ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԻՆԵԼ

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԻՆԵԼ

2135

Ֆտալատի կիրառումը և նրանից բխող վտանգները.

Հինգամյա Շաքեն ամենից շատ հենց պլաստմասե խաղալիքներով է խաղում ու ամեն անգամ հայրիկին պարտադրում՝ նոր հերոսի կերպարով գնել։

Երեխայի սիրելի խաղընկերը, պարզվում է, որ կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար: Հայաստանում վերջերս իրականացրած ուսումնասիրության արդյունքում չինական պլաստմասե խաղալիքների մեջ հայտնաբերվեցին ֆտալատի չափազանց բարձր կոնցենտրացիաներ։

Այս մասին հայտարարեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը:

Այս նյութերը վնասում են հատկապես դեռահասներին և երեխաներին։ Ներթափանցելով օրգանիզմ՝ ֆտալատները ախտահարում են լյարդը, երիկամները, առաջացնում են քաղցկեղ, նյութափոխանակության խանգարումներ, հորմոնալ խախտումներ՝ ընդհուպ մինչև անպտղություն և այլն։

«Հայաստանից գնված երկու խաղալիքներից մեկը եղել է ընդհանրապես առանց փաթեթավորման, իսկ մյուսի վրա հստակ գրված չէր, թե ինչ նյութեր է պարունակում»,- նշեց Քնարիկ Գրիգորյանը:

Փորձագետի խոսքերով՝ երեխաների մոտ խնդիներն ի հայտ կգան սեռահասունության տարիքում, երբ անհրաժեշտ կլինի մեծ գումարներ ծախսել դրանք բուժելու համար։

Շաքեի մայրը՝ Անահիտ Գրիգորյանը, խոստովանում է, որ մանկական իրեր գնելիս, սերտիֆիկատներին ուշադրություն չի դարձնում, կարևորն այն է, որ դրանք գեղեցիկ տեսք ունենան, որպեսզի գրավեն երեխայի ուշադրությունը։

Նրան հակառակ՝ շատ ծնողներ նախընտրում են գնել մանկական իրեր միայն խաղալիքների մասնագիտացված կենտրոններից, որոնց մոտ խախտումներ չեն արձանագրվել։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության գիտաշխատողը հավելեց, որ այս տարի ուսումնասիրվել են ոչ բրենդային խանութներից գնված, ավելի մատչելի պլաստմասե իրերը, որոնք հիմնականում բերվում են Չինաստանից։ Սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ մասնագիտացված կենտրոններում խախտումներ չեն գրանցվում, օրինակ՝ «Չիկո կամ տեղական արտադրանք ունեցող «Մանկան»-ում։

Խաղալիքների միջոցով երեխաները ճանաչում են շրջակա աշխարհը, սովորում են շփվել, արտահայտել զգացմունքներ, սակայն ոչ միշտ է, որ այդ իրերը օգնում են մանուկներին, հաճախ դրանք ունենում են հակառակ ազդեցություն։

Մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը հորդորում է ուշադիր լինել նաև նրան, թե որ տարիքում ինչ խաղալիք է հարկավոր երեխային և գնել միայն տարիքին համապատասխանը։

«Ութ տարեկանի համար նախատեսված կոնստրուկտորները վտանգավոր են մեկ տարեկան երեխայի համար, քանի որ մանր բեկորները կուլ տալով, կարող են վնասել շնչուղիները, կարևոր է նաև ցանկացած խաղալիք գնելուց հետո լվանալ այն և նոր օգտագործել»։

Մասնագետը ևս հորդորում է՝ չգնել կասկածելի հոտով, անհարթություններով և առանց սերտիֆիկատների իրեր։

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Մանկական խաղալիքների, խաղերի, արտադրության և իրացման» սանիտարական կանոնները հաստատելու մասին հրամանում նշվում է, որ թույլատրելի է ֆտալատի շատ քիչ քանակությունը։ Սակայն հասարակական կազմակերպության գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը ցույց է տալիս Մաքսային միության երկրների «Խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգում» հաստատված ստանդարտները, ըստ որի՝ արգելվում է օգտագործել ֆտալատը խաղալիքների արտադրության մեջ։

«Այսօր, երբ գիտենք, որ ֆտալատը կուտակվում է ճարպային հյուսվածքում, նման է կանանց հորմոնների, բերում է անպտղության, արժե՞արդյոք, օրգանիզմն օրեկան մի քանի գրամ կերակրել այսպիսի նյութով»,- նշում է փորձագետը։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը արդեն դիմել է մի շարք կազմակերպությունների և նախարարությունների՝ բաց նամակ ուղարկելով Տնտեսական զարգացման ներդրումների նախարար Սուրեն Կարայանին և Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին։ Սակայն Առողջապահության նախարարությունից եկած պատասխանը բացասական է եղել, ըստ որի՝ մանկական խաղալիքների տեխնիկական կանոնակարգերի խստացման խնդրի կարգավորումը դուրս է նրանց իրավասության շրջանակներից։ Համապատասխանաբար հարցին լուծում տալու համար դիմում է ուղարկվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության։

 

Անի Ավագյան

3-րդ կուրս

Կիսվել