ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՇՐՋԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՇՐՋԻԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

1568

Շատ հաճախ կարելի է հանդիպել մուլտհերոսների կերպարանք ստացած երիտասարդների, ովքեր ապահովում են երեխաների ուրախությունը՝ փողոցում, մանկական սրճարաններում, բրենդավորված մանկական խանութներում և, իհարկե,  տանը՝ հաղորդելով բարձր տրամադրություն և տոնի վերածելով այն:  Բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են ոչ միայն մուլտհերոսների շորերի վարձույթով, այլև պատրաստակամ են անձամբ նման կերպարներ ապահովել մարդկանց համար: Մենք ինքներս փորձեցինք ծանոթանալ և բացահայտել այդ «հերոսներից» մի քանիսին:

Արման, 27 տարեկան

Մեծացել եմ բազմազավակ ընտանիքում, որտեղ մեծը ես էի: Դեռ մանկուց շատ եմ սիրել խաղալ քույր եղբայրներիս հետ: Կարելի է ասել, որ ամենափոքր քրոջս ու եղբորս ես եմ մեծացրել: Սովորել եմ, ստացել եմ միջնակարգ կրթություն, հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով թողել եմ ուսումս և օգնել ընտանիքիս: Ինձ հարկավոր էր գործ, որը չէր պահանջի կրթություն, լեզուների իմացություն կամ որ ամենամտահոգիչն է՝ աշխատանքային փորձ: Երկար մտածելուց հետո՝ հասկացա, որ պիտի գտնել աշխատանք, որը սերտ առնչություն ունի երեխաների հետ, որովհետև ինչպես նշեցի նրանց հանդեպ սերս նկարագրելու չէ: Ուստի գիտակցում էի, որ միայն այդ դեպքում ես կարող եմ հաջողության հասնել և անել աշխատանք, որն ինձ հոգեհարազատ է: Գոնե նման կերպ գումար կվաստակեի և օրվա ապրուստի հարցերը կլուծեի: Սկզբնական շրջանում՝ ընկերներիս օգնությամբ կարողացա ձեռք բերել մուլտհերոսի շոր, որի շնորհիվ ամիսներ շարունակ հոգացի տնեցիներիս հացի խնդիրը: Օրվա 5-6 ժամը կերպարանափոխվում էի և շրջում քաղաքի փողոցներով ու լուսանկարվում երեխաների հետ: Մեկ լուսանկարի արժեքը 200 դրամ: Օրվա կտրվածքով, եթե գլուխ չէի պահում կարողանում էի 3000-4000 դրամ վաստակել: Լուսանկարվելուն եկավ փոխարինեց տներով շրջելը: Ընկերներիս խնդրեցի լուսանկարել և սոց. Կայքերում հայտարարություն տեղադրել մատչելի գներով: Սկզբնական շրջանում մեկ-երկու պատվեր հազիվ էի անում, հետո արդեն մարդիկ շատացան: Գումարն այս դեպքում ժամով էր պայմանավորված: Մեկ ժամի արժեքը 3000 դրամ էր: Այսքանը կարող էի պատմել իմ՝ ավելի ճիշտ մուլտհերոս Արմանի գործունեության մասին: Արդեն 7-8 տարի է զբաղվում եմ սրանով, իհարկե սա մասնագիտություն չի, բայց, չեղած տեղից, օգնում է:

Անժելա, 29 տարեկան

Անչաաաափ եմ սիրում երեխաների: Առանց իրենց օրս չեմ պատկերացնում: Այնքան ծիծաղելի պատմություն է ընկած այս աշխատանքը սկսելուս հիմքում: Իմ բոլոր ընկերները լավ գիտեն, որ ես շատ գիժ տեսակ եմ, սիրում եմ հումորներ, էրեխեք ու առիթներ: Միշտ ստացվում էր այնպես, որ բոլոր առիթներին, եթե անակնկալ էինք պատրաստում, ինձ էին մուլտհերոսի շոր հագցնում և այսպես ասած տալիս գլխավոր հերոսի դերը: Մի օր՝ հավաքույթի ժամանակ, ընկերներիս հետ խաղի ընթացքում պարտվեցի և ստիպված էի կատարել ցանկացած բան, ինչ իրենք կառաջարկեին. դե, ես ռիսկով երեխա եմ եղել դեռ մանկուց: Անին, իմ մտերիմ ընկերուհին, լավ իմանալով սերս այդ ամենի նկատմամբ՝ հավաքավածներին առաջարկեց, որ մեկ ամբողջ օր ինձ մուլտհերոսի շոր հագցնեն և քաղաքում ես շրջեմ ու փուչիկներ բաժանեմ ամեն պատահող երեխա անցորդին: Օրը որոշված էր: Մեկ ամբողջ օր ես ջանք չխնայեցի և փուչիկներ բաժանեցի: Այդ օրը մի պապիկ, մտածելով վաճառում եմ փուչիկը, ինձ մեկնեց 500 դրամ, բայց ես մերժեցի ու արագ անցա:

Հաջորդ առավոտյան, երբ ընկերներս տպավորված նախորդ օրվա ստացած էներգիայով անդադար խոսում ու պատմում էին, թե ինչպես է անցել օրը՝ մեր բացակա ընկերների համար, ես մտքումս քցում-բռնում էի, իսկ ինչի՞ աշխատանքի չվերածեմ սա, առավել ևս, երբ հագուստը քողարկում է ինձ և ոչ մեկ չի ճանաչի: Ու չանցած մեկ շաբաթ՝ ես սկսեցի զբաղվել սրանով արդեն որպես աշխատանք: 21 տարեկան էի այդ ժամանակ, թերևս, ուսանողական տարիներին հեշտ միջոց էր գումար վաստակել այդ ձևով, չնայած ֆինանսի կարիք չունեի, բայց մոտ 3 տարի, երբ ցանկություն ու տրամադրություն էի ունենում, դուրս էի գալիս մուլտհերոսի շորերով և տարբեր միջոցներով վաստակում իմ սեփական գումարը: Հիմա ես ունեմ իմ ընտանիքը, բալիկ, ով արդեն երկու տարեկան է ու երբ նա մեծանա, ես մեծ ոգևորվածությամբ և առանց ամաչելու կպատմեմ իր մամայի չարաճճի արարքների մասին: Անգամ կեսկատակ-կեսլուրջ ամուսինս ասում է՝ էրեխեն, որ մեծանա, մի օր գամ տեսնեմ տանը չեք, չանհանգստանամ, կիմանամ մամայի հետ գնացել է գործի՝ մուլտհերոսի (ծիծաղում է):

Ես անչափ շատ եմ ուզում իմ երեխան ևս մեծանա հնարավորինս ազատ ու անկաշկանդ: Լինի շատ աշխույժ և խենթ՝ մամային քաշի էլի:

Գարիկ, 28 տարեկան

Սա իմ երկրորդ աշխատանքն է, որով զբաղվում եմ: Առաջին աշխատանքս կազմակերպչական գործառույթներ իրականացնել է իրենից ենթադրում, իսկ սա անում եմ հավելյալ գումար վաստակելու համար:

Կստեմ, եթե ասեմ, որ էներգիայով լեցուն մարդ եմ, ոչ այդքան, բայց մինչ օրս բողոքներ չեմ լսել կատարածս աշխատանքի մասին, ինչի համար ուրախ եմ և փորձում եմ նույն կերպ շարունակել:

Հիմնականում երեկոյան ժամերին եմ զբաղվում այս աշխատանքով՝ մանկական սրճարաններում ծննդյան առիթների ժամանակ: Չեք պատկերացնի, որքան դժվար է աշխատել երեխաների հետ այնպես, որ բոլորի ուշադրությունը կարողանաս սևեռել քեզ ու քո մտածած խաղերի վրա: Մի երեխայի քունն է տանում, մյուսին հետաքրքիր չէ խաղը, մեկ ուրիշը ուզում է խաղային ապարատներով զբաղվի և այսպես շարունակ: Դե, արի ու դիմացի (ծիծաղում է): Երբեմն ինձ հուսադրում եմ այն հանգամանքով, որ նման մի փոքր էլ իմ ընտանիքում կա, ով նույնպես նման բաների սիրահար չէ, նա հատուկ զբաղմունքներ է սիրում իր համար ստեղծել:

Արդեն 4 տարին շուտով կլրանա՝ զբաղվում եմ սրանով ու ամեն օր նորովի եմ բացահայտում երեխաներին՝ ամեն մեկն ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները, ցավոք, ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ շփվել բոլորի հետ և հասկանալ իրենց լեզուն:

Մի հետաքրիր պատմություն էլ պատմեմ և եզրափակեմ խոսքս: Հերթական միջոցառումներից մեկի ժամանակ, երբ հոբելյար երեխայի տորթը փչելու արարողությունն էր, ծնողը՝ տեսնելով, որ այդ օրը իր երեխայի սիրելի մուլտհերոսի կերպարանքով եմ, խնդրեց ես անձամբ գրկեմ երեխային և կազմակերպեմ մոմեր փչելու պահը, ես էլ սիրով համաձայնեցի: Երաժշտությունը հնչեց, երեխան ուրախ-զվարթ գիրկս եկավ՝ 5 տարեկան էր, ի դեպ, և մոմերն անմիջապես փչելուց հետո, ասացի, որ կծի տորթից, նա խնդրեց օգնեմ իրեն և երբ ես մոտ եկա, ամբողջ տորթը քսեց դեմքիս (Միկի մկնիկի): Ահա այսպիսին են երեխաները՝ խորամանկ և լի անսպասելի արարքներով:

Գոհար, 26 տարեկան

Տարատեսակ կերպարներով եմ հանդես եկել այս աշխատանքը կատարելու ժամանակ: Ի տարբերություն մնացածների՝ ես բրենդավորված (և ոչ միայն) մանկական խանութներից, երբ առաջարկներ եմ ստանում, օրինակ կորպորատիվ միջոցառումներին կամ տոն օրերին, գնում եմ և այդ մի քանի ժամը կատարում իմ սիրելի աշխատանքը: Նման դեպքերում կարելի է ասել չկա ծանրաբեռնվածություն, աշխատանքդ հաջողված կարող ես համարել, եթե այդ օրը երեխաները ժպտացել են քո մեկ կոնֆետ բաժանելուց կամ չեն խանգարել ծնողներին ընտրություն կատարել խանութում:

Նման դեպքերում ինքս ինձ ու իմ հմտությունները փորձելու համար ավելի շատ նախընտրում եմ շեշտը դնել, այսպես ասած, սանձարձակ երեխաների վրա և անում եմ անհնարինն անգամ, որ նրանք չլացեն, մայրիկին չկանչեն կամ որ ավելի վատ է՝ չխփեն ու փախչեն (ծիծաղում է):

Մի անգամ հիշում եմ, որ երեխան ծնողի հետ մտավ խանութ, ես մոտեցա նրան, իսկ նա բարձր սկսեց լաց լինել, փորձեցի ձեռքիս տակ եղած միջոցներով սիրտը շահել, բայց ապարդյուն: Վերջում պարզ դարձավ, որ երեխան վախենում է մուլտհերոսներից և մտածում էր ես իրեն ցանկանում եմ վնասել:

Նրանք, ովքեր երբևէ կրել են նմանատիպ հագուստներ կփաստեն, որ նման աշխատանքի բարդությունը կայանում է, առաջնահերթ, հագուստի ծանր և տաք լինելու մեջ: Գուցե, այդ պահին ծանրությունն անհանգստություն չի պատճառում, բայց երբ երկար ժամանակ ես կրում և հետո հանում, ամբողջ մարմինդ ցավում է և կարծես թմրած լինի. չես զգում ոչինչ:

Տաքությանն էլ, հատկապես ամռան ամիսներին, դիմակայել հնարավոր չէ: Դրա համար խուսափում եմ ամռանն այս աշխատանքը կատարելուց, որովհետև վախենում եմ, որ օրերից մի օր ինքնազգացողությունս կվատանա և կկորցնեմ գիտակցությունս: Վախս, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ երեխաները չազդվեն, չսարսափեն, ինչը հետագայում նրանց մոտ կարող է հոգեբանական լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի հնարավորինս փորձում եմ անել այնպես, որ վնասներ չհասցնեմ ո՛չ ինձ, ո՛չ առավել ևս երեխաներին:

Սա ինձ համար պարզապես միջոց է երեխաներին մոտ լինելու և նրանց հետ շփվելու, ժամանակ անցկացնելու համար, երևի, երեխաների հանդեպ սերն էլ պայմանավորված է նրանով, որ մայրս մանկապարտեզի դայակ է և աշխատանքի բնույթից ելնելով՝ երբեք չեմ կարողացել նրա հետ միասին գնալ ու ծանոթանալ այդ բոլոր երեխաների հետ:

Մեր հերոսների կյանքի պատմություններին ծանոթանալով՝ պարզ է դառնում, որ չնայած տարբեր հանգամանքների բերումով են այս աշխատանքը ընտրել, բայց բոլորի հիմքում երեխաներին շատ սիրելու փաստն է, ուստի նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի է լավագույն գնահատականի և արժևորման, քանի որ նրանց կատարած գործը սերտ առնչություն ունի թիրախային ամենազգայուն զանգվածի՝ մանուկների հետ: Երեխաների հետ աշխատելը առաջին հայացքից թվում է՝ շատ հեշտ, բայց իրականում առհելի ջանքեր է պահանջում մարդուց, որը բոլորին տրված չէ:

Մեր հերոսները խորհուրդ տվեցին ծնողներին իրենց երեխաներին հաճախ ժամանակ հատկացնել և կիսել նրանց հետաքրքրությունները: Ամենակարևորը օրը դրական սկսելն ու նույն կերպ ավարտելն է. «Հաճախ ժպտացեք և օրինակ ծառայեք ձեր պուճուրներին»:

 

Արմինե Գասպարյան

4-րդ կուրս

Կիսվել