ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԸ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ՆՐԱՆ ԻՐ ԺՊԻՏԻ, ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ

ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԸ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ՆՐԱՆ ԻՐ ԺՊԻՏԻ, ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ

2300

Խորհրդային միության տարիներին հեռուստացույցը այն մոգականան սև արկղիկն էր, որի շուրջ հավաքվում էր ամբողջ ընտանիքը: Եթերից խոսող սև ու սպիտակ մարդիկ գունավոր կյանքում անհասանելի ու անիրական էին թվում: ԽՍՀՄ տարիներին եթերը և, առհասարակ, ամբողջ մամուլը  իշխանությունների հսկողության և խիստ գրաքննության տակ էր գտնվում, այնուամենայնիվ, այդ ժամանակ էլ էին տեխնիկական խոտաններ, ուղիղ եթերում հետաքրքիր, զավեշտալի դեպքեր պատահում:

Տարիների ընթացքում Հանրային հեռուստատեսությունում սերնդափոխություն է եղել` շատերն են եկել ու գնացել, բայց եղել են, նաև արժանավոր մարդիկ, ովքեր մոռացության են մատնվել: Ասում են, հեռուստատեսությունը` մարդիկ են: Հեռուստատեսությունը հետաքրքիր է այն մարդկանցով, ովքեր աշխատել և աշխատում են այդտեղ, ովքեր հիմնադրել են այն: Հաղորդավարուհի Օֆելյա Խաչատրյանը եղել է հանրային հեռուստատեսությունում հիմնադրումից ի վեր: Նա տարիներ շարունակ նորություններ է ընթերցել, մեկնաբանել այս կամ այն իրադարձությունը, զրուցել արվեստագետների, քաղաքական գործիչների և այլոց հետ: Նոր սերնդին այս անունը, գուցե շատ բան չասի, բայց նա, միակն է եղել, ով համարձակվել է ուղիղ եթերում քննադատել անձամբ ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին իր տարօրինակ սովորության համար և շարունակել աշխատել հեռուստատեսությունում: Իրականում, դա շատ զավեշտալի պատմություն է եղել:

Խորհրդային քաղաքական և պետական գործիչը հայտնի էր իր մարդամոտ բնավորությամբ: Նա սիրում էր մեդալներ և շքանշաններ շնորհել, իսկ ամենաշատը սիրում էր հանդիպումներին ողջագուրվել և համբուրվել:
70-ականներին դժվար գտնվեր մեկը, ով չիմանար, թե որն է «եռակի Բրեժնևը»:Այդպես նա ողջունել է բազմաթիվ երկրների առաջնորդներին: Հանդիպումների ժամանակ, նա երեք անգամ համբուրում էր բարեկամ երկրի առաջնորդին. նախ համբուրում էր ձախ այտը, հետո աջ և  ամեվնաերջում՝ շուրթերը:

Հերթական աշխատանքային օրն էր. Օֆելյա Խաչատրյանն իր աշխատանքն էր կատարում եթերում: Օրվա գլխավոր իրադարձությունը ինչ որ հանդիպում էր, որի ժամանակ Բրեժնևը սովորության համաձայն, որպես բարեկամական ժեստ համբուրում էր հանդիպման նշանավոր անդամներին: «Բրեժնևն էլ հոգնեցրեց իր համբուրվելու սովորությամբ: Չեմ հասկանում, թե ինչու է բոլորին անխտիր համբուրում»,-ասաց Օֆելյան: Ու հանկարծ տաղավարի մյուս կողմից ինչ որ մեկը բղավեց. «Օֆելյա դու հասկացար, թե հենց նոր ինչ կատարվեց, թե ինչ արեցիր դու հենց նոր»:

Պարզվում է Օֆելյայի քննադատությունը հնչել էր ուղիղ եթերում, այլևս անհնար էր մոնտաժել կամ հեռացնել այն, բայց հանրայինի աշխատակիցներին հաջողվեց  խոսքն այլ կերպ ներկայացնել և նրան հնարավորություն տալ շարունակել աշխատել էկրանից այն կողմ:

ԽՍՀՄ տարիներին հաղորդավարները օրվա ծրագրերում ավելի շատ էին ընդգրկված: Հաղորդումները գլխագրերով չէին հաջորդում իրար, այլ հաղորդավարներն էին միջնորդ հանդիսանում: Նրանք անընդհատ եթեր էին դուրս գալիս հայտարաություն անում, կարդում օրվա ծրագիրը: Նրանց ներկայությունը եթերում անընդհատ էր, նրանք էին հեռուստատեսության դեմքը, հենց դա էր, նրանց հայտնիության գաղտնիքը:

Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը պայծառ հիշողություններ ունի Օֆելյա Խաչատրյանի հետ կապած:
«Օֆելյան շատ պայծառ անձնավորություն էր և ուներ շատ բուռն, վարակիչ ծիծաղ: Հեռուստադիտողը սպասում էր նրան իր ժպիտի, բարձրաճաշակ խոսքի համար: Նա հեռուստատեսության առաջին սերնդի ներկայացուցիչներից է եղել: 80-ականներին, դեռ նոր էին սկսվել տեսագրությունները, և միայն այն հաղորդումները, որ տեսագրվեցին մնացին ֆոնդում: Հեռուստատեսությունը նոր էր սկսում զարգանալ և շատ բաներ հանրայիմում չհասցրեցին ի մի բերել, այդ պատճառով եղան մարդիկ, ում մասին շատ քիչ տեղեկատվություն պահպանվեց: Ցավոք Օֆելյան շատ երիտասարդ մահացավ և, ուղղակի չհասցրեց մեծ հետք թողնել հեռուստատեսությունում: Ես շատ կապված էի Օֆելյայի հետ և սիրում էի նրան, որպես ավագ ընկերոջ»:

 

Շուշան Ստեփանյան

4-րդ կուրս

Կիսվել