ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌՈՂՋ ՄԻՋԱՎԱՅՐ STREET WORKOUT-Ի ՄԻՋՈՑՈՎ

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌՈՂՋ ՄԻՋԱՎԱՅՐ STREET WORKOUT-Ի ՄԻՋՈՑՈՎ

1695

«Մենք փորձում ենք փողոցը փոխել, փողոցային կյանքի մասին պատկերացումները փոխել, որ երեխան ոչ թե գարաժի ետևում ծխի, խմի, այլ դուրս գա մարզվելու, ծնողն էլ չվախենա…»: Խորհրդային տարիներին բակերում ծնված մարզաձևը աշխարհում հայտնի է Street Workout անունով, կամ փողոցային մարմնամարզություն: Այստեղ շեշտը դրվում է սեփական քաշի հետ աշխատելու, ուժ ու ճկունություն զարգացնելու վրա: Հրումներ, ձգումներ, վազք, հետո արդեն բարդ ու հետաքրքիր վարժություններ, ադրենալինով լի հնարքներ:

Հայաստանում այն թափ առավ 2012-ին, երբ մի խումբ մարզիկներ Հրազդան քաղաքում անցկացրին առաջին ցուցադրական ելույթն ու տեսանյութը տեղադրեցին համացանցում. «Դա լավագույն միջոցն էր Workout-ի մասին տեղեկացնելու: Տեսանյութի տարածումից հետո բազմաթիվ ատլետներ Հայաստանի տարբեր մասերից ցանկություն հայտնեցին մեզ միանալու»,- ասում է Արթուր Հարությունյանը, ով Հայաստանում առաջին ատլետը լինելուց բացի նաև համահիմնադիր ղեկավարն է Հայաստանյան Street Workout ֆեդերացիայի, որը 5-րդն է աշխարհում իր ակտիվ գործունեությամբ:

Color Run, Ձմեռ պապիկների վազք և իհարկե ավանդույթ դարձած ամենամյա Workout Fest-ը սիրելի դարձած միջոցառումներ են, որ համախմբում են ոչ միայն մարզիկներին, այլ նաև էքստրիմով ու զվարճանքով հետաքրքրվողներին: «Փորձում ենք ներգրավված լինել տարբեր միջոցառումներում, այդ կերպ անընդհատ հետաքրքրություն առաջացնել ու պրոպագանդել մարզաձևը: Կարծես թե ստացվում է: Այսօր Հայաստանի 20 քաղաքներից ու Արցախից ունենք լավ պատրաստված թիմեր ու մարզիկներ, որ սիրողական մարզումներից քայլ առ քայլ անցել են պրոֆեսիոնալ մակարդակի և մասնակցում են միջազգային տարբեր մրցաշարերի, գրավում բարձր հորիզոնականներ: Սերգեյ Թևոսյանը հայտնի է ողջ աշխարհում, նա կատարել է 2 վարժություն, որ դեռ ոչ ոք չի կարողացել կրկնել»:

Բայց աշխարհին ներկայանալու համար նախ բավարար պայմաններ են պետք մարզվելու համար և քանի որ ֆեդերացիան իր անվճար գործելու պատճառով չունի բյուջե, իրենց օգնում են բարերարները, կառուցում մարզահրապարակներ, որ առաջին նախապայմանն են մարզաձևի զարգացման համար: Արթուրի խոսքով 2018-ին մի շարք բարերարների միջոցով կիրականացվեն տարբեր ծրագրեր, կկառուցվեն նոր մարզահրապարակներ, հատկապես մարզերում:

«Ի տարբերություն Երևանի, մարզերում քիչ են ժամանցն ապահովող վայրերն ու մարզասրահները, կամ գուցե կան, բայց չկան միջոցներ պարբերաբար հաճախելու, իսկ Workout-ի բացօթյա անվճարմարզումներն ու հրապարակները հիանալի հնարավորություն են նման պայմաններում: Սրա վառ ապացույցն են մարզից երիտասարդների ակտիվությունն ու շահագրգռվածությունը, նրանք առաջատար են դառնում»:

«Բայց մարզահրապարակների բացակայությունը չպիտի պատճառ դառնա տանը նստելու և չմարզվելու: Workout-ով կարելի է զբաղվել ամեն տեղ, յուրաքանչյուր պահի, միայն ցանկություն է պետք»,- ասում է Արթուրն ու օրինակ բերում Սամվել Խաչիկյանին, որ երկու տարի մարզվել է ծառի ճյուղերին հարմարեցնելով երկաթե ձողեր, մասնակցել Հայաստանի առաջնությանն ու լավ արդյունք ցուցաբերել:

«Ի սկզբանե Workout-ի զարգացման նպատակը եղել է առողջ ապրելակերպ քարոզելը, բոլորին տալ հավասար պայմաններ մարզվելու, լինելու առողջ, ամրակազմ ու գեղեցիկ»: Բոլորին ասելով նկատի ունի նաև աղջիկներին, ովքեր արդեն 30 հոգանոց թիմ ունեն, և որքան էլ զարմանալի թվա, Արթուրը գոհ է ցուցանիշից, ասում է՝ մինչև 2015-ը եզակի են եղել աղջիկները, որ մասնակցել են մարզումներին, նաև հավելում, որ Workout-ը զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու, սա դեռ սկիզբն է: «Ես կթողնեմ Workout-ը, երբ Հայաստանի բոլոր համայնքներում կլինեն մարզահրապարակներ, ակտիվ մարզումներ, մարզիչներ…երբ կստեղծվի իմ պատկերացրած փողոցային առողջ միջավայրը»:

 

Աիդա  Կիրակոսյան

2-րդ կուրս

Կիսվել