ԱՄԵՆ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՎԵԼՈՒՑ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ

ԱՄԵՆ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՎԵԼՈՒՑ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ

2585

Հարցազրույց  «Առաջին ալիքի» ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Գոռ Պետրոսյանի հետ։

-Դուք հետաքրքիր ճանապարհ եք անցել. սովորել եք Մալուցյանի արվեստի դպրոցի դասական պարի և դաշնամուրի  բաժիններում, այնուհետև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրա ֆակուլտետում, իսկ հետո ինչպե՞ս Ձեր ուղին շարունակվեց հեռուստատեսությունում։

-Պարը երազանք էր, չպարել չէր լինի։ Մայրս որոշեց ինձ տանել պարի և շատ կարճ ժամանակ անց ես հասկացա, որ այն իմ տարերքն է: Այնքան շատ էի սիրում պարը, որ պատրաստ էի աշխատել, ջանալ, լավագույն արդյունքը ինձնից քամելու համար, ուղղակի ինչ-որ ժամանակ հետո հասկացա, որ հայկական իրականության մեջ ես չեմ կարող դառնալ պարող: Ինձ համար ճակատագրական եղավ հանդիպումը  ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի հետ, նա հորս ասաց.«Այս տղան ափսոս է, թող գնա ռեժիսուրա»։ Եվ այդպես ես գնացի թատերական ու հայտնվեցի երկու շատ կարևոր ու լավ մարդկանց ձեռքերում՝ Հրաչյա Աշուղանի և Ռուբեն Կարապետյանի: Ես սովորում էի 3-րդ կուրսում և ինձ ընտրեցին լրագրող   «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի առավոտը»,(այն ժամանակ այդպես էին անվանում) հաղորդման համար:

-Ինչ-որ պահ եղավ, որ որոշեցիք հրաժարվել էկրաններից և կանգնեցիք տեսախցիկներից այն կողմ. սկզբում «Հայ մայրիկ», հետո «Մայրիկների ակումբ», «Առավոտ լուսո», «Տան Մեծը», ինչու՞ այդպես եղավ։

-Կադրից դուրս անցնելը սկսվեց «Երկիր Մեդիայից», երբ սկսեցի աշխատել Մերիի՝ այն ժամանակ դեռ ապագա կնոջս հետ: Ես հասկացա, որ ստացել եմ բարձրագույն կրթություն, բայց մի կողմ եմ դրել իմ մասնագիտությունը և զբաղվում եմ հաղորդավարությամբ, ճիշտ է ես այդ գործը սիրում էի։ Ինձ նման փակ և ամաչկոտ մարդու համար այն շատ լավ հարթակ էր արտահայտվելու համար, բայց պետք է վերադառնայի  մասնագիտությանս: Ութ տարի «Երկիր Մեդիայում» աշխատելուց հետո, երբ տեղափոխվեցի Հանրային հեռուստաընկերություն, ես համուզված էի, որ եթեր չեմ մտնելու դեռ այնքան ժամանակ, մինչև բնական ձևով չհայտնվեմ այնտեղ:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Քրիստինե Պեպելյանի «Կգնամ» և Սոֆի Մխեյանի «Լուռ է սերը» երգերի խոսքերի հեղինակն եք: Առաջիկայում նոր համագործակցություն չի սպասվում:

-Դա շատ վաղուց էր, երևի հենց նույն 2000-ականներին, երբ ես սկսեցի գրել երաժշտություն: Ես մորաքրոջիցս նվեր էի ստացել ստեղնաշար, որով ստեղծագործում էի ու գրվեցին այդ երգերը: «Կգնամ» երգը, իմ առաջին երգն է: Այդ ժամանակ արդեն փայլող աստղ Քրիստինեի հետ իմ հանդիպումը շատ լավ եմ հիշում: Ես նրա մոտ մի քանի երգ էի թողել և հենց նույն օրը երեկոյան նա ասաց, որ առաջին երգը շատ է հավանել : Հետագայում եղավ ծանոթություն և աշխատանք Սոֆի Մխեյանի հետ և գրվեց «Լուռ է սերը» երգը: Ես անհավանական երաժշտամոլ եմ և այն առաջինն է իմ նախասիրությունների ցուցակում, ուղղակի ես կարծում եմ, որ սա այն գործն է, որը պահանջում է աշխատանք, կոմունիկացիաներ, հետևողականություն, իսկ ես չտվեցի ոչ մեկը, ոչ էլ մյուսը, դրա համար այն մնաց ինձ համար հոբբի:

-Մի առիթով նշել եք, որ ժամանակին նոր նախագիծ եք բացել ավելի շատ ժամանակ անցկացնելու համար Մերիի հետ, այսօր էլ Մերին Ձեզ ոգեշնչում է ստեղծելու  նոր նախագծեր:

-Այն ժամանակ գաղափարը միասին ինչ-որ բան անելու այն էր, որ հասկանայի, արդյոք նա հենց այն միակն է, թե ոչ, և այդ գաղափարը շատ լավ աշխատեց (ժպտում է), բայց հետագայում այն բոլոր պրոեկտները, որոնք մենք արել ենք, հիմնականում եղել են Մերիինը, որովհետև նա մեր գաղափարների  գեներատորն է: Ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ հեռուստատեսությունից դուրս նրա  անհավանական  նախաձեռնողականությունը ինձ միշտ հիացնում է: Մի օր երեկոյան, թեյ խմելիս նա առաջարկում է մի բան անել և դու հասկանում ես, որ հենց նոր նա ասաց մի հիանալի պրոեկտի գաղափար:

-Հանրային հեռուստաընկերությունը սկսում է նոր եթերաշրջան, հեռուստադիտողը ի՞նչ կարող է ակնկալել ձեզնից:

-Հանրայինը թևակոխել է նոր եթերաշրջան, այս անգամ այլ ձևաչափով: Այս եթերաշրջանում խիստ կասկածում եմ, որ կկարողանանք Մերիի հետ աշխատել միասին, որովհետև ես այժմ աշխատում եմ «Սպասիր ինձ» նախագծի համար, սա իմ առաջին փորձն է դուրս գալ հայաստանյան սահմաններից և աշխատել օտարերկրյա գործընկերների հետ: Սակայն կա մեկ սեգմենտ, որի համար լավ իմաստով ուզեմ-չուզեմ ժամանակ պետք է հատկացնեմ, դա առաջնահերթ ընտանիքնն է, քանի որ ինձ համար չկա լիցքավորման այլ աղբյուր:

Ո՞րն է  երջանիկ ընտանիք ունենալու ձեր բանաձևը:

-Տանը խաղաղություն է, տանը տիրում է սեր և համերաշխություն, երեխան մեծանում է շնչելով առողջ թթվածին: Մեր համար թիվ մեկ նպատակն է, որ մեր երեխաների ուսապարկերում շատ սեր, լույս և ջերմություն լինի, որ ամբողջ կյանքի ընթացքում, ցանկացած տհաճ իրավիճակի ժամանակ նրանք հենվելու տեղ ունենան: Կռիվները, չասված խոսքերը, խնդիրները, այս ամենը մեզ համար չեն, նրանք մեր ընտանիքում տեղ չունեն և մեզ համար ընտանեկան երջանկությունը՝ մեր տան խաղաղությունն է:

-Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում երեխաների ծնվելուց հետո:

-Ամեն երեխայի ծնվելուց մեծանում է երջանկության դոզան: Ես երեք երեխաներիս ծնունդին էլ ներկա եմ եղել, բայց երեքին էլ որպես մարդ արարած  ես սկսում եմ հասկանալ մի որոշ ժամանակ հետո, և այդ նույնը կրկնվում է միշտ (ժպտում է…) ։

 

Հարցազրույցը՝ Թամարա Վարդանյանի

2-րդ կուրս

 

Կիսվել