ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր, ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏՈՒՆ ԵՍ ԳՆՈՒՄ

ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր, ԱՌԱՎՈՏՅԱՆ ՏՈՒՆ ԵՍ ԳՆՈՒՄ

1851

Կարենն է: Ծառայում է Եղնիկներում, ավտոմեխանիկ է, զորամասում լավագույնն է, անգամ հրամանատարներն են փաստում: Ասում են, որ իր գործի իսկական գիտակն է, ու չկա մի մեքենա կամ զինտեխնիկա որից չկարողանա գլուխ հանել:

Մի քանի օր առաջ արձակուրդ էր ստացել ու եկել տուն: Մեր տուն էլ եկավ: Նստեցինք, զրուցեցինք, հարց ու փորձ արեցի ծառայությունից:

Ասում է.

-Արդեն հարմարվել եմ, բա մի տարվա ծառայող եմ, դժվարն անցել է:

-Բա ո՞նց եղավ, որ եկար, ո՞վ ասաց որ գնում ես տուն,-հետաքրքրվում եմ ես:

-Ինձ համար մեքենայի վրա գործ էի անում, ու մեկ էլ տղաներից մեկը եկավ ու ասեց, որ շտաբից կանչում են: Մտածեցի, որ էդտեղ էլ գործ կա, թողեցի մեքենան ու գնացի շտաբի մոտ: Հեռվից հրամանատարիս տեսա, գնացի իր մոտ, ներկայացա: Ասեց.

-Գևորգյա՜ն, պատրաստվի՛ր, առավոտյան տուն ես գնում՝ 10 օրով:

Տեսնել էր պետք Կարենի դեմքի միմիկան. պահն էր վերապրում:

-Երբ ասեց, որ տուն պիտի գնամ, էդ ժամանակ չգիտեմ՝ ինչ կատարվեց հետս, անբացատրելի ինչ-որ բան էր: Չգիտեմ՝ ո՞նց նկարագրեմ, որ պատկերավոր լինի զգացածս ուրախությունը: Մի րոպեում ամեն ինչ էնքան խառնվեց, չգիտեի՝ ում հետ կիսեմ ուրախությունս, ո՞ւմ ասեմ: Գնացի մեր վաշտ, տղաներին ասեցի, ուրախացան, շնորհավորեցին: Էս մի տարվա  մեջ (էլի էի օտպուսկ եկել) էդ մի օրը ուրիշ նշանակություն ստացավ: Տուն էի գալու: Ամբող օրը ոչ մի բան չկարողացա անել, մեքենան մնացել էր կիսասարքին վիճակում, աշխատելս չէր գալիս, ոչ մի բան աչքիս չէր գալիս բացի մեր տնից, մեր հայաթից:

– Առաջինը ու՞մ ասացիր:

-Մա՜ր,ա՜յ, տեսնել էր պետք, խառնվել էի իրար, եղբորս պիտի զանգեի, զանգեցի պապայիս, պատմեցի՝ ինչն ինչոց է, պայմանավորվեցինք, որ պիտի գաղտնի մնա:

-Բա գիշերը ո՞նց անցավ,-խնձորը մոտեցնելով հարցնում եմ ես:

-Ամենասպասված հարցդ: Չքնեցի: Էդ ի՞նչ էր, ամբողջ օրը բան չէի արե,լ հիմա էլ գիշերը չքնեցի: Մա՜ր, հասկանու՞մ ես, որ էդքան ժամանակ տուն չես գնում ու չգիտես, թե երբ ես գնալու ու գալիս են ասում, որ պատրաստվես, վաղը տուն ես գնում, էդ ժամանակ ամեն ինչ խառնվում ա իրար:

-Իսկ գա՞լդ: Եղնիկներից ո՞նց հասար գյուղ:

-Նստեցի գազել ու եկա Երևան: Երևանից հորս ու քրոջս ամուսնու հետ հասա գյուղ: Մաման առավոտից նստել էր  հայաթում: Չգիտեր, որ գալու եմ, բայց զգացել էր: Գրկեցի: Տաք էր: Կարոտն էր… Մի տարեկան զինվոր եմ:

Ժպտում է, կանգնում նստած տեղից ու քայլում դեպի դուռը…

 

Մարիամ Ղազարյան (Ղազարենց)

3-րդ կուրս

Կիսվել