«ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԴԸ ԿԿՈՐՑՆԻ ԻՐ ԿԱՅՈՒՆ ՀՈԳԵՎԻՃԱԿԸ»

«ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՐԴԸ ԿԿՈՐՑՆԻ ԻՐ ԿԱՅՈՒՆ ՀՈԳԵՎԻՃԱԿԸ»

1424

Մշակութային լրագրությունը ամենանուրբ մոտեցում պահանջող ոլորտներից է: Թեմայի շուրջ զրուցել ենք  մշակութաբան – լրագրող Մարինե Սահակյանի հետ:

Ձեր կարծիքով, ով պետք է զբաղվի մշակութային լրագրությամբ. մասնագիտությամբ լրագրողը, թե՞ մշակութաբանը:

-Կարծում եմ՝ մասնագիտությունը էական չէ: Պարզապես, պետք է մշակույթին, արվեստին քաջածանոթ լինել: Ցանկացած նյութ գրելուց առաջ պետք է ուսումնասիրել թեման:

-Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է մշակութային լրագրությունը:

-Հայաստանում չենք կարող ասել, որ մշակութային լրագրությունն ունի լայն ունկնդիրների քանակ: Սովորաբար մշակութային թեմաներով նյութերը ներկայացվում են լուրերի վերջում: Եթե թերթեք տպագիր մամուլը, ապա կտեսնեք, որ գրեթե վերջին էջերում է դրվում հոդվածները: Այսօր մենք ունենք  մի քանի խմբագրություններ, որոնք ներկայացնում են հետաքրքիր մշակութային նյութեր, բայց նրանք քիչ են:

-Մշակութային լրագրությունը որքանո՞վ է մրցունակ մյուս ոլորտների հետ:

-Ինձ համար մշակութային լրագրությունը ամենահետաքրքիրներից է, բայց, ցավոք, մրցունակ չէ: Եթե սպորտային, քաղաքական լրագրությունը կարող են գովազդներով ապահովել եկամուտ, ապա մշակութային լրագրությունը գրեթե միշտ կարիք է զգում ֆինանսավորման այլ աղբյուրներից:

-Մշակութային նյութերը գրվում են կոնկրետ լսարանի համար, թե՞ հասարակ քաղաքացուն էլ են հետաքրքիր:

-Ես գրում եմ բոլորի համար: Չեմ կարծում, որ մշակութային նյութերը հատուկ լսարանի համար են: Առանց մշակույթի մարդը կկորցնի իր կայուն հոգեվիճակը:

-Նյութը գրելիս ինչի՞ն եք ավելի շատ ուշադրություն դարձնում:

-Կարևորում եմ իմ հոդվածով ասել մի բան, որ մինչ այդ չի հնչել, գտնել այն հետաքրքիր մասնիկը, որը ինքս էլ հենց այդ պահին իմացա,  որն ինձ զարմացրեց, հիացրեց, ու ես անհամբերությամբ ցանկանում եմ այն փոխանցել ընթերցողին: Ըստ իս, ցանկացած լավ մշակութային հոդված ստանալու համար, պետք է երկար աշխատել, օգտվել տարբեր աղբյուրներից՝ ապահովելով նյութի դինամիկությունը:

՞նչ բացթողումներ կան ոլորտում:

-Մշակութային լրագրությունը ներկայացվում է հիմնականում «տեղի ունեցավ» այս ինչ միջոցառումը թեմաներով: Հետաքննող, բացահայտող, ուսումնասիրող մշակութային լրագրությունը  շատ քիչ է:

 

Հարցազրուցը` Մարիամ Ալեքյանի

4-րդ կուրս

Կիսվել