«ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ ԱՂՈԹԵՑԻՆ»

«ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ ՄԵԶ ՀԵՏ ԱՂՈԹԵՑԻՆ»

1744

«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնը մեկնարկել է դեռ 2012 թվականին՝ նպատակ ունենալով մարզերում, սահմանամերձ գյուղերում ապրող պատանիների և երիտասարդների համար հասանելի դարձնել բարձր մակարդակի մասնագետների և պրոֆեսորների կողմից ուսուցանումը։ Հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու վերածնունդը Հայաստանում և սփյուռքում «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի գլխավոր նպատակն է։ Հիմնադրամը մինչ օրս իրականացրել է մի շարք ուշագրավ մշակութային նախագծեր, ծրագրեր:

«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի հիմնադրի՝ Սուսաննա Բաղդասարյանի խոսքով՝ մրցույթ-փառատոնից և ծրագրից բացի` «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամը ձեռնամուխ է լինում ոչ ֆորմալ կրթության։ «Կոմիտասի» անվան կոնսերվատորիայի պրոֆեսորների կողմից մասնակիցները ստանում են ուղղումներ-դասընթացներ, որոնց նպատակը ճիշտ ուղվածություն դնելն է։

2012 թվականին «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի մրցույթ-փառատոնին մասնակցում էին 16-32 տարեկան 3000-ից ավելի մասնակիցներ։ Արդյունքում ՀՀ-ից և ԱՀ-ից ձևավորվեց մի խումբ, որը 2013 թվականին արժանացավ Բուլղարիայում կայացած համաշխարհային ֆոլկ մրցույթ-փառատոնի ոսկե մեդալին, Ոսկե քնարին, իսկ խմբի անդամները՝ անհատական դափնեկրի դիպլոմներին։

«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի «Զվարթնոց» հայ երգի խմբի մենակատար Անուշ Աղաջանյանի հետ զրույցում փորձեցինք մանրամասն տեղեկանալ հիմնադրամի գործնեությունից և պարզել՝ ինչ փոփոխություններ է  «Զվարթնոցը» կատարել երգչուհու կյանքում։

-«Զվարթնոց վերածննդի»  հիմնադրամին  անդամակցելը նպաստե՞ց Ձեր երգարվեստի առաջխաղացմանը։

-Անշուշտ, հիմնադրամին անդամակցելը նպաստեց իմ երգարվեստի առաջխաղացմանը։ Ոչ միայն իմ, այլև Հայստանի գրեթե բոլոր մարզերում ապրող այն երիտասարդների, ովքեր  «Զվարթնոց» խմբի անդամներն են։

 Մի փոքր խոսեք «Զվարթնոցի» համերգաշարերից։

-Համերգաշարի մեկնարկը տվեցինք Հայաստանում` Գևորգյան Ճեմարանում հոգևոր դասի համար, որտեղ «Զվարթնոց» խմբի մենակատարները ելույթ ունեցան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ։ Սյունիքում ելույթ ենք ունեցել Սիսիանի «Համո Սահյանի» անվան  մշակույթի տան ժող.գործիքների համույթի նվագակցությամբ, Վանաձորում՝ «Հորովել» նվագախմբի հետ։ Արցախի անկախության 25 ամյակին նվիրված՝ համերգներով ելույթ ենք ունեցել Արցախի մի քանի սահմանամերձ գյուղերում և զորամասերում։ 2015 թ․-ին «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի «Զվարթնոց»  հայ երգի խմբի մենակատարները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Աղոթքով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված երիտասարդների շութերից» խորագրով ելույթ ունեցանք Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի երիտասարդական պետական նվագախմբի հետ։ Նույն թվականին համերգներով ելույթ ենք ունեցել Իսրայելում, Եգիպտոսում, Հորդանանում։ Ամենուր խումբը ելույթ է ունեցել արվեստի վաստակավոր արտիստների նվագակցությամբ, ինչպիսիք են՝ Արտեմ Խաչատուրը, Վարդան Բաղդասարյանը, Սարո Պողոսյանը, Հովիկ Օգանեզովը, Մարգարիտ Սարգսյանը, Կամո Խաչատրյանը։ 2017 թ․-ին Մշակույթի նախարարության «Մշակույթային կանգառ» ծրագրի շրջանակներում ելույթներով հանդես ենք եկել Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ քաղաքներում, գյուղերում և զորամասերում։ 2017 թ․-ին Հայ-Ավստրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված՝ « Զվարթնոց» խումբը սեպտեմբերի 21-ին ելույթ ունեցավ Ավստրիայում՝ Վիեննա քաղաքում, այնուհետև համերգները շարունակվեցին նաև Չեխիայում և Սլովակիայում։

-Դուք  ներկայացնում եք ազգային-ժողովրդական երգարվեստը, իսկ փորձե՞լ եք այլ ոճի մեջ հանդես գալ։

-Իհարկե ոչ։ Եթե ազգային մշակույթի կրողներ ենք պարտավորենք երգել, ներկայացնել և տարածել հայկական մշակույթը, հայ երգը՝ հայկական ազգային, դասական, ժողովրդական և հոգևոր երգը, ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

-2015 թվականին  «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի  «Զվարթնոց» խմբի մասնակիցներով բարձրացրիք Հայոց ցեղասպանության հարցը։ Դա ստացա՞վ խնդրի լուծում։

-«Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի «Զվարթնոց» հայ երգի մենակատարների խումբը Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրեց երգով և աղոթեց մեր անմեղ զոհերի հիշատակի համար ցույց տալով, որ եղեռնազարկ հայի ոգին անկոտրուն է, քանի դեռ ապրում է հայ անաղարտ մշակույթը՝ մեր Կոմիտասյան, ազգային և հոգևոր երգերը… Կարծում եմ՝ ստացվեց․ մահմեդական երկրներում մեզ հետ միասին ոտնկայս աղոթեցին ոչ միայն քրիստոնյաները , այլև մահմեդական ազգի ներկայացուցիչները։

Հավելենք, որ հիմնադրամն իր առաքելությունն իրականացնելու համար ստեղծել է  ճանաչողական հուշանվեր՝  նկարազարդ քարտեզ- ուղեցույց, որտեղ նշված են Երևանի կենտրոնում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների, շենքերի, այգիների լուսանկարները, որոնց  համապատասխան դասավորության դեպքում ստացվում է Երևանի կենտրոնի քարտեզը: Հիմնադրամը նախատեսում է քարտեզ-ուղեցույցի վաճառքից ստացված գումարը ծառայեցնել իր հիմնական առաքելությանը:

Մարիամ Մարգարյան

2-րդ կուրս

Կիսվել