ՍՈՒՐՃ ԿԱՄ ԹԵՅ ԳՆԵԼԻՍ ՈՒՇԱԴԻ´Ր ԵՂԵՔ

ՍՈՒՐՃ ԿԱՄ ԹԵՅ ԳՆԵԼԻՍ ՈՒՇԱԴԻ´Ր ԵՂԵՔ

2154

Հայաստանում ավելի շատ սուրճ է ներկրվում, քան թեյ: Կարելի է եզրակացնել` մեր երկրում սրճասերներն ավելի շատ են: Սուրճն ամենաարագ սպառվող մթերքներից է: Սակայն սպառման ահռելի ծավալները դեռ որակի նշան չեն: Սուրճ, թե թեյ, որն է ավելի օգտակար, ինչպես խանութներում առաջարկվող բազմազանության մեջ կատարել ճիշտ ընտրություն: «Իրազեկ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը խորհուրդ է տալիս խանութում սուրճ կամ թեյ ընտրելիս պարտադիր ուշադրություն դարձնել մակնշմանը.՝ «Քաղաքացին պետք է թեյ կամ սուրճ գնելիս ուշադիր լինի: Նրան պետք է տեսանելի լինի արտադրման օրը, պիտանելիության  ժամկետի ավարտը, անպայման պետք է հայերենով մակնշած լինի պահպանման պայմանները և այդ պայմանների մեջ լինեն՝ ինչպիսին պետք է լինի պահպանումը և հետևել, որ պահպանման պայմանները պահպանված լինեն: Երկրորդը, երբ խոսում ենք սուրճից, աղացած սուրճ ձեռք բերեք այնտեղից, որտեղ հստակ երևում է սուրճի արտադրման օրը, այդ թվում հատիկավոր՝ չաղացած վիճակում, և անպայման ուշադրություն դարձրեք սուրճի տեսակին, ծագմանը, երկրին»:

Մեր երկրում թեյը համարվում է ոչ վտանգավոր արտադրանք: Սննդի անվտանգության պետական ծառայությունից Վահե Դանիելյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ սրանք ներկրման ժամանակ սահմանային հատուկ ստուգումներ չեն անցնում: Հատուկ մեթոդաբանությամբ սահմանված բացառապես փաստաթղթային ստուգումներից հետո ներկրված արտադրանքը հայտնվում է շուկայում: Լաբորատոր փորձաքննության ենթարկվում է միայն հատուկ դեպքերում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, սակայն, այս դաշտում շատ բացթողումներ է նկատում.՝ «Կա 3 հիմնական ուղղություն, որտեղ պետք է վերահսկողություն իրականացվի: Առաջին՝ սահմանում, երբ ներմուծվում է ապրանքը: Այստեղ միայն փաստաթղթին են նայում, չեն վերահսկում: Մինչ դեռ կարելի էր մոնիթորինգ իրականացնել, հենց ի սկզբանե ուսումնասիրել: Երկրորդն արտադրության փուլն է, երբ ապրանքը սկսում է արտադրվել: Այստեղ ևս վերահսկողություն չկա: Երրորդն արդեն իրացման փուլն է , որտեղ փաթեթավորված ապրանքի ժամկետները, պահպանման պայմանները կրկին անտեսվում են»:

Թեյի սովորական ծրարիկում տասնյակ հավելումներ կան, այդ թվում նաև ծրարիկն ու թելն իրար ամրացնող սոսինձը: Այս և այլ նյութերի համն ու հոտը թեյում չեզոքացնելու համար արտադրողը համային և բուրավետ հավելումներ է ավելացնում: Իսկական բուսական և չարոմատիզացված թեյի ու սուրճի մասին իրական պատկերացում կազմելու համար խոսեցինք «Tea Art» ընկերության հիմանդիր տնօրեն Ալեքսանդր Դաշյանի հետ.՝ «Երբ թեյը լցնում ենք ջրի մեջ և այն ամիջապես գույն է տալիս՝ սև կամ կանաչ, արդեն պարզ է դառնում , որ դրա մեջ կան հավելումներ՝ հոտավետ նյութեր, ինչ-որ ներկանյութեր, որոնք ապահովում են թեյի գույնը: Շատ կարևոր է նայել թեյի տերևների որակին պատրաստելուց հետո, և երբ թեյը պատրաստում վերջացնում եք, տերևները պետք է բացվեն: Չինական թեյերի տերևները մինչ պատրաստելը շատ փոքր են լինում, իսկ պատրաստելուց հետո՝ տերևները մինչև 10 անգամ կարող են մեծանալ: Իսկ երբ փաթեթով թեյը պատրաստելուց հետո բացեք, կտեսնեք, որ դրա մեջ փոշի է»:

Խնդրահարույց է նաև սուրճի շուկան:  Սպառողների մի մասը նախընտրում է արդեն աղացած ու հերմետիկ փաթեթավորված սուրճ, մի մասն էլ նախընտրում է իր աչքի առաջ աղալ տալ թափանցիկ տարաներում լցված սուրճի հատիկները: Որն է ավելի օգտակար ու հուսալի: «Tea Art» ընկերության հիմանդիր տնօրեն Ալեքսանդր Դաշյանը խորհուրդ է տալիս չգնել նախապես աղացած, փաթեթավորված սուրճ, քանի որ այն կորցրած է լինում իր համային և որակական հատկությունները, սուրճը պետք գնել միայն թարմ աղացած վիճակում: Սուրճ, թե թեյ… Սննդաբանը խորհուրդ է տալիս ջուր՝ սովորական ջուր: Այնուհետև միայն թեյ և սուրճ, բայց չափի մեջ:

Վերջին ժամանակներս արագ սպառվում են նաև դեղատներում հայտված նիհարեցնող սրճերն ու թեյերը: Իրականում, ինչպես նշում է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը,  սուրճն ու թեյը քաշի նվազեցման հետ որևէ կապ չունեն.՝ «Նիհարեցնող թեյերը քաշն իջեցնում են կամ իրենց միզամուղ հատկություններով, այսինքն՝ օրգանիզմից հեռացնում են ջուրը, և մարդը կշեռքի վրա կանգնելիս տեսնում է իջեցված կիլոգրամներ, կամ դրանք լուծողական թեթև էֆեկտ ունեն և պարունակում են Սենա բույսի հավելումներ կամ ուրիշ լուծողականներ՝ բուսական ծագման, և կրկին օրգանիզմից հեղուկի դուրսբերման օրինակով կշեռքի սլաքն իջեցնում են ներքև կամ պարունակում են նյութեր, որոնք փակում են ախորժակը: Այս խումբն առավել քան վտանգավոր է առողջության համար»:

Եվ այսպես, սուրճ և թեյ ընտրելիս պարտադիր ուշադրություն դարձրեք մակնշմանը, կիլոգրամով սուրճ և թեյ գնելիս պահանջեք վաճառողից սերտիֆիկատը, որում նշված է պահպանման ժամկետը, ներմուծման ամսաթիվն ու արտադրման վայրը: Հիշեք նաև, որ մակնշումն ու ծրարիկի իրական բաղադրությունը կարող են չհամընկնել: Եվ ընդհանրապես, մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ծրարիկով թեյից և օգտագործել թեյի թերևիկները: Իսկ դեղատներում վաճառվող նիհարեցնող թեյն ու սուրճն իրականում ոչ թե թեյ կամ սուրճ են, այլ ախորժակ փակող պրեպարատներ:

 

Ադրինե Նիդելյան

3-րդ կուրս

Կիսվել