«ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԽՈՍՔԸ ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԷ». ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ

«ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԽՈՍՔԸ ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԷ». ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ

1673

«ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը պատմական իրադարձություն է»,-դեկտեմբերի 12-ին Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Նա, հիշեցնելով, թե ինչ վայրիվերումների հանդիպեց նախորդ համաձայնագիրը, շեշտեց. «ՀՀ-ն միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարողացավ ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիր»:

Ժոնաթան Լաքոթի հավաստմամբ՝ համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա Հայաստանին իր տնտեսական համակարգը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Դեսպանը նաև նշեց, որ այն կստիպի ՀՀ-ին իր տարածքում բարեփոխումներ իրականացնել: Ժոնաթան Լաքոթի խոսքով`այս նոր համաձայնագրով Հայաստանի բուհական հաստությունները հնարավորություն կստանան ունենալ մասնակցություն Եվրոպական ընդհանուր գիտահետազոտական ծրագրերին։

Լրագրողների դիտարկմանը՝ հակառակ դեսպանի պնդմանը, թե համաձայնագիրը պատմական է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թերահավատորեն է մոտենում, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը փոփոխություն կբերի ՀՀ-ում և Ադրբեջանում, քանի որ ըստ նրա՝ այդ երկրներում մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանեց. «Այո՛, Ռուսաստանը ներկա է Հայաստանի տնտեսական համայնապատկերում, սակայն մենք նույնպես ուզում ենք մեր աջակցությունն ունենալ այդ տնտեսության զարգացման գործում»: Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ դեսպանը կարծիք հայտնեց. «Ինձ զարմացրել է, թե ինչ աստիճան խորն է նստած հակամարտությունը հայ հասարակության մեջ: Ըստ իմ ունեցած տվյալների՝ տարեսկզբից մինչ այժմ սահմանին գրանցվել է 57 զոհ: Սա սառեցված հակամարտություն չէ, այլ իրական հակամարտություն, որը ծանր կշիռ ունի Հայաստանի վրա: Սա այն հակամարտությունն է, որին Ֆրանսիայի ղեկավարությունը բարձր մակարդակով շատ ուշադիր հետևում է»:

Հակամարտությունը պետք է կարգավորվի 3 հիմնական սկզբունքների հիման վրա` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության պահպանում և ազգերի ինքնորոշման իրավունք: Խոսելով վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ Ժոնաթան Լաքոթը նշեց, որ այն ներառված չէ համաձայնագրով սահմանված կետերի մեջ, բայց այդ գործընթացն իրականացնելու համար ևս աշխատանքներ են տարվում. «Այն երկար գործընթաց է, և քննարկումները պետք է սկսեն ոչ թե Բրյուսելում, այլ հենց Հայաստանում»:

 

Արուս Միրզոյան

Մոնիկա Մամյան

Մարիամ Պետրոսյան

Գեղեցիկ Ոսկանյան

2-րդ կուրս

Կիսվել