ՀԱՃԵԼԻՆ, ԹԵ՞ ՕԳՏԱԿԱՐԸ

ՀԱՃԵԼԻՆ, ԹԵ՞ ՕԳՏԱԿԱՐԸ

1736

21-րդ դարում կյանքն առանց fast food –ի (արագ սնունդ) պատկերացնելը մի փոքր բարդ է։ Թեև շատերն են փորձում խուսափել արագ սնունդ օգտագործելուց, սակայն դրանից ամբողջապես հրաժարվելը անիրական է թվում։ Այն դեռևս հայտնի ու տարածված է եղել  Հին Հռոմում, իսկ արտադրությունը սկսվել է ԱՄՆ-ում 1920-ական թթ.։

Սննդաբանները նշում են, որ ամենավտանգավոր նյութը, որ կարող է պարունակել արագ սնունդը, ճարպերն են։ Արագ սնունդը պատրաստում են մթերքները (տավարի միս, հավի միս, կոտլետներ,կարտոֆիլ) ձեթում տապակելով։ Նրանք խորհուրդ են տալիս չհավատալ, որ արագ սնունդը մատուցող վայրերում ամեն անգամ փոխում են ձեթը։

Արագ սննդի կետում խոհարարական պրակտիկան անցնող Սերգեյը նույնպես համաձայնվեց, որ հաճախ չեն փոխում ձեթը, սակայն օգտագործում են թարմ մթերքներ, որոնք ստանում են ամեն առավոտ։

-Միսը ստանում ենք կամ տեղական մսագործներից կամ սառեցված տարբերակով,-հավելում է նա։

«Արագ սնունդը ավելորդ ճարպերի, մեծ քանակությամբ շաքարի պատճառով բարձր կալորիական է համարվում։ Երկարաժամկետ արագ սննդի ընդունումը կարող է հանգեցնել սիրտ անոթային համակարգի  հիվանդությունների, շաքարային դիաբետի, նույնիսկ ուռուցքների առաջացմանը, ինչպես նաև քաշի ավելացմանը»,- զգուշացնում է սննդաբան Լիդիա Այվազյանը։

ԱՄՆ-ում բնակվող Շուշանը, ով երկու փոքրիկների մայրիկ է, կտրականապես դեմ է արագ սննդին։

-Չնայած հանգամանքների բերումով չես կարող միշտ զերծ պահել, օրինակ տարեդարձների ժամանակ, սակայն առօրյայում ուտում են տան պայմաններում պատրաստված սնունդ։ Մեկ-մեկ կարող եմ թույլ տալ, բայց գազավորված ըմպելիք ու նման բաներ՝ երբեք:

Շատ դժվար է միջին տարիքի երեխաներին զերծ պահել արագ սնունդ օգտագործելուց, երբ ամեն քայլափոխի կա fast food-ի կետ ու հարմար գին։ Արագ սնունդից առավել օգտվում են երեխաներն ու ուսանողները։ Երեխաները  նշում են, որ իրենց դուր է գալիս սննդի համն ու արտաքին տեսքը։

Մեր սննդին համ են տալիս ճարպերն ու շաքարը։ Շաքարը 1 գ գլյուկոզի այրումից առաջացնւմ է 4 կկալ էներգիա։ Այս էներգիան, երբ չի ծախսվում, պահեստավորվում է ճարպի ձևով։ Վերջին հարյուր տարում կտրուկ աճել է շաքարի օգտագործումը, իսկ  ֆիզիկական ակտիվությունը հակառակը՝ նվազել։ Այսինքն՝ ենթաստամոքսային գեղձը սկսում է ծանրաբեռնված աշխատել, արտադրում է ինսուլին, որպեսզի «տեղավորի» եղած գլյուկոզան։ Երբ ենթաստամոքսային գեղձը այլևս չի կարողանում այդ ծանրաբեռնվածության տակ աշխատել, զարգանում է շաքարային դիաբետ։

Լիդիա Այվազյանը նշում է, որ համեղ սնունդը դրդում է էնդորֆինների արտադրությանը, ինչից էլ մարդիկ անընդհատ ուզում են ուտել և այդ հաճելի զգացողությունը զգալ։ Սննդաբանը խորհուրդ է տալիս սնունդը պատրաստել բազմատեսակ համեմունքներով, ինչը մեր(հայկական) խոհանոցում շատ քիչ է օգտագործվում։

Դե իսկ այսքան բացասական կողմերից զատ, արագ սնունդը ունի նաև դրական կողմ։ Առօրյա զբաղվածության պատճառով շատերն են օգտվում արագ սննդից ՝այդ կերպ խնայելով ժամանակը։

 

Լիլիա Արզումանյան

4-րդ կուրս

Կիսվել