ՌԱԴԻՈՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Է

ՌԱԴԻՈՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Է

1406

Մանկապատանեկան խմբագրությունը գրեթե ռադիոյի տարիքին է։  Կան հիշատակումներ՝ խմբագրության վերաբերյալ, դեռևս 1931 թվականից։ Այս տարի խմբագրությունը նշեց իր 85 ամյակը։ Ամենաառաջին խմբագիրը եղել է արվեստի վաստակավոր գործիչ Արտակ Տոնիկյանը։ Լրագրողներից են եղել՝ Վիտուշ Բարխուդարյանը, Գագիկ Բադալյանը և  ուրիշներ։  Զրուցեցինք ռադիոյի մանկապատանեկան բաժնի տնօրեն Կարինե Գևորգյանի հետ։

 

-Մանկապատանեկան հաղորդումների մեջ կա՞ տարիքային բաժանում։

– Հենց սկզբից խմբագրությունը իր առջև դրել է հետևյալ պարտականությունը՝ հեռարձակել  ուսուցողական պատմություններ։ Մանկապատանեկան բաժնում  սկզբնական շրջանում կոնկրետ տարիքային բաժանումներով հաղորդումներ չեն եղել, սակայն հետագայում այս բացն էլ լրացվեց։ Հեռարձակվեցին հաղորդումներ, որոնք բաժանվեցին տարիքային  3 խմբերի՝ մանկական ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանի, միջին տարիքի և պատանիների համար։

-Ինչո՞վ է պայմանավորված տարիքային բաժանումը։

-Շատ կարևոր է առանձնացնել տարիքային խմբերը։ Այն, ինչը հետաքրքրում է մինչև 7 կամ 8 տարեկանին (դա այն տարիքն է, երբ ուզում ես աշխարհի մասին իմանալ ամեն ինչ) բնականաբար նույնը  չես կարող մատուցել պատանիներին․ չէ որ վերջիններս այլ աշխարհայացքով են  նայում կյանքին։ Նրանք  ունեն  բացահայտումների կարիք։

Կպատմեք ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների սկզբնական շրջանի մասին։

-Սկզբնական շրջանում մանկապատանեկան ծրագրերը եղել են ոչ հստակեցված։ Արդեն հետպատերազմյան շրջանում ՝ 47թ.-ից մանկապատանեկան բաժնում մուտք գործեցին հստակ հաղորդումներ։ «Պիոներական լուսաբացը»։ Վերջինս կրում էր խորհրդային գաղափարախոսություն։ Այն համարվում էր ինֆորմացիոն ծրագիր։ Հիմքում ընկած էր տեղեկատվությունը։ Դպրոցականները ինֆորմացվում էին օրվա հետ կապված տեղեկություններով։  Վերջինս ուներ 3-ից 4 ծրագիր՝ ինֆորմացիոն՝ հետաքրքիր հասցեներ երեխաների համար, այցելություններ կրթօջախներ։ Անրադարձել ենք նաև դպրոցական միջոցառումների լուսաբանմանը։

-Ինչո՞վ կբացատրեք նման հագեցած ծրագրի առկայությունը։

-Սա պայմանավորված էր նրանով, որ նախնական շրջանում խմբագրական կազմը ավելի մեծ էր․ իսկ այժմ մանկապատանեկան հաղորդումների պատրաստման և հեռարձակման գործում շատ քիչ մարդիկ են ներառված։

-Արդյո՞ք կա որևէ  սկզբունք , որով առաջնորդվում է ռադիոյի մանկապատանեկան խմբագրությունը։

-Այո, անշուշտ․առաջին իսկ օրվանից խմբագրությունը ունեցել է սկզբունք, այն է լսել երեխաների կարծիքները, կապ ունենենալ վերջիններիս հետ, մտնելով դպրոցներ լսել տարբեր երևույթների վերաբերյալ պատանիների տեսակետները։

-Կարմիր աստղիկ հաղորդման ժամանակ իրենց մասնակցությունն էին ցուցաբերել նաև փոքրիկ հաղորդավարները։ Այսօր շարունակվու՞մ են փոքրիկ հաղորդավարների  մասնակցությունը  հաղորդմանը։

-«Կարմիր Աստղիկ»-ը պահպանվել  է մինչև այսօր։ Սակայն այն կրում է «Պստիկաշեն» անվանումը։ Հաղորդումը վարում է Հասմիկ Մկրտչյանը։ Չխաղտելով ավանդույթները այս հաղորդումը կազմված է ամենափոքր լրագրողական կազմից։  Այն խթան է հանդիսանում երեխաների համար՝ փոքր տարիքից հմտանալու լրագրության մեջ։  Պստիկաշենում քննարկվում են երեխաներին հետաքրքրող թեմաներ։Նրանք  ստուդիայում պատմում են, թե ինչ է մանկությունը։ Մանուկները ունկնդրին տեղափոխում են իրենց աշխարհ։ Երեխաները խոսում են իրենց պատկերացումների, հիշողությունների մասին ու պահպանում անկեղծ զրույց խմբագրի հետ։

-Ինչպիսի ՞ մոտեցում  և վերաբերմունք պիտի ցուցաբերեն հաղորդավարները փոքրերի հետ զրուցելիս։

– Նմանատիպ հաղորդումներում շատ կարևոր է հաղորդավարի ճիշտ մոտեցումն ու վերաբերմունքը։  Շատ կարևոր է  հաղորդման ժամանակ երեխայի հետ ճիշտ շփումը։ Կա մի գաղտնիք, այն է երբեք չթերագնահատել երեխայի գիտելիքը, իմացությունն ու հուզական տրամադրությունը։ Ռադիոն կրթական միջավայր է։ Պետք է հաշվի առնել երեխաների քմահաճույքները։ Մենք անմիջապես հայտնվում ենք իրենց աշխարհում։

-Ի՞նչ հաղորդումներ են պահպանվել ռադիոյի ձայնադարանում:

– Ձայնադարանում պահպանվել է «Գիտելիքների խաչմերուկում»-ը։ Այս հաղորդաշարի հետ համագործակցում էին գիտնականներ, համալսարանականներ։ Այս ամենը փաստում է ռադիոյի մանկական ծրագրերի կարևորության մասին։  Պահպանվել է «Այբենավոր»-ը, որտեղ հաղորդավարն ու երեխաները զրուցում էին տարբեր մշակութային թեմաներից։ Հաղորդավարները մասնագետներ էին։ Օրինակ՝ ռադիոյի ֆոնդում պահպանված է Գրիգոր Խանջյանի ձայնը։ Վերջինս զրուցում ու պատասխանում է երեխաների հարցերին՝ ուղղված մշակութային թեմաներին։ Այս հաղորդմանը մասնակցած երեխաները այժմ  առնվազն 40-45 տարեկան մարդիկ են։

-Կարելի՞ է ռադիոյի մանկապատանեկան  հաղորդումները համարել սկզբնական հարթակ սկսնակ լրագրողների համար:

-Հանրային ռադիոյի մանկապատանեկան բաժինը  ճանապարհել է բազմաթիվ պատանիների, ովքեր այժմ կարևոր դերակատարություն ունեն թե´ լրագրողական, և թե´ այլ ոլորտներում։ Ամենահին սերնդից են եղել լրագրողներ՝ Արթուր Բախտամյանը, Գայանե Սարգսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Շատ-շատերն են իրենց լրագրողական կենսագրությունը սկսել ռադիոյի մանկապատանեկան հաղորդումներից։

-Եթերների ժամանակ եղե՞լ են որևէ անսպասելի իրավիճակներ:

– Իհարկե, մանկապատանեկան բաժնի հաղորդումները չէին կարող չուղեկցվել հետաքրքիր, անսպասելի իրավիճակներով։ Ունեցել ենք  «Լյա լյա ֆա»  հաղորդում։ Վերջինս տրվում էր ուղիղ հեռարձակմամբ։ Լյա լյա ֆա –ի հաղորդավարներից մեկը հաղորդումի մեկնարկից 10 րոպե առաջ հայտնվել էր խցանման  մեջ։ Նա  գազանանոցի տարածքից վազելով հասել էր ռադիո՝ 2 րոպե ուշացումով։  Հետաքրքիրն այն էր, որ նույնիսկ վազքի հեվոցը չէր զգացվում։ Հմտությունն ու պրոֆեսիոնալիզմը կայանում է նրանում, որ ունկնդիրը չզգա ոչ մի խնդիր։ Եթերը շատ թանկ հաճույք է, որին դու կարող ես տրամադրել շատ քիչ ժամանակ։ Ունկնդիրը ունի այլ սպասումներ։ Լրագրողը պետք է արդարացնի նրանց բոլոր ցանկությունները։

 

հարցազրույցը՝ Կատարինե Ղարսլյանի

4-րդ կուրս

Կիսվել