Մերձավոր Արևելքում ծնունդ առած նարգիլե ծխելու սովորույթն այսօր նորաձև է ողջ աշխարհում: Այն ստեղծվել է Հնդկաստանում և մեծ տարածում գտել իսլամական երկրներում, իսկ 19-րդ դարից արդեն՝ Եվրոպայում:
Հայ երիտասարդները նույնպես հետևում են նորաձևության այս տեսակին մտածելով, որ նարգիլեն վնասակար չէ և ծխախոտի փոխարեն նախընտրում են այն: Այդպես է մտածում նաև մեր զրուցակիցը:
«Ես չեմ նախընտրում նարգիլե ծխել, այլ ուզում եմ, քանի որ այն ավելի համեղ է և բարձրացնում է տրամադրությունս: Ես ծխում եմ օրը 4 անգամ: Երբ առաջին անգամ ծխեցի նարգիլե, իսկ այդ եղել է 11 տարեկանում, ինձ վատ եմ զգացել՝ ուշաթափվել եմ»:
Բայց արդյոք նարգիլեն նույնքան վնասակար չէ որքան ծխախոտ ծխելը: Նարգիլեի սիրահարներից շատերին մտահոգում է այս հարցը:
Եգիպտացի բժիշկ-գիտնականները փորձել են պարզել այս հարցի պատասխանը և կատարել հետազոտություն, որից պարզ դարձավ, որ նարգիլեի վնասը այնքան մեծ է, որ ծխելով 25 գրամ կալյանի թութուն, այսինքն մեկ սովորական չափաբաժին կալյան, մարդը իրեն թունավորում է 60 ծխախոտին համարժեք ծխով (3 տուփ): Նարգիլե ծխողների շրջապատում գտնվելը չծխող մարդու համար հավասար է պասիվ ծխողի կարգավիճակին` այն նույնպես վնասակար է առողջության համար:
Գիտնականները պարզել են, որ ծխելու ժամանակ նարգիլեի ջուրը նստեցնում է խեժը և սառեցնում է ծուխը: Նարգիլեի տաբակի առավելությունն այն է, որ վառվում է, սակայն չի այրվում ծխախոտի պես: Կես ժամ ծխելով նարգիլե մարդը ստանում է այնքան նիկոտին, որքան ֆիլտրով երկու թունդ գլանակից:
Սարգիսը, ով աշխատում է Երևանյան փաբերից մեկում, խոսեց այն մասին, թե ինչպես են պատրաստում նարգիլե:
«Նախ հաճախորդի հետ ընտրում ենք համը, որից հետո ֆոլգայով այն փակում եմ, հատուկ ասեղով մի քանի անգամ ծակում եմ, ածուխները դնում եմ վրան և համով նարգիլեն պատրաստ է: Ծխելու ընթացքում պետք է ուշադիր լինես ածուխներին, մեկ-մեկ փոխել, որ ծխելու ժամանակ կոկորդում խեղդոց չառաջանա: Կարելի է ասել, որ կալյանի լավ համի գաղտնիքը հենց դրանում է»:
Երևանում կա մասնագիտացված նարգիլեի խանութ-սրահ, որտեղից կարելի է գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է տան պայմաններում նարգիլե պատրաստելու համար: Օրեցօր ավելանում են այն սրճարաններն ու փաբերը, որտեղ հաջախորդներին առաջարկում են տարբեր համերով նարգիլեներ: Երևանյան սրճարաններում հաճախ կարելի է տեսնել նարգիլե ծխող թե´ աղջիկների, թե´ տղաների, ովքեր սիրում են արևելյան այս մշակույթը: Նյութս պատրաստելու ընթացքում շատ լսեցի այն կարծրատիպը, որ հայ աղջկան վայել չէ նարգիլե ծխելը հասարակական վայրերում, և որ այն կարծես աղավաղում է հայ առաքինի կնոջ կերպարը, բայց շատ աղջիկներ կարծես ցանկանում են կոտրել այս կարծրատիպը, ինչպես օրինակ Արմինե Զաքարյանը.
«Մեր հասարակության մեջ կա այդպիսի կարծիք, որ ծխող աղջկա կերպարը, վատ աղջկա կերպարն է, սակայն կարող եմ ասել, որ վերջին ժամանակներում մի փոքր կոտրվել է այդ կարծրատիպը, որովհետև շատ հաճախ եմ տեսնում սրճարաններում` կինը ամուսնու կողքը նստած ծխում է, և ամուսինը շատ նորմալ է նայում դրան»:
Շատ են նաև հակառակ կարծիք արտահայտողները:
«Դեմ եմ, որովհետև հայ աղջկան չի սազում որևէ հասարակական վայրում նստել ու ծխել, միանգամայն աղավաղվում է նրա առաքինի կերպարը»:
Կողմ թե դեմ, միևնույն է մայրաքաղաքի սրճարանները շարունակում են ամեն երեկո առաջարկել նարգիլեներ նոր համերով և դիզայնով:
Թամարա Վարդանյան
2-րդ կուրս