ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

1402

Ամեն տարի դեկտեմբերի 5-ին աշխարհը նշում է կամավորների միջազգային օրը, որը 1985 թվականին հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Հայ կամավորներն ու կամավորական կազմակերպությունները 2016 թվականից սկսած կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ, որոնց նպատակն է համախմբել կամավորներին և համալրել նրանց շարքերը: Այս տարի դեկտեմբերի 5-ին «Հայ առաջադեմ երիտասարդություն» (Armenian Progressive Youth) հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «Կամավորների միջազգային օրը Հայաստանում» միջոցառումը, որին մասնակցում էին 18 հասարակական կազմակերպություններ և այլ երիտասարդական կառույցներ թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառման ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ և կիսելու  իրենց փորձը:

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության գործունեության մասին պատմեց միջազգային ծրագրերի համակարգող, միջոցառման կազմակերպիչներից Ադրինե Աղաբեկյանը. «Մեր կազմակերպության նպատակը երիտասարդների զարգացման ապահովումն է: Նրանք, մեր ծրագրի շրջանակներում զբաղվելով կամավորական աշխատանքներով, ավելի լավ են պատկերացնում իրենց հետագա քայլերն ու ապագան, կարողանում են իրագործել իրենց հետաքրքիր գաղափարները»:

Վերոնշյալ կազմակերպության գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը աշխատում է «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագրի շրջանակներում, որը հնարավորություն է տալիս Հայաստանում հյուրընկալել արտասահմանցի կամավորների, և հայ կամավորներն էլ հնարավորություն են ունենում մեկնել եվրոպական որևէ երկիր: Մինչ այսօր արտասահմանից շուրջ 50 կամավորներ են եկել Հայաստան, իսկ 70 հայ կամավորներ մեկնել են արտասահման: Կազմակերպիչները նշեցին նաև, որ կամավորները ֆինանսական աջակցություն են ստանում Եվրոպական միության կողմից:

«Կամավորական աշխատանքը օգնում է երիտասարդներին դառնալ ավելի ինքնուրույն, աշխատել տարբեր կազմակերպություններում՝ բնապահպանական, մշակութային, աշխատել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: Սա փոխշահավետ աշխատանք է,  որի միջոցով փորձում ենք Հայաստանում զարգացնել կամավորության մշակույթը», -ասաց Գրիգոր Երիցյանը:

 

 

Լիանա Եղիազարյան

3-րդ կուրս

Կիսվել