ՁԵՌԱԳՈՐԾ ԻՐԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԱՃԱՌՔ

ՁԵՌԱԳՈՐԾ ԻՐԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԱՃԱՌՔ

2168

Անուշահոտ օճառներ, կաշվե զարդեր, փայտե իրեր և այս ամենը միայն ձեռքով պատրաստված. դեկտեմբերի 2-ին «Հոդված 3» ակումբում ձեռագործ աշխատանքների իսկական փառատոն էր: «Արևածաղիկ handmade» թիմը հավաքել էր վարպետների, որոնք ցուցահանդես-վաճառքի միջոցով կարող էին  ներկայացնել իրենց աշխատանքները:

Ցուրտ ձմեռն Աստղիկն առաջարկում է տաք անցկացնել. Թիմը վայոցձորյան չորացված մասուր է ներկայացնում, որից կարելի է թեյ և հյութ պատրաստել: Իսկ ստացված հասույթը «Masoor» թիմը որոշել է տրամադրել Նոր Ազնաբերդ գյուղում երիտասարդական կենտրոնի բացմանը։

Թեև նոր ենք դիմավորել ձմեռը, սակայն Ամանորի շունչն արդեն զգացվում էր գրեթե բոլոր տաղավարներում:

«Toma’s Soap»-ը ներկայացնում էր ամենատարբեր պատկերներով և հոտերով օճառներ: Իսկ գույները ստանում են եղևնուց, շոկոլադից, նարնջից և այլն: Ամանորին ընդառաջ գնորդներին նաև հաճելի անակնկալ էին պատրաստել. պահում ես երազանք, ընտրում մեկ թղթիկ և հույսով սպասում, որ այն կիրականանա:

«Փայտիկ»-ի ձեռագործ իրերը անտարբեր չէին թողնում ոչ ոքի. փայտե բու, շուն, լուսանկարչական ապարատ և նույնիսկ իսկական հեռուստացույց. վարպետներն ասում են, որ աշխատում են բոլորը բնական փայտից պատրաստել, հետո լաքապատում են ավելի կոկիկ տեսք ստանալու համար: Կան աշխատանքներ, որոնք մեկ ժամում էլ հնարավոր է պատրաստել:

Իսկ հաջորդ սեղանին ասեղնագործ զարդեր էին ներկայացված, որոնց հեղինակ-վարպետը մանրամասնում է. «Իմ աշխատանքները հիմնականում ասեղնագործ են, լինեն զարդեր, թե բացիկներ: Երբեմն դրանց գծապատկերները ինքս եմ անում, իսկ երբեմն նախշերը համացանցից եմ վերցնում»:

«Արևածաղիկ handmade»-ի թիմի անդամ և ցուցահանդեսի կազմակերպիչ Արփինեն մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցահանդես-վաճառքն առաջին անգամ է կազմակերպվում, իրենք տարիներ շարունակ մասնակցել են տարբեր ցուցահանդեսների, իսկ այս անգամ որոշել են ինքնուրույն կազմակերպել: Նա նաև նշեց. «Մասնակիցներ կան թե՛ Երևանից և թե՛ մարզերից: Թեման կոնկրետ  չէ, այլ ազատ է: Հիմնական նպատակն այն էր, որ վարպետները ներկայացնեին իրենց գործերը, ովքեր այդքան էլ չեն մասնակցում տարբեր ցուցահանդես-վաճառքների»:

Ձեռագործ իրերի վարպետներն իրենց աշխատանքները հիմնականում ներկայացնում և վաճառում են սոցիալական կայքերի և տարբեր ցուցահանդեսների միջոցով:

 

 

Լիանա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել