«Կան զինվորականներ, ովքեր ընդհանրապես դեմ են բոլոր տիպի թափանցիկություններին, որովհետև իրենք համարում են, որ դա իրենց խանգարում է, և խուսափում են ամեն ինչից, դա կախված չի նրանից, որ նրանք վատն են, ուղղակի գործի բնույթից ելնելով այդպես է: Կան իհարկե զինվորականներ, որոնք զբաղված են թալանով, իրենց համար գաղտնիությունը գործի բնույթ է կրում, այսինքն ինչքան գաղտնի եղավ, այնքան երկար իրենք կարող են կրծել ցորենը»:
«Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագրի շրջանակներում, մարտի 28-ին «Ani Plaza» հյուրանոցային համալիրում ուսանողների հետ տեղի ունեցած քննարկում – հանդիպման ժամանակ իր տեսակետով կիսվեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Հանդիպման նպատակն էր ուսանողներին իրազեկել պատերազմական իրավիճակներում և առհասարակ ինֆորմացիայի տարածման խնդիրների մասին: Զրույցի ընթացքում քննարկվեց պատերազմող երկրներում տեղեկատվական ազատության հիմնախնդիրները, և փորձագետը խոսեց նաև, թե ինչքան կարևոր է, որպեսզի լրագրողը և հատկապես՝ ռազմականը լինի պրոֆեսիոնալ, ինչպես պետք է իրեն պահի պատերազմական և ոչ պատերազմական իրավիճակներում.
«Պատերազմական իրավիճակում բանակը թափանցիկության խնդիր ունի, այն կարող է լրագրողին կամ թողնել ճակատային գիծ կամ կարող է չթողնել: Այստեղ նաև լրագրողի ապահովության խնդիրն է առաջ գալիս, շատ լրագրողներ չունեն տարրական գիտելիքներ, թե ինչպես պետք է իրենց պահել արտակարգ իրավիճակներում, իսկ այդ ամեն ինչը խաղում է նրանց կյանքի հետ: Շատ կարևոր է, որ լրագրողն իմանա, որ եթե նրան շփման գծում կամ սահմանին տալիս են զրահաբաճկոն, լրագրողը պետք է այն չվերցնի, որովհետև թշնամին ամենաքիչը լրագրողին կուզենա վնասել, իսկ վերցնելու դեպքում նա դառնում է պոտենցիալ թիրախ»:
Հանդիպման ընթացքում նշվեց նաև Հայաստանում ռազմական լրագրողների պակասի, պատերազմական իրավիճակում Հայսատանյան մեդիադաշտում տեղեկատվական բացերի մասին: Քննարկվեց նաև այն, որ Հայաստանում ռազմական լրագրողների սղության պատճառով չկա այն պրոֆեսիոնալիզմը, որը կա միջազգային մամուլում:
«Միջազգային մամուլում պատերազմական իրավիճակներում լրագրողներին բաժանվում են հատուկ թռուցիկներ, որտեղ գրված են լրագրողը ինչի մասին կարող է գրել և ինչի մասին ոչ: Կան նաև հատուկ թրեյնինգներ, որոնք նախապատրաստում են լրագրողներին յուրաքանչյուր իրավիճակի: Այնպես են նախապատրաստում, որ թրեյնինգներից մեկի ընթացքում լրագրողներից մեկի թևը կոտրվել է, այսինքն դա այն ամենաքիչ բանն է, որ կարող է տեղի ունենալ պատերազմական իրավիճակում:
Անկախ ստեղծված պայմաններից՝ խաղաղ թե պատերազմական իրավիճակում, լրագրողը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր իրավիճակի»:
Հանդիպումը ավարտվեց թեյի սեղանի շուրջ կարծիքների փոխանակմամբ:
Մերի Դարաբյան
3-րդ կուրս