ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ, ՓՐԿԻՐ ԿՅԱՆՔ. ԳՐՔԱՀԱՎԱՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՆՎԻՐԻՐ ԳԻՐՔ, ՓՐԿԻՐ ԿՅԱՆՔ. ԳՐՔԱՀԱՎԱՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

1594

MYbookstore օնլայն գրախանութի և MYcorner հակասրճարան-գրախանութի հիմնադիր Լևոն Ստեփանյանը ամանորյա տոներին ընդառաջ՝ Երևան մոլ առևտրի կենտրոնում, կազմակերպում է գրքաշատ բարեգործական միջոցառում՝ «Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը» խորագրով:

«Գրքահավաքի նպատակն այն է, որ մարդկանց տներից հավաքագրենք այն բոլոր գրքերը, որոնք իրենց արդեն «պետք չեն», ասենք մի քանի հատ ունեն նույնից, կամ ուղղակի գրադարանը թարմացնելու կարիք ունեն ու ուզում են այդ գրքերն իրենց տանից դուրս հանել,-ասում է Լևոնը, հետո հավելում»,- առաջին նպատակը դա էր, իսկ երկրորդն արդեն, թե ինչ անել այդ գրքերը. քանի որ MYbookstore-ը հին գրքերի վաճառքով չի զբաղվում, հետևաբար գրքերը կամ պետք է նվիրվեին, կամ ինչ-որ խողովակով դառնային լծակ՝ լավ բան անելու համար:

Լևոնը տեղեկանալով #FUND100 բարեգործական հիմնադրամի մասին,որն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին, որոշում է նույնպես միանալ այդ նախաձեռնությանը եւ օգնել երեխաներին: «Որովհետև նրանք արժանի են ու մեղավոր չեն, որ հիվանդ են ծնվել կամ հիվանդությունը ձեռք են բերել: Մենք էլ դե այս կերպ մեր փոքր ներդրումը կունենանք այդ բարի գործում», – ասում է նա:

Գրքահավաքի այս ծրագիրն առաջին անգամը չէ, որ կյանքի է կոչվում, քանի որ անցած տարի ևս գրքահավաք էր եղել, որի ժամանակ գրքերի քանակը հատել էր հազարի սահմանը:

«Նախորդ տարի շատերը չհասցրին միանալ ու մասնակցել, չնայած հավաքված գրքերից 900-ը սպառվեցին, իսկ մնացած 400 -ը ուղարկեցինք Քարվաճառի զորամաս: Այս տարի, եթե գրքեր ավելանան, կհասկանանք, թե որտեղ դրանց կարիքը կա (գրադարաններ, սահմանամերձ գյուղեր, մշակութային կենտրոններ) , որովհետև զորամասերում միշտ չէ որ կարդալու ժամանակ է լինում, տղաները ավելի շատ մարտական պատրաստությանն են ուշադրություն դարձնում»,- ասում է Լեւոնը:

Ցուցահանդեսը բաց էր տասներկու ժամ, որի ընթացքում կար հյուրասիրություն, հանդիպումներ մեկ տասնյակից ավել ժամանակակից գրողների ու գրականագետների հետ:

Այդ ընթացքում մարդիկ կարող էին մոտենալ, վերցնել գրքեր՝ փոխարենը դրված արկղերի մեջ թողնելով սիմվոլիկ գումար՝ սկսած 500 դրամից:

Այս տարի նախաձեռնության գործընկերներն են «Երևան մոլը», «#gg» ընկերությունը և «Հայաստանի մշակութային հիմնադրամը»:

«Միանալով ակցիային մարդիկ նախ գրքերին կնվիրեն նոր կյանք, իսկ հետո ևս մեկ փոքրիկի կվերադարձնեն իր անհոգ ու առողջ մանկությունը»,- ասում է Լևոնը:

Հավաքված ողջ գումարը բոլորի ներկայությամբ փոխանցվեց քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանն ուղղված #FUND100 բարեգործական հիմնադրամին:

 

Իննա Թումանյան

2-րդ կուրս

Կիսվել