Ասում են՝ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: Մարդկանց մեծամասնությունն այսօր մեծ հետաքրքրությամբ է հետևում թե՛ հեռուստատեսությամբ հեռարձակվող, թե՛ թերթերում տպագրվող աստղագուշակներին: Աստղերը հուշում են, իսկ բոլորի ցանկությունը մեկն է՝ հուշեն դրականը, գեղեցիկը, անսպասելի հաճելին:
Աստղային գուշակությունների, դրանց խորհուրդների և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Բարև, Երկիր» առավոտյան ծրագրի «Աստղագուշակը» էջի հեղինակ-վարող Սոֆի Ժամհարյանի հետ:
–Սոֆի, ե՞րբ և ինչու՞ որոշեցիր հենց «Աստղագուշակ» հաղորդումը վարել:
–Վաղուց է, ինչ մտածում էի ինչ նոր էջով կամ հաղորդումով ներկայանալ հեռուստադիտողին, երկար մտորումներից հետո որոշեցի «Բարև երկի» առավոտյան հաղորդման շրջանակներում ներկայանալ իմ հեղինակային էջով: Ինչու՞ աստղագուշակ՝ կարծում եմ միակ հետաքրքիր և վաղվա օրը կանխատեսող էջերից է, որի միջոցով կարողացա դրականը փոխանցել հեռուստադիտողին։
-Քո կարծիքով մարդիկ հավատու՞մ են աստղագուշակին և ինչո՞վ է դա պայմանավորված:
–Այո, մարդիկ հավատում են աստղագուշակին. դրանում ես համոզվեցի, երբ որոշ ժամանակ դադար տվեցի. անընդհատ զանգեր էի ստանում հերուստադիտողներց, նրանց պահանջը մեկն էր`վերադառնալ և զգուշացնել աստղային կանխատեսումների մասին։
Մարդիկ սիրում են իմանալ հաջորդ օրվա կամ ամբողջ շաբաթվա մասին ավելի շուտ, իսկ դա կարող են իմանալ աստղագուշակի տեսության միջոցով։
– Ինքդ հավատու՞մ ես աստղագուշակին:
–Այո հավատում եմ, եթե ես չհավատայի, դժվար կլիներ հավատացնել հեռուստադիտողին: Ցանկացած գործ սկսելուց առաջ նախ պետք է հավատաս ինքդ քեզ և քո արած աշխատանքին։
–Գիտենք, որ մասնագիտությամբ հոգեբան ես: Այդուհանդերձ դժվար չէ՞ վստահություն ներշնչել հեռուստադիտողներին:
–Դժվար չէր, որովհետև հոգեբան լինելով՝ ավելի հեշտ էր հավատ ներշնչել դեպի ինձ։ Հոգեբանությունը օգնեց ավելի լավ հասկանալ հեռուստադիտողների պահանջներն ու սպասումները, շատ կարևոր է, երբ վստահում են ու հավատում, իսկ դրա համար երկար ժամանակ չպահանջվեց, որի համար շատ ուրախ եմ:
-Տվյալ բնագավառում ունեցածդ կենսափորձից ելնելով՝ կնշե՞ս հորոսկոպի այն նշանները, որոնք ամենադրականն են և հակառակը:
–Չեմ կարող առանձնացնել, որովհետև յուրաքանչյուր նշան իր մեջ ունի և´ բացասական, և´ դրական կողմեր։
-Կյանքում հաջողությունների հասնելու համար կարևո՞ր է հաջողակ աստղի տակ ծնվելը:
–Ամեն մեկն ունի իր ճակատագիրը, իսկ հաջողակ դառնալու համար հարկավոր է պարզապես հավատալ քեզ բաժին հասած հաջողությանը, իսկ աստղերը թող հետևեն այդ հաջողության ընթացքին (ժպտում է):
-Կա տեսակետ, որ բոլոր աստղագուշակ հաղորդումներն իրենցից լուրջ բիզնեսն են ներկայացնում: Ի՞նչ կարծիքի ես:
–Աստղագուշակությունը գիտություն է, որը ուսումնասիրում է աստղերի դասավորությունը, նրանց դիրքն ու ազդեցությունը, իսկ այդ ամենը ներկայացնելը բիզնես չի կարող համարվել։
-Ի՞նչ խորհուրդ կտաս հորոսկոպի բոլոր նշաններին:
–Աստղերը հուշում են բոլոր աստղակերպի նշաններին, որ վայելեն յուրաքանչյուր վայրկյանը: Լցվեն դրականով, դրականը ուղարկեն տիեզերք, իսկ տիեզերքը դա չի մոռանա։
–Եվ վերջում, ի՞նչ է սպասվում 2018 թվականին, առհասարակ, հորոսկոպի բոլոր նշաններին:
– Քանի որ 2018 թվականը գտնվելու է Մերկուրիի ազդեցության ներքո` Երկվորյակների և Առյուծների ղեկավարությամբ, ու լինելու է հաջողության և բարձունքի տարի բոլոր նշանների համար, ապա կանխատեսումը կլինի կրկնակի։ Եթե թույլ կտաք անդրադառնամ անհատական բոլորին:
Խոյ-2018 թվականը լի է լինելու փոփոխություններով ու անսպասելի իրադարձություններով: Խոյերը չպետք է հետաձգեն կարևոր որոշումների իրականացումը: Նորովի գործելու անհրաժեշտությունը կզգացվի հենց տարեսկզբից:
Գործնական կյանքում կարող են որոշակի դժվարություններ ծագել, քանի որ աշխատանքի ծավալն ավելանալու է: Պաշտոնի կամ դիրքի բարձրացում պետք չէ ակնկալել, քանի որ կարող են բարդություններ ծագել ղեկավարության հետ հարաբերություններում:
Ցուլ-Միայնակ Ցուլերի անձնական կյանքում 2018 թվականին մեծ փոփոխություններ են սպասվում. շատերը կգտնեն իրենց երկրորդ կեսին: Ամուսնացածների համար նույնպես 2018 թվականը հաջողակ է լինելու՝ ֆինանսական առումով: Տարեվերջին եկամուտների նկատելի աճ կլինի: Գործնական կյանքում հաջողություններ կլինեն նրանց մոտ, ովքեր հուսալի գործընկերներ են փնտրում: Այնուամենայնիվ, հարկավոր է որոշակի զգուշավորություն ցուցաբերել գործնական ուղևորություններ կատարելիս: Ոչ բոլորն են հաջող ավարտ ունենալու:
Երկվորյակ- 2018 –ն ուղեկցվելու է կենցաղային հաճելի հոգսերով: Երբեմն միանգամից մի քանի խնդիր լուծելու անհրաժեշտություն կառաջանա: Սպասվում են հաջողություններ նաև աշխատավայրում: 2018 թվականին ավելի լավ կլինի վարկային պարտավորություններ չստանձնել: Տարվա ընթացքում հարկավոր կլինի ավելի շատ ուշադրություն դարձնել առողջությանը:
Խեցգետին- Խեցգետինները ժամանակ պետք է գտնեն ստեղծագործական աշխատանքի համար: Աստղերն այս առումով հաջողություններ են խոստանում: Պետք է բաց չթողնել սեփական տաղանդն ի ցույց դնելու բացառիկ հնարավորությունը: Նոյեմբերից մինչև տարեվերջ ակտիվ աշխատելու ամենաճիշտ ժամանակն է:
Անձնական կյանքը նույնպես հարուստ է լինելու իրադարձություններով: Ամուսնացած Խեցգետինները պետք է ավելի շատ հոգատաություն ցուցաբերեն երկրորդ կեսի նկատմամբ:
Առյուծ- 2018-ը անցնելու է ընտանեկան միջավայրում: Ժամանակի մեծ մասը նվիրելու եք մերձավորներին, վայելելու եք ընտանեկան երջանկությունը: Ամռանը հաջողություններ են սպասվում այն Առյուծներին, որոնք աշխատում են գյուղատնտեսության բնագավառում: Աշխատավայրում պարտավորություններն ավելանալու են, բայց աշխատանքի նկատմամբ պատասխանատվության զգացողությունը թույլ կտա խուսափել հավելյալ դժվարություններից:
Կույս- Նոր ծանոթություններ են սպասվում: Անհրաժեշտ է հարստացնել ունակությունները, օրինակ՝ հաճախել վարպետության դասընթացների: Կարող են որոշակի խնդիրներ առաջանալ երեխաների դաստիարակության հետ կապված հարցերում: Հարկավոր կլինի ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ: Գործարար Կույսերին դժվարություններ են սպասվում: Ճիշտ կլինի ռիսկային նախագծերը որոշ ժամանակով մի կողմ դնել:
Կշեռք-Ակտիվ աշխատելու ժամանակն է: Ֆինանսական վիճակը կկայունանա, պարգևավճարների և գործնական նոր առաջարկների պակաս չի լինի: Հաջողություններ կլինեն նաև ուսման բնագավառում:
Որոշակի խնդիրներ կծագեն ազգականների հետ հարաբերություններում, ինչը կարող է հանգեցնել կոնֆլիկտի՝ ծնողների հետ: Խորհուրդ է տրվում ավելի զուսպ կեցվածք ունենալ:
Կարիճ- Հեղինակությունը բարձրացնելու և նոր դիրքից հանդես գալու ամենաճիշտ ժամանակն է: Հարկավոր կլինի փոխել ոճը, ազատվել ավելորդ կիլոգրամներից: Տարեվերջին ֆինանսական հաջողություններ են սպասվում:
Աշխատավայրում հաջողությունները կարող են ավելացնել ձեր չարակամների թիվը: Խարդավանքներն անխուսափելի են:
Աղեղնավոր- Տարին հանգիստ կընթանա: Պետք է կենտրոնանալ սեփական անձի վրա, ժամանակ գտնել հանգստի և զվարճանքների համար:
Տարեվերջին ակտիվ գործելու անհրաժեշտություն կառաջա, ժամանակի մեծ մասը ստիպված կլինեք անցկացնել դրսում:
Սպասվում են ֆինանսական որոշակի դժվարություններ, հարկ կլինի խնայողաբար ծախսել գումարը: Լավատեսությունն ու դրական տրամադրվածությունը կօգնի հաղթահարել բոլոր խոչընդոտները:
Այծեղջյուր- Համախոհներով եք շրջապատված լինելու, ինչի շնորհիվ հեշտությամբ կիրականանան գրեթե բոլոր նախաձեռնությունները: Խորհուրդ է տրվում հասարակական ակտիվ գործունեություն ծավալել: Հաջողություններից ոգևորությունը, սակայն, չպետք է մոռացնել տա պարտավորություններն՝ ընտանիքի անդամների նկատմամբ: Ազատ ժամանակը անցկացրեք ընտանիքի գրկում:
Ջրհոս- Գործնական կյանքում արմատական փոփոխություններ են սպասվում . կարող է փոխվել աշխատավայրը, նույնիսկ գործունեության ոլորտը: Այս ամենը ֆինանսական վիճակի փոփոխության կհանգեցնի: Սկզբանական շրջանում կարող են բարդություններ լինել, որոնք հնարավոր է հաղթահարել ՝ ցուցաբերելով կամքի ուժ: Զգուշացեք հրապարակայնացնել անձնական կյանքը, դա կարող է բանսարկությունների առիթ դառնալ: Տարվա ընթացքում հարկավոր կլինի լարել ուժերն ու չծուլանալ՝ ոչ մի պարագայում:
Ձուկ-Հաջողակ տարի է սպասվում՝ լի նոր իրադարձություններով: Իրավաբանական գործընթացները հաջող ավարտ կունենան, սպասվում են ճանապարհորդություններ: Կբարելավվեն հարաբերությունները երկրորդ կեսի ազգականների հետ, տարաձայնությունները կհարթվեն: Ընկերների ու մտերիմների հետ հարաբերություններում ևս փոփոխություններ են սպասվում: Ջանքեր են պետք ՝ փոխադարձ վստահությունը պահպանելու համար: Ամենակարևորը սկզբունքներին հավատարիմ մնալն է:
Հարցազրույցը՝ Օֆելյա Իսրայելյանի
4-րդ կուրս