ԴԵ ԱՐԻ ՈՒ ԽԱՂԱ

ԴԵ ԱՐԻ ՈՒ ԽԱՂԱ

2085

-Եկենք խաղանք, էրեխեք:

-Ի՞նչ խաղանք:

– Դե խաղա-ն բերեք, ժողովուրդ:

Երիտասարդների շրջանում շատ հաճախ կարելի է լսել նման երկխոսություններ, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է սեղանի ժամանցային խաղերի սիրահարներին:

«Դե խաղա»-ի ապրանքանիշը միանգամից գրավեց բոլորի ուշադրությունը և կարճ ժամանակում դարձավ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասկաների սիրելի զբաղմունքը: Շատ հաճախ կարելի է նկատել սրճարաններում կամ ժամանցային վայրերում խմբավորված մարդկանց, ովքեր կլանված խաղի մեջ չեն էլ նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը:

«Դե խաղա»-ի համահիմնադիր Դավիթ Հովհաննիսյանի խոսքերով խաղը ստեղծելու գաղափարն առաջացել է շատ պատահական. «2015 թվականի նոյեմբերն էր: Օրերից մի օր քննությունից դուրս գալուց հետո իմ և ընկերոջս զրույցի թեման հանգեց նրա վրա, որ հայկական խաղերը քիչ են ու այդպես սկսեցինք մտածել այդ ուղղությամբ: Բոլորիս հայտնի 21 խաղը որոշեցինք թղթավորել ու այդպես քիչ-քիչ սկսեցինք խորանալ գաղափարի մեջ, այնուհետև ծնվեց անունը՝ Դե խաղա, խաղաքարտերը խմբավորեցինք՝ Դե արա, Դե ասա, Դե արի ու մի ասա, Դե արի ու մի արա անուններով և արդյունքում ծնվեց այս խաղը»: Դավիթի խոսքերով եղել են մի շարք խնդիրներ, որոնց արդյունքում իրենք մտածել են շարունակել այս ամենը, թե վերջ դնել խաղի արտադրմանը. «Ստացվեց այնպես, որ խաղի շուկա մտնելուց անմիջապես հետո եղան լուրջ իրադարձություններ, ի դեմս ապրիլյան դեպքերի, որի արդյունքում մենք հասկացանք, որ մարդիկ ժամանակ ու տրամադրություն չունեն խաղերով տարվելու և մեզ մնում էր հասկանալ՝ շարունակել խաղի արտադրանքը, թե ոչ: Երկար քննարկումներից հետո որոշեցինք նոր շունչ հաղորդել խաղի դիզայնին՝ շեշտը դնելով տուփի վրա: Մենք հասկանում էինք, որ այն մեծ նշանակություն ունի գնորդի համար և աչքին գրավիչ է, երբ տուփը գեղեցիկ և յուրահատուկ է լինում: Խաղաքարտերը ևս ավելացան»:

Համահիմնադիրը փաստում է, որ Դե խաղա-ի հետ կապված սպասումներն արդարացված էին: Դեռևս դեկտեմբեր ամսին այնքան մեծաքանակ է եղել վաճառքը, որ հիմնադիրներն անգամ չեն հասցրել նոր քանակ ապահովել. «Իրականում պիտի խոստովանեմ, որ փորձ չունենալու և որոշակի խնդիրներ ծագելու արդյունքն էր, որ մենք չկարողացանք շատ ավելի մեծ արտադրանք ապահովել ու դեկտեմբերի վերջին արդեն մի քանի օրով խաղի վաճառքը կանգնեցրինք»:

Դավիթը գրանցած հաջողություններով ոգևորված սկսեց մտածել այլ խաղեր ստեղծելու մասին և արդյունքում ստեղծվեց «Հոլ» ապրանքանիշը, որն իր մեջ ներառում էր տարատեսակ ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, ինչպիսիք էին՝  Հոլանիշը, Զանգին, Էվրիկան, Տառբերը, Բառախաղը, Էքսկուրսիան, Ով եմ ես, Մինի խաղերը և Մանդարինը: Հիմնադիրը պատմում էր, որ վերը նշված ապրանքատեսակները ևս սիրվեցին և ճանաչում ձեռք բերեցին խաղասերների շրջանում. «2016 թվականի դեկտեմբերին արդեն շուկա մտավ Բառախաղը, որն արդեն ինտելեկտուալ էր և անալոգ էր դրսի եղած խաղերից մեկին, որի հայկական տարբերակը չկար: Ի դեպ պիտի նշեմ այն, որ Բառախաղի միջոցով կազմակերպեցինք մրցաշար, որի մեջ ներգրավեցինք մի շարք տարբեր համալասրանների ուսանողներ, և հաղթող զույգին սպասվում էր նվեր կենսաթոշակ՝ իրենց  ուսման  վարձավճարի չափով»:

19-ամյա Քնարիկը, ով հավատարիմ հաճախորդներից մեկն է պատմեց խաղերից ստացած գիտելիքների և բարձր տրամադրության մասին, որը խաղն ապահովում է. «Երևի առաջին գնորդներից եմ եղել, շատ եմ սիրում նմանատիպ խաղեր, որոնք և օրդ են կառուցում ու դրական լիցքեր ապահովում և ուսուցանող են: Առաջին անգամ հիշում եմ ընկերական հավաքույթներից մեկի ժամանակ առաջարկեցի խաղալ Դե խաղան և ջանք չխնայեցի խաղի կանոնները բացատրելու համար, որ բոլորը հեշտությամբ ու միանգամից ինտեգրվեին խաղի մեջ: Հոյակապ օր ունեցա և դրանից հետո արդեն ընկերներս սկսեցին իմ առիթներին այդ խաղերից նվիրել (ծիծաղում է)»:

Այն որ այս բոլոր խաղերը մեր օրերում մեծ սեր են վայելում անհերքելի ճշմարտություն է, և հիմնադիրը այդ ամենի մեջ կարևորում է այն հանգամանքը, որ  առիթ բաց չեն թողել իրենց սպառողներին ավելի մոտ գտնվելու, նրանց հետ շփվելու, տարաբնույթ հանդիպումներ կազմակերպելու հարցում. «Երևանում և դրանից դուրս անագմ մենք փորձել ենք հնարավորինս հասանելի լինել մեր բոլոր գնորդներին և ջանք ու եռանդ չենք խնայել, որ ամեն բան մատչելի լինի նրանց: Ասածիս վառ ապացույցներից մեկն էլ այն է, որ մենք օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Դալմա Գարդեն մոլի կանաչ գոտում գրեթե ամեն օր կազմակերպում էինք հանդիպումներ ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծահասակների համար, ովքեր հնարավորություն էին ստանում անվճար օգտվելու բոլոր խաղերից ու այդպիսով ավելի էր ստեղծվում մեր և գնորդի կապն ու վստահությունը մեր ապրանքանիշի նկատմամբ»: Դավիթը չմոռացավ նաև կարևորել ի սկզբանե աշխատանքի մեջ ստացած մեծ օրհնությունը և փառք տալ Աստծուն, որ այսօր ունեն այն, ինչ ունեն.«Շատ քչերն են կարողանում այսքան կարճ ժամանակահատվածում նման հաջողություններ գրանցել և ունենալ ձեռքբերումներ և երջանիկ եմ, որ մենք այդ շարքերում ենք»:

 

Ռիմա Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել