինակը հայտարարեց, որ դու, չնայած երիտասարդ տարիքիդ, փայլուն գիտելիքներ ես ցուցաբերել: Ինչպե՞ս հաջողվեց դա քեզ: Խմբագրին լուրջ փորձառություն է պետք, չէ՞: 

-Ես կմտածեի, որ սա չափազանցություն է, եթե այդ մասին հենց գրքի հեղինակն ասած չլիներ: Սկսած առաջին կուրսից՝ ես զբաղվում էի խմբագրական գործով, երբ ստեղծեցի իմ  առցանց լրատվամիջոցը: Այնտեղ ֆակուլտետից մոտ 40 ուսանող էր աշխատում: Հետո ղեկավարել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի կայքի ու պաշտոնաթերթի խմբագրակազմը, և էլի նմանատիպ աշխատանքներ, որոնք  հաշվի առնելով էլ ստանձնեցի գրքի խմբագրումը: Հուսով եմ՝ լավ է ստացվել:

Խմբագրական դժվարություններ շա՞տ եղան: Չնայած գրեթե վստահ եմ՝ դա այդպես է:

-Տեսեք, գիրք խմբագրելիս դու ստանձնում ես ոչ միայն ինչ-որ բան շտկողի, սուր աչք ունեցողի, վրիպակներ ուղղողի, այլև իսկապես խմբագրի դեր: Սա նշանակում է, որ գիրքն իր վերջնական տեսքին բերելու համար ահռելի աշխատանք պետք է տանես:  Իմ պարագայում այս 560 էջը պարունակել է ավելի քան 800,000 նիշ, խմբագրվել է յուրաքանչյուր նիշը: Գրքի ամեն բառը նշանակություն ունի, իսկ ամեն կետադրական նշան պատճառաբանված է: «Ահռելի աշխատանք» բառակապակցության իմաստն այս աշխատանքը կատարելիս եմ հասկացել:

Նշեցիր, որ խմբագրել ես գրքում տեղ գտած ամեն նիշը: Տես, մի կողմից փոխում ես ինչոր բաներ, մյուս կողմից հեղինակային ձեռագրի պահպանման խնդիր կա:
-Այո, ճիշտ եք: Այս առումով շատ կարևոր է խմբագրի պրոֆեսիոնալիզմը, որպեսզի  կարողանա հղկել ամեն ինչ՝ միևնույն ժամանակ թողնելով հեղինակային ձեռագիրը: Ինքս նման խնդիրների բախվել եմ լրատվամիջոցներում աշխատելիս, երբ խմբագիրը փոխել է նյութիս ոճը, որն ինձ է հատուկ: Հեղինակի հետ բազմաթիվ ճշտումներ էլ են եղել վիճահարույց որևէ բառ թողնելուց կամ փոխելուց առաջ: Այսօր հեղինակը գիրքն ամբողջությամբ համարում է իրենը, իր ասելիքը: Նա այնտեղ իր ձեռագիրն է տեսնում:

-Գիրքը պատասխան է այն մարդկանց, ովքեր կարծում են՝ Հայաստանում բիզնես սկսելը լուրջ խնդիր է և գրեթե անհնա՞ր:

-Այո: Բայց գիրքը ոչ միայն պատասխան է, այլև բանալի: Կան գրքեր, որոնք արտասահմանյան փորձերով ուղղակի մոտիվացնում են մարդկանց: Բայց երբ վերադառնում ես հայաստանյան իրականություն, մտածում ես, որ այդ կերպ քո երկրում հաջողություն չես գրանցի: «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքն առարկայական ուղեցույց է, որտեղ հեղինակը 200 օրինակով  փաստում է, որ պետք է հիմնես քո բիզնեսը Հայաստանում ու այնուհետ թափանցես համաշխարհային շուկա: Իսկ սրանք իրականացնելու համար նա կոնկրետ խորհուրդներ է տալիս:

Հեղինակն իր հարցազրույցներում  ասել է, որ Ձեզ հետ խորհրդակցելուց հետո գրքում ևս մեկ գլուխ է ավելացվել: Ի՞նչ խորհրդակցության մասին էր խոսքը, և ի՞նչ գլուխ նկատի ուներ նա:

-Վերջին օրն էր արդեն, երբ պետք է գիրքն ավարտուն տեսքի բերեի, հեղինակն ինձ հրավիրեց հանդիպման ու կարծիքս հարցրեց՝ արդյո՞ք ամեն ինչ լավ է: Ասացի՝ ճիշտ է, գիրքը ահռելի տեղեկատվություն է պարունակում ու տալիս բազմաթիվ հարցերի պատասխաններ, բայց մի բանի կարիք կա կարծես. բեսթսելլեր դառնալու համար գրքին պակասում է մոտիվացիայի մասին գլուխը, որը հանրության ավելի մեծ մասսաներին կգրավի: Այդպես էլ արեցինք: Արդյունքում եղավ 21+1 գլուխ:

 

 

Նելլի Մելքոնյան

3-րդ կուրս

Կիսվել