ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

1336

Լիլի Վաղարշակյանը դստեր համար խաղալիք գնելիս ուշադիր է ընտրում, այնպես չլինի, որ վնասակար լինի երեխայի առողջությանը: Փորձում է պիտակի վրա գտնել խաղալիքի բարձր որակի ու անվտանգության մասին հավաստող տեղեկությունները.

-Առաջնայինը նայում եմ՝ որ տարիքի համար է նախատեսված, երկրորդը նայում եմ՝ որ երկրի արտադրանք է, հետո քիմիական նյութեր չպարունակեն, էկոլոգիապես լինեն մաքուր և վերջում արդեն լինեն գեղեցիկ, գույներն եմ նայում, որ երեխային հաճելի լինի խաղալ:

Թեև տարեցտարի Հայաստանում ավելանում է խաղալիքների տեսականին, սակայն շուկայում դրանց որակի ու անվտանգության նկատմամբ վերահսկողություն չի իրականացնվում: Այդ փաստն ահազանգում է Մարդու Իրավունքների պաշտպանը 2016 թվականի տարեկան հաղորդման մեջ: Պարզվում է Հայաստանում տեսչական փոփոխություններով պայմանավորված վերահսկող մարմինը երկու տարուց ավելի հնարավորություն չի ունեցել որևէ վերահսկողություն իրականացնելու: Այս ոլորտում 2015 թվականից մինչև օրս բարձիթողի իրավիճակ է: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց. «Ունենք իրավիճակ, որտեղ տնտեսվարող սուբյեկտները գիտեն, որ կարող են անկաշկանդ գործունեություն ծավալել, կարող են կամայական ապրանք ներմուծել Հայաստանի Հանրապետություն և չկա վերջինիս վերահսկողություն: Եթե չկա վերահսկողություն անգամ պարտադիր սերտիֆիկանացման պրոցեսը բնականաբար դառնում է ոչ պարտադիր»:

Համաձայն օրենսդրության Հայաստանում արտադրված կամ ներմուծվող ցանկացած խաղալիք պետք է լաբորատոր փորձաքննություն անցնի, ստանա վկայագիր և միայն այդ դեպքում վաճառվի, սակայն թվային պատկերը այլ բան է ցույց տալիս: Ոլորտին քաջատեղյակ Բաբկեն Պիպոյանն էլ հավելեց. «Տարիներ շարունակ այս ոլորտում նույն վիճակն է, անգամ երբ վերահսկողություն է եղել: Վերջին անգամ խաղալիքների շուկայում 2013 թվականին է ուսումնասիրություն իրականացվել հասարակական կազմակերպության կողմից, արդյունքում պարզվել է տարբեր խանութներից գնված խաղալիքների զգալի մասը պարունակում է առնվազն մեկ ծանր մետաղ»:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Այդա Պետիկյանի խոսքով ծանր մետաղ պարունակող խաղալիքները կարող են առաջացնել տարբեր հիվանդություններ ու մինչև անգամ ազդել երեխայի մտավոր զարգացման ու ունակությունների վրա, քանի որ որոշ խաղալիքների վտանգավոր ազդեցությունն անմիջապես չի զգացվում ու չի հայտնաբերվում, հետևաբար դժվար է հետագայում բացահայտել, որ երեխայի մոտ առկա հիվանդությունն առաջացել է հենց անորակ խաղալիքի պատճառով, հետևաբար խաղալիք գնելիս անորակությունը պարզելու համար պետք է հետևել  մի քանի  կարևոր խորհրդի. «Այսօր շատ լայն տարածում ունեն ճկուն, պլաստիկ զանգվածից պատրաստված խաղալիքները, սրանք պարունակում են ֆենոլներ, ֆտալադներ տարբեր այսպիսի միացություններ են օգտագործում գույնի ու ճկունության հետ կապված: Առաջին հերթին չպետք է ունենա սուր, տհաճ հոտ, այնուհետև շփեք ներկի և քայքայվածության վիճակը հասկանալու համար: Տարիքային սահմանափակումն էլ է շատ կարևոր, պետք է արագ ռիսկերի գնահատում իրականացնեն խաղալիքի վտանգի աստիճանի վերաբերյալ»:

Այս տարի նախատեսված է խաղալիք ներմուծող 18 խոշոր ընկերություններում ստուգումներ իրականացնել: Հաշվի առնելով իրավիճակը մասնագետները ստիպված գնորդներին են խորհուրդ տալիս պահանջել վկայագիր, բայց նաև չբավարարվել դրա առկայությամբ ու մինչ խաղալիք գնելը ուսումնասիրել, ծանր ու թեթև անել, քանի որ մյուս նժարին երեխայի առողջությունն է դրված:

 

Գոհար Նալբանդյան

4-րդ կուրս

Կիսվել