ԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ԱՅԼ ԱՇԽԱՐՀ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. ԱՅԼ ԱՇԽԱՐՀ

2546

Մենք մարդ չենք, այլ դերասան». ահա այս պատասխանը ստացա, երբ հանդիպեցի Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսանողուհի Սյուզաննա Դավթյանին։ Ինչու՞ այդպես պատասխանեց. «Մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք. վաղը կամ մյուս օրը ավելի դժվար է լինելու։ Պետք է պատրաստ լինես նույնիսկ մինչև գիշեր աշխատելու»։

Սյուզին իր  հիմնական օրը անցկացնում է հենց Թատերական ինստիտուտում։ Կյանքը ուսումնական հաստատության ներսում և դրսում լրիվ այլ է, ասում է նա։ Առավոտից պարի դասընթացներ, հետո մասնագիտական. այս  շղթան կարելի է անվերջ շարունակել։

Հենց սկզբից էլ Սյուզին գիտեր՝ Թատերական է ընդունվելու. «Միշտ դպրոցում ակտիվ էի, մասնակցում էի բոլոր միջոցառումներին»:

Երբ արդեն ամեն ինչ հստակեցված էր և Սյուզին գիտեր, որ իր բեմային հաջողությունների շղթան շարունակել է պետք, հստակեցրեց իր ցանկությունները և ընդունվեց Թատերական։ «Բոլորը հարցնում էին՝ պապադ կթողնի՞»,- հիշում է ապագա դերասանուհին։

Սյուզիի հայրն էլ էր իր աղջկա մեջ տեսել  դերասանական տաղանդը։ Երբ եկավ ընդունվելու պահը, նա, բռնելով իր աղջկա ձեռքը, տարավ հատուկ դասընթացների։

Ամեն ինչի սկիզբը միշտ էլ դժվար է լինում։ Երբ եկավ սեպտեմբերը  և Սյուզին առաջին անգամ ունեցավ հնարավորություն հայտնվելու ինստիտուտի պատերից այն կողմ, լրիվ ուրիշ աշխարհ բացահայտեց։ «Ինձ համար նորմալ չէր, որ աղջիկը կարող էր ծխել, ավելի ազատ մտածելակերպ ունենալ։ Ի վերջո թատրոնի դերասանը չպետք է կաշկանդված լինի, ունենա ոչ ազատ կամք։ Սա էլ է դերասան դառնալու ուղու հաղթահարման խնդիր, ու  դերասանը պետք է կոմպլեքսներից ազատված լինի»։

Այն հարցիս, թե  թատերականը ի վերջո, կոմլեքսավորեց թե ազատեց Սյուզիին, նա ժպտաց. «Երբ առաջին կուրսում էի, նույնիսկ բարև չէի տալիս կուրսեցիներիս։ Կոմպլեքսավորված էի, ամաչում էի էտյուդ բեմադրել»։

Եղավ մի պահ, որ Սյուզին որոշեց գնալ ի վերջո պարի ռեժիսյուրայի։ Հիասթափված էր, չէ՞ որ շատերը ասում էին ՝ դերասանի մասնագիտությունն իր համար չէ։ Սակայն հետո այս բացն էլ լրացվեց, սկսեց ինտեգրվել թատերական ինստիտուտի մեջ, բեմադրեց էտյուդներ։ «Այդ ժամանակ սկսեցի հասկանալ, որ թատրոնը իմն է»։

Ամենահաճելի և հիշվող բեմադրությունն էլ Փոքրիկ իշխանն էր։ Մինչև հիմա Սյուզին անընդհատ դնում ու վերանայում է այդ բեմադրությունը։

Աշխատանքի արդյունքը միշտ էլ երևան կգա։  Այժմ Սյուզին պատրաստվում է հանձնել դիպլոմային աշխատանք։ Հպարտությամբ է նշում, որ գլխավոր դերը հենց նրան է հասել։ «Սկզբում իմ վրա վստահ չէի, սակայն, եթե կուրսղեկս հավատում է իմ ուժերին, ուրեմն ես էլ եմ սկսում հավատալ, եթե ինձ տվել է այս դերը, ուրեմն գիտի, որ կարող եմ»։

Առաջին կուրսում Սյուզիի դասղեկը Աննա Հեքեքյանն էր։ Վերջինս միշտ շեշտում էր, որ դերասանը չպետք է հիվանդանա, պատրաստ պետք է լինի ցանկացած դժվարության․ «Թատերական ինստիտուտում այլ աշխարհ է՝ ունի իր կանոններն ու մոտեցումները։ Ամեն քայլափոխին կարող ես կոտրվել, կարող են քեզ կոտրել. դերասան դառնալուց առաջ պետք է անցնել այդ դժվարին ուղին»։

Հարցրեցի,  եթե հետ գնար մի քանի տարով, կրկին կընտրե՞ր դերասանի մասնագիտությունը։ Սյուզին ասաց. «Սա ինձ համար ուրիշ իրականություն է։ Հիմա արդեն մտածում եմ, որ ուրիշ մասնագիտություն չէի էլ կարող ընտրել»։

Թատերական ինստիտուտը ազատում է կոմպլեքսներից։ Սյուզին պատմում է, որ նրանք ուսումնական պրոցեսում մնջախաղերի միջոցով ավելի են վստահում իրենց  խաղընկենկերներին․«Այն օգնում է դերասանական կարիերայի ընթացում»։

Ինստիտուտից դուրս թատերականի ուսանողները այլ են։ Ինստիտուտը նրանց սովորեցնում է վստահություն․«Կարծես այլ աշխարհում լինենք, սակայն հենց հայտնվենք ինստիտուտի պատերից այն կողմ մենք ուրիշ ենք։ Սա է պահանջում հասարակությունը։ Ասում են, որ ինստիտուտը մեզ ազատում է կոմպլեքսներից, սակայն դա էլ ճիշտ չէ․ հասարակության մեջ դու անկախ չես․ պետք է շարժվես նրանց մենտալիտետով ու կանոններով»:

Սյուզին պատրաստ է ամեն դժվարության։ Գիտի որ հեշտ չէ ավարտելուց հետո միանգամից դերեր ստանալը։ Սակայն վստահ է` այն մասնագիտական կրթությունը, որը տալիս է ինստիտուտը, բավարար է աշխատելու համար։

 

Կատարինե Ղարսլյան

4-րդ կուրս

 

Կիսվել