ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԻՐԵՐ՝ ԱՎԱՆԴԱԿԱՆ CHRISTMAS FEST-ՈՒՄ

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԻՐԵՐ՝ ԱՎԱՆԴԱԿԱՆ CHRISTMAS FEST-ՈՒՄ

1748

Դեկտեմբերի 9-ին Անի Պլազա հյուրանոցում կայացավ Christmas Fest ամենամյա ծրագիրը: «Բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են ամանորյա յուրօրինակ նվերներ» գաղափարի շուրջ մի վայրում էին հավաքվել անհատ ստեղծագործողներ, տարբեր ընկերություններ եւ բրենդներ:

Կազմակերպիչ Մարիաննա Բեկչյանը պատմեց, որ ծրագիրը նախկինում անցկացվում էր Հայաստանում դեսպանությունների ներկայացուցիչների համար, ովքեր ներկայացնում էին իրենց երկրների խոհանոցներն ու ազգային հուշանվերները: Հետո որոշվեց նույնն անել հայկական արտադրողների մասնակցությամբ. «Եթե մի ժամանակ ես էի զանգում արտադրողներին եւ տեղեկացնում ծրագրի մասին, ապա այսօր արդեն նրանք են շատ շուտ արձագանքում: Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի մասնակիցների 60 տոկոս աճ ունենք: Ես ուրախ եմ, որ մարդիկ ուզում են մասնակցել, որովհետեւ նրանք ստեղծողն են այնպիսի գեղեցիկ ու յուրօրինակ իրերի, որոնք ոչ մի խանութում չենք գտնի», – ասում է նա:

Այս ցուցահանդեսը տարբերվում էր նրանով, որ մեկ վայրում ներկայացված էին ոչ միայն ձեռագործ աշխատանքներ, այլեւ մայրաքաղաքի ժամանցային վայրերում առաջարկվող նոր ապրանքատեսակներ, համեղ խորտիկներ և բազմաթիվ այլ ծառայություններ:

Բեկչյանը նշեց նաեւ, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս ցուցահանդեսում տեղ էր հատկացվել բարեգործական կազմակերպություններին՝ այս կերպ փորձելով օգտակար լինել նրանց: Դրանցից էր նաեւ «Կարմիր Խաչը», որն առաջարկում էր այցելուներին գնել ամանորյա բացիկներից մեկը (postcard), ինչը ուղղակիորեն հանգանակություն էր դառնում «Նվիրիր հույս» խորագրով ծրագրին. «Ծրագիրը ներառում է օգնություն սահմանամերձ գոտիների բնակիչներին եւ հատկապես երեխաներին, ինչպես նաեւ՝ առաջին օգնության դասավանդում, հանրակացարանաբնակ երեխաների ամանորյա նվերների պատրաստում և միայնակ ծերերի ջեռուցման խնդիրների լուծում»,- նշեց ընկերության կամավոր Գայանե Աղումյանը:

«Կանանց աջակցության կենտրոն»-ի սոցիալական աշխատող Ալվարդ Կարապետյանն էլ պատմեց, որ իրենք ներկայացնում են կենտրոնի կանանցից մեկի՝ Շուշանիկ Հեպինյանի ձեռքի աշխատանքները՝ փայտե տիկնիկներ, շարֆեր, ամանորյա իրեր. «Մենք իրականացրել ենք բռնության ենթարկված կանանց տնտեսական հզորացման մի ծրագիր, որի շրջանակներում կնոջը բիզնես գիտելիքներ տալուց բացի նաեւ նվիրատվություն է եղել իրենց փոքրիկ բիզնեսը սկսելու համար: Շուշանիկի ներկայացված բիզնեսը դրանցից մեկն է»:

Անհատ ստեղծագործող Նարե Ճաղարյանն էլ, ով հայտնի է Pechik անվամբ, երրորդ անգամ է մասնակցում Christmas Fest-ին. «Ծրագիրը հարթակ է տրամադրում անհատ ստեղծագործողներիս, որպեսզի մենք կարողանանք մարդկանց ներկայացնել մեր աշխատանքները: Ես, օրինակ, մասնագիտությամբ կավագործ եմ, կավագործությունն ու խեցեգործությունը տասը տարեկանից իմ հոբին են եղել, բայց որպես բիզնես՝ երկու տարի է, ինչ զբաղվում եմ»:

Ցուցահանդես-վաճառքը, որ կազմակերպվում էր վեցերորդ տարին անընդմեջ, փակվեց նույն օրը՝ երեկոյան` մինչ այդ բոլոր մասնակիցներին փոխանցելով նախատոնական տրամադրություն:

Միլենա Խաչիկյան

2-րդ կուրս

Կիսվել