«ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է ՝ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻՆԻ»,-ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

«ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է ՝ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻՆԻ»,-ԱՐՄԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

2250

Դեկտեմբերի 11-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ էր հյուրընկալվել լրագրող, «ՊանԱրմենիան Մեդիա հոլդինգի» տնօրենի նախկին տեղակալ, գրող Արման Սաղաթելյանը։ Հանդիպման առիթը «Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմն էր, որը հեղինակը անձամբ է նկարել պատերազմով բռնկված Սիրիայում և որում ներկայացնում է սիրիահայ համայնքի խնդիրները։ Հանդիպմանը ներկա ուսանողները հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը, որից հետո սկսեցին հետաքրքրվել դրա նախապատմությամբ, հեղինակի զգայական աշխարհով, նկարահանումների վախերով և այլն։

Պարոն Սաղաթելյանն այս նախաձեռնությունն ավելի շատ պարտավորություն է բնորոշում։ «ՊանԱրմենիան Մեդիա հոլդինգը» որոշեց անպայման Սիրիայից սեփական նյութեր ունենալ։ Սակայն երկար ժամանակ չէր որոշվում, թե ով պետք է անի այդ գործը։ «Ես չէի կարող ուղարկել ուրիշ մեկին. մինչև գային-հասնեին՝ կես մարդ կլինեի։ Դա շատ մեծ պատասխանատվություն է, դրա համար որոշեցի. ինչ լինում է ՝ ղեկավարներին լինի»,- հավելեց ֆիլմի հեղինակը։

Հալեպ գնալու ճանապարհի վախերի մասին խոսելիս, պարոն Սաղաթելյանը մի դեպք նշեց, որը կարող էր ավելի վատ ավարտ ունենալ։ «Գնում էինք բեռնատար ինքնաթիռով, ինչ-որ ձայներ էի լսում, բայց չէի հասկանում, թե որտեղից։ Հետո ներսում գտնվողներից մեկը նկատեց, որ ավտոմատով էին կրակում ինքնաթիռին։ Ոչ մի բան չասացի, որպեսզի խուճապ չսկսվի ներսում։ Ավտոմատով ինքնաթիռին կրակելը կարծես նման լինի տիրի հրացանով փղին կրակելուն, բայց դե հնարավոր է  ուրիշ ավելի հզոր բանով կրակ բաց թողնեին, ու ամեն ինչ ավելի վատ ավարտ ունենար»։

Պարոն Սաղաթելյանը կարծում է, որ Սիրիան այն երկիրն է, ուր մենք պարտավոր էինք գնալ, տեղում հասկանալ իրավիճակն ու ցույց տալ հանրությանը։ «Ինչու՞ մեր համայնքի մասին պիտի ուրիշներից իմանանք։ Միգուցե պետք է հակառակը լինի. ոչ թե մենք ռուսներից իմանանք, այլ ռուսները` մեզնից»։

Ի դեպ, նշեմ, որ Արման Սաղաթելյանի աշխատանքը «Ռոսիա» ալիքի «Վեստի նեդելի» լրատվական թողարկման ռեպորտաշներից մեկն էր դարձել։

 

Մերի Կիրակոսյան

3-րդ կուրս

Կիսվել