ՀԱՅԻ ՀԱՑԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՀՈՂԻՑ, ԴԱՇՏԻՑ, ՀՈՐՈՎԵԼԻՑ, ԽԱՉ ՈՒ ԱՂՈԹՔԻՑ

ՀԱՅԻ ՀԱՑԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՀՈՂԻՑ, ԴԱՇՏԻՑ, ՀՈՐՈՎԵԼԻՑ, ԽԱՉ ՈՒ ԱՂՈԹՔԻՑ

8996

Ալյուրը մաղում ենք, ջուրը եռացնում, աղը, դրոժը գցում ենք ու հետո քիչ-քիչ ջուրը լցնում ենք ալյուրի մեջ ու ձեռքով շաղաղում։ Հունցում ենք հունցում՝ մինչև համասեռ խմոր դառնա։ Այնուհետև սպասում ենք ժամ, ժամ ու կես, որ թթվի։

Արմինեենց տան շրջակայքի օդն ամեն օր հագենում է թոնրի կրակի հոտով։

Նրանց տանն ամեն օր հաց են թխում. ավելի համեղ է ու կշտացնող, հետո էլ երեխաներն են ստիպում, ուզում են նոր թխված, տաք-տաք համտեսել։

Հացը հայի համար հանապազօրյա կերակուր է, պատմություն, մշակույթ։

Ինչպես նշում է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին՝ հացն ընդունվում է որպես աստվածություն՝ կապված Հիսուս Քրիստոսի հետ։

«Հիսուսի ծնունդը, նրա առաքինությունը, տառապանքը և հարություն առնելը կապվում են հացի ստեղծման հետ։ Ցորենը հնձում են, ալյուր սարքում, խմոր անում, իսկ կրակի մեջ դնելուց հետո, այն վերակենդանանում է՝ կարծես երկուսն էլ արժանանում են նույն ճակատագրին։ Հացը կերակրում է մարդուն, իսկ Քրիստոս՝ ճշմարիտ խոսքն է մարդկությանը»։

Ազգագրագետի խոսքերով՝ հենց այդ պատճառով մեր ընտանիքներում շատ են ասում․ հացը թարս չեն դնի, հացը գետնին գցելը մեղք է, այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:

Այն կարևոր տեղ է զբաղեցնում նաև հայ Եկեղեցու աստվածապաշտական արարողություններում։

Խորհրդավոր Ընթրիքի սեղանի շուրջ Քրիստոս վերցրեց հացը, օրհնեց այն, կտրեց և տվեց Իր աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»։

Նրա խորհրդին հանդիպում ենք նաև Տնօրհնեքի կարգ կատարելիս։ Քահանան օրհնում է տան աղը, հացը և ջուրը: Այս երեքը համարվում են բոլոր տների հիմնական բարիքները, որոնք օրհնելով՝ քահանան խնդրում է Տիրոջից, որ այդ ընտանիքի մեջ բազմապատկվեն բարիքները։

Չնայած, որ յուրաքանչյուր ընտանիքում սեղանի վրա հացն անպակաս է, կան մարդիկ, որ ընդհանրապես չեն օգտագործում այն։

Մարիամ Ավետիսյանը հաց չի օգտագործում վաղ տարիքից, խոստովանում է, որ պատճառը դիետաները չեն, ուղղակի իրեն դուր չի գալիս համը։

«Մի քանի անգամ փորձել եմ, բայց կերակուրս վերջացնել չի ստացվել։ Հաց, լավաշ ուտելուց հետո, այլ բան ուտելու դեպքում ինձ վատ եմ զգում»։

Հաց չի օգտագործում նաև 30-ամյա Էլեն Սահակյանը, բայց պատճառն այս անգամ ուրիշ է․ հեշտությամբ գիրանում է։

«Փորձում եմ ամեն-ինչ առանց հացի ուտել, ճիշտ է, դժվար է ստացվում, քանի որ փոքր տարիքից այդպես եմ սնվել»։

Նրանց հակառակ՝ Ինեսա Մկրտչյանը գիրանալու մասին չի մտածում։

«Առանց հացի երբեք սեղան չենք նստում։ Միևնույն է, ինչքան էլ, որ համտեսեմ այլ ուտելիքներ, քանի դեռ հաց չեմ կերել, թվում է, թե սոված եմ»։

Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2-րդ հազարամյակներում: Այդ են վկայում մի շարք հնավայրերի` Շենգավիթի, Մոխրաբլրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները: Միջնադարյան Հայաստանում թոնիրներից բացի հացը թխում էին նաև սաջի` հատուկ մետաղաթիթեղի վրա: Տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, իհարկե, մեր նշանավոր լավաշը:

Ըստ ավանդության՝ խմորը հունցողը վերջում խմորի վրա ձեռքով «խաչ է» անում, հետո ծածկում այն: Խմորը հունցում է տան ավագ կինը՝ մեծ մայրը, ում օգնում են ավագ հարսն ու հարևան կանայք: Լավաշը թխում են վաղ առավոտյան, կրակը թոնրում վառում են աղոթրանին՝ այսինքն արևածագին: Վառած թոնրի շուրջը հատուկ կարգ ու կանոն է սահմանված. թոնրատան մաքրությունը սկսվում է բարիլույսի աղոթքներով, բարեմաղթանքներով, արգելված են վատ խոսքերը: Ըստ ծիսակարգի՝ ոչ մի տղամարդ չպետք է գտնվի թոնրի մոտ, հակառակ դեպքում հացը կպոկվի ու կընկնի կրակի մեջ՝ կուտ կգնա:

Հայի հացը սկսվում է հողից, հատիկից, դաշտից, հորովելից, խաչ ու աղոթքից։

Հիմա հոլովելը փոխվել է, բայց հաց թխելու գեղեցիկ սովորությունը մինչ օրս պահպանվում է։

Ինչպես Արմինեն է ասում՝ կարևորը ալյուրը շատ սառած չլինի, ջուրն էլ շատ եռման, ու երկար հունցես, ինչքան երկար ենքան լավ։

 

Անի Ավագյան

3-րդ կուրս

Կիսվել