ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ ԿԱՄ ԴԱՆԴԱՂ ՄԱՀ

ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ ԿԱՄ ԴԱՆԴԱՂ ՄԱՀ

2175

Արագության այս դարում իր անփոխարինելի տեղն ունի արագ սնունդը։ Չնայած սրա վնասակարությանը, բնակչության զգալի մասն օգտվում է դրանից: Ոմանք այն նախընտրում են արագ պատրաստվելու պատճառով, ոմանք` ուղղակի սիրում, իսկ ոմանք էլ գտնվում են կախվածության մեջ: «Ամենավտանգավոր նյութը, որը կարող է պարունակել արագ սնունդը, ճարպն է։ Արագ սնունդը, հիմնականում, պատրաստում են մթերքները  ձեթում տապակելով։  Բարձր ջերմային պայմաններում բուսայուղերն արտադրում են ազատ ռադիկալներ, որոնք վտանգավոր են առողջության համար»,-պարզաբանում է սննդաբան Լիդիա Այվազյանը և հավելում, որ ոչ մի պարագայում պետք չէ  հավատալ, որ արագ սննդի կետերը ամեն անգամ սնունդ պատրաստելուց առաջ փոխում են բուսայուղը: Չնայած սրան, սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի, մասնավորապես 11-րդ հոդված 1-ին կետի համաձայն` սննդամթերքը և դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:

Հիմնականում այս սնունդն օգտագործում են դեռահասները և ուսանողները: ԵՊՀ ուսանողուհի Գոհարը կարծում է, որ կան լավ վայրեր արագ ու համեղ ընդմիջում անելու համար։ «Օրինակ` մեր ֆակուլտետի մոտակայքում գտնվող խանութում ուտելիքները առանձին տոպրակներով են, իսկ վաճառողուհիները, հետևելով հիգիենայի կանոններին, չեն թողնում, որ ձեռքով դիպչենք դրանց»,- ասում է Գոհարը: Ի տարբերություն Գոհարի, նրա համակուրսեցի Մետաքսյան այս հարցին ունի բացասական մոտեցում: «Վերջերս բոլորիս հայտնի «Միստր Գիրոս» արագ սննդի կետերից մեկում, պատվիրեցի շաուրմա, որի մեջ գտա մազ: Ինչպես կարելի է այս տհաճ դեպքից հետո վստահել դրսում տրվող սննդին»,- հիշեց Մետաքսյան: Այստեղ կարելի է հիշել սույն օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածները, որոնք վերաբերում են հիգիենայի պահանջներին:

Սննդաբանը խորհուրդ է տալիս ֆասթֆուդը փոխարինել տան պայմաններում պատրաստված սննդով կամ, առնվազն, այն չգնել գետնանցումներից: «Երկարաժամկետ բարձր կալորիական սննդի ընդունումը կարող է բերել ավելորդ քաշի, ինչն էլ հանգեցնում է այնպիսի ալիմենտար կախյալ հիվանդությունների զարգացման, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, շաքարային դիաբետը, որոշ տեսակի ուռուցքները»,- նախազգուշացնում է Լիդիա Այվազյանը:

Վերոնշյալներից պարզ է դառնում, որ ոլորտի հսկողությունը գտնվում է բարձիթողի վիճակում: Սննդաբանը կարծում է, որ վերահսկողությունը պետք է սկսել կրթօջախներից` հիմնելով նորմաներին համապատասխանող ճաշարաններ։

 

Մարիամ Ալեքյան

4-րդ կուրս

 

Կիսվել