ՌԻՄԱ ՏԱՏԸ

ՌԻՄԱ ՏԱՏԸ

1570

-Նարինե՛, քամիչը բեր էսյան:

-Հեսա մա…

-Մարյա՛մ, արի՛, թանձիֆը բռնա՛:

-Էկա տատի

Ռիման, չէ Գեղեցիկը վաթսունյոթ տարեկան է, շատ շուտ է ամուսնացել, hինգ երեխա ունի:

-Սևա՛կ, փեդը բեր:

Ամեն առավոտ կովերը կթելու ընթացքում միշտ ինչ-որ բան է փսփսում, երգում է, գուցե՞ չհասկացվող ինչ-որ երգ երիտասարդության մասին:

Կոլխոզի ժամանակ շատ ջահել էր, հինգ երեխայի մայր, ֆերմայի վարիչի կին ու ամենալավ կթվորուհիներից: Մայրս պատում է, թե ինչպես մի անգամ բեր գնալու մեքենայից ընդամենը մի րոպե ուշանալու պատճառով վարորդը չի սպասել ու քշել է սարը՝ բերանոց, ու Ռիման մեքենային հավասար, ոտքով հասել է սար, որ մնացած կթվորուհիների հետ ոչխարին բեր տա:

-Բակը, օգնե՛ք, մինակ չեմ կանա, այ որ ջահել հլնի~…

Սաթո տատին՝ Ռիմայի ընկերուհին ու հարևանը պատմում է, որ ամեն տեսակ գործ արել են: Անտառից շալակել են չորացած քոթուկները ու մինչև գյուղ առանց հանգստանալու բերել են, որ հասցնեն էլի բերել, որ հանկարծ ձմռանը առանց վառելիք չմնան: Ասում է` ամբողջ աշուն մասուր էին հավաքում, որ վաճառեն, որ մի կոպեկ ավել առնեն, որ էդ կոպեկով տանը գոնե մի բան ավելացնեն:

Հարևանները պատմում են` չնայած այդքան շատ աշխատանքին «իրա պարյադըկը միշտ տեղն էր, յուղը, որ թափեիր գետնին կհավաքվեր»: Ասում են, որ եթե մտքին բան եղավ ասելու ոչ մեկին չի նայի, կասի, դուզը սիրող կնիկ է: Բայց ինձ համար, Ռիմայի մեջ միշտ մի բան է մնում չբացահայտված` ո՞նց է բոլորից լավ պանիր սարքում:

-Տատի, ասա էլի, ինչի՞ա քո պանիրն ուրիշ:

-Քա դե, տերդի հորիմ ի՞նչն է հուրիշ:

Չէ բայց, ինչ էլ ասի`մեկ է, ուրիշ է: Սարքում է բոլորի համար, տարբեր համերով, էլ կանաչիով, էլ պղպեղներով, էլ դաղձով, ուրձով, ամեն ինչով:

-Տատի՞:

-Ինաչա՞:

-Ինձ միքիչ քո պանիրց կտա՞ս:

-Քա ի՞նչ կուզես:Նարինը ըստուն պանիր բեր, գլոխս ցավցուց:

 

Մարիամ Ղազարյան

3-րդ հեռակա

Կիսվել