Հարցազրույց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ Վարդուհի Պետրոսյանի հետ:
–Առաջին բանը, որ գալիս է Ձեր մտքին մանկություն ասելիս:
-Իմ պապական տունը, իմ բակը, ընկերներիս ու հարազատներիս հետ անցկացրած րոպեները. սրանք այն բաներն են, որոնք ինձ միշտ ստիպում են ավելի լավը դառնալ:
–Ի՞նչ եք բերել Ձեզ հետ մանկությունից:
-Սկզբունքայնություն, ազնվություն, գյումրեցուն հատուկ թասիբ (ժպտում է):
–Ձեր կյանքում հրաշքներ լինո՞ւմ են:
-Իմ ընտանիքն է իմ հրաշքը :
–Երիտասարդ տարիներին որևէ խենթություն արե՞լ եք:
-Վատ է, բայց ոչ։ Խենթությունը սահմաններ չի ճանաչում . գուցե տեսակս թույլ չի տվել անցնել այդ սահմանները:
– Ֆակուլտետում ձևավորված կարծիք կա, որ դուք շատ նվիրված եք Ձեր աշխատանքին և դրա վրա շատ ժամանակ եք ծախսում: Ընտանիքի անդամները չե՞ն խանդում:
-Խանդի տեսարաններ լինում են. հաճախ ամուսինս ասում է` ուսանողներիդ ավելի շատ ես սիրում, քան մեզ (ծիծաղում է)։ Բոլոր դեպքերում` երջանիկ եմ, որ ընտանիքիս անդամները հասկանում են ինձ:
–Ունե՞ք բնավորության գիծ, որ չէիք ուզի ժառանգեին Ձեր երեխաները:
-Գուցե չափից դուրս ներողամտությունը, նվիրվածությունը «սխալ» մարդկանց:
–Մեծ ուսուցիչներ ունեցե՞լ եք:
-Կյանքի տարբեր շրջաններում ունեցել եմ և հիմա էլ ունեմ: Այնուամենայնիվ կարծում եմ, որ մարդու համար ամենամեծ ու լավագույն ուսուցիչը կյանքն է` իր բոլոր փուլերով և այդ փուլերում հանդիպած յուրաքանչյուր անհատով:
–Պատմության մեջ երեք ամենամեծ կանայք ըստ Ձեզ:
-Փառանձեմ թագուհին, Մարգարետ Թետչերը, Եղիսաբեթ II-ը:
–Ձեր նշած կանանցից ո՞ւմ հետ կուզեիք առանձնազրույց ունենալ:
-Միանշանակ Մարգարետ Թետչերի:
–Ի՞նչ խորհուրդ կհարցնեիք նրանից:
-Անելանելի վիճակում ինչպես չմատնել սեփական հուսահատությունը:
–Եթե հնարավորություն ունենայիք աշխարհից առհավետ վերացնել մի բան, ի՞նչը կլիներ դա:
-Թշնամությունը:
–Անորոշ ժամանակով միայնակ գնում եք որևէ տեղ: Որ գիրքը, ֆիլմն ու ձայնասակավառկը կընկերակցեն Ձեզ:
– 100 տարվա մենությունը, Հարսնացուն հյուսիսիցն ու Ռուբեն Հախվերդյանի երգերը:
–Հաճա՞խ եք փոշմանում Ձեր արածի ու չարածի համար:
-Արածի համար չեմ փոշմանում: Չարածի համար՝ երբեմն:
–Կա՞ մի վայր որտեղ Ձեզ լիարժեք հանգիստ եք զգում
-Տարօրինակ բան ասեմ. աշխատանքի վայրում (ծիծաղում է):
–Ո՞ւմից և ինչի՞ համար եք ամենաշատը շնորհակալ:
-Ծնողներիս… որ ես կամ:
Հարցազրույցը` Լուսինե Մինասյանի
2-րդ կուրս