ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ

ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ

1934

Մանկաբույժը եւ հոգեբանը պարզաբանում են խաղալիքի ճիշտ ընտրության կարեւորությունը

Խաղալիքների մի քանի խանութներ մտնելուց հետո պարզ դարձավ, որ փափուկ խաղալիքներին փոխարինելու են եկել պլաստմասե խաղալիքները եւ, որ դրանք հիմա ավելի շատ են վաճառվում: Աղջիկ երեխաների համար առավել հաճախ առաջարկվում են մուլտհերոսների կերպարներով տիկնիկները, օրորցները, տնակները, իսկ տղաների համար բացառապես մեքենաները, զենքերը, գնդակները: Իսկ հոգեբանի եւ մանկաբույժի կարծիքները եւ խորհուրդները կարող են ձեզ օգնել ճիշտ ընտրություն կատարել ամանորյա տոներին խաղալիք ընտրելու հարցում:

Հոգեբան Սաթեն Գրիգորյանն ասում է, որ խաղալիքները կարող են ունենալ եւ դրական, եւ բացասական ազդեցություն՝ կախված ճիշտ կամ սխալ ընտրությունից . «Խաղալիք ընտրելիս պետք է հետեւողական լինել, քանի որ այն կարող է առաջ բերել ակնհայտ ագրեսիա երեխայի մոտ: Պետք է նաեւ ուշադրություն դարձնել, թե խաղալիքը որ սեռի երեխայի համար է նախատեսված. չի կարելի աղջկան տղայի խաղալիք տալ եւ հակառակը: Ցանկալի է շեշտը դնել զարգացնող խաղերի վրա, քանզի դրանք երեխաների մոտ զարգացնում են ուշադրությունն ու ինտելեկտը: Խաղալիքների վրա նշված է լինում նաեւ, թե որ տարիքի համար է նախատեսված, որը նույնպես անտեսել չի կարելի» :

Մանկաբույժ Աշխեն Դավթյանը նշում է, որ առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել հենց փաթեթավորմանը, քանի որ դա շատ բան կարող է ասել խաղալիքի որակի մասին. «Ծնողն, իհարկե, չի կարող որոշել, թե ինչ նյութից է պատրաստված խաղալիքը, բայց դրա հոտը կարող է հուշել: Անվտանգության տեսանկյունից ցանկալի է, որ խաղալիքների վրա փոքր մասերը գերիշխող չլինեն»:

Ծնողները հաճախ ընդառաջում են երեխաներին` ընտրելով նրանց ուզած խաղալիքը, բայց պետք չէ մոռանալ դրանց ազդեցությունների մասին. չէ՞ որ երեխայի ֆիզիկական եւ հոգեբանական առողջությունն ավելի կարեւոր է:

 

Գայանե Իսրայելյան

4-րդ կուրս

Կիսվել