«Ա~Խ, ԵԹԵ ՏԱՍԸ ՏԱՐՈՎ ՓՈՔՐ ԼԻՆԵԻ, ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԲԱՆ ԿԱՆԵԻ ՀԱՅՐԵՆԻ ՋԱՎԱԽՔԻՍ...

«Ա~Խ, ԵԹԵ ՏԱՍԸ ՏԱՐՈՎ ՓՈՔՐ ԼԻՆԵԻ, ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԲԱՆ ԿԱՆԵԻ ՀԱՅՐԵՆԻ ՋԱՎԱԽՔԻՍ ՀԱՄԱՐ»

1626

Ալբերտ Ներսեսի Իսոյանի հետ հանդիպումս եղավ  շատ պատահական։ Ավարտական աշխատանք էի գրում, որտեղ պարտադիր պետք է տեղ  գտնեին պարոն Իսոյանի գրքերց որոշակի հատվածներ։ Փորձեցի կապ հաստատել նրա հետ, հեշտությամբ համաձայնվեց: Գյուղում բոլորը ճանաչում  և սիրում էին նրան։ Մի քանիսից փորձեցի ճշտել հասցեն, բոլորը միաձայն կրկնեցին` «Ա¯յ են բարձրի վրա գտնվող շքեղ առանձնատունը տեսնու՞մ  ես, դա պարոն Իսոյանի տունն է»:

Դռան դիմաց ինձ դիմավորելու դուրս եկավ մի բարի և ժպտերես դեմքով պապիկ` Ալբերտ Իսոյանն էր։

Նա ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 23-ին  Ջավախքի գեղատեսիլ գյուղերից մեկում` Սաթխայում։ Ծնողները մշտապես ապրել են գյուղում։ Հայրը՝ Ներսեսը զբաղվել է հողագործությմաբ, իսկ մարը՝ Հոռոմը  զբաղվել է կթվորությամբ և տնային տնտեսությամբ։

Ալբերտ Իսոյանը 1958 թվականին ավարտել է Սաթխայի միջնակարգ դպրոցը, իսկ 1971 թվականին`  Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա վերադարձել է հայրենի գյուղ և զբաղվել ուսուցչությամբ՝ դասավանդելով հայոց լեզու։

Շատերն են սիրում իրենց ծննդավայրը, իրենց գյուղն ու քաղաքը, բայց  Ալիկ Իսոյանի սերն ուրիշ է։  Երբ ես նրան հարցրեցի, արդյո՞ք չէիք ցանկանա քաղաքում ապրել, նա պատասխանեց. «Քաղաքում տուն ունենք, տարվա մեջ պատահում է, որ գնում ենք, բայց երկու օրից ավել չեմ դիմանում, շուտ ուզում եմ հետ վերադառնալ»։ Պատմում էր, որ չի կարողանում առանց իր գյուղի օդի ու ջրի։ Տարիներ շարունակ շրջել է Ջավախքի դաշտերով, սարերով ու ձորերով, տեսել նրա լճերն ու լճակները, գետերն ու առվակները, ըմպել սառնորակ ջրերը և դարձել իր հայրենի գյուղի անդավաճան ընկերը։

Ալբերտ Իսոյանը բազմաթիվ պատմվածքների և բանաստեղծությունների հեղինակ է։ Իր ստեղծագործություներում մեծ տեղ են զբաղեցնում հայրենիքը, բարին ու գեղեցիկը, հայրենի ժողովրդի և հարազատների սերը։ Նա երազում է ոչ թե  հարստություն ու փառք, այլ անթառամ սեր ու մարդկություն։

Իր բանաստեղություններից մեկում ասում է`

Իմ մեջ գահի ձգտում չկա,

Ես գանձ, ոսկի չեմ ուզում,

Ես այն կարոտ, հուշ աղջկա

Մատաղ սերն եմ երազում։

Պարոն Իսոյանի առանձնատան հարևանությամբ շքեղ շինություն կա, որը Սաթխա գյուղի ապագա պատմության թանգարանն պիտի լինի։

Ընկերներից մեկը՝ Գևորգ Սնխչյանը հիշում է, թե ինչպես մի օր «Արշալույս¦ թերթի համարում հանդիպեց այն հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ Ալբերտ Իսոյանը իր առանձնատան առաջին հարկում հիմնում է Սաթխա գյուղի պատմության թանգարանը և խնդրում է ներկայացնել ցուցանմուշներ: «Այդ օրից հետո ես կասկած չունեի, որ Սաթխան կունենա իր պատմության թանգարանը¦։

Պարոն Իսոյանը` արդեն լինելով 80-ին մոտ, ապրում  և ստեղծագործում է այնպիսի երիտասարդական խանդավառությամբ, որը պարզապես ապշեցուցիչ է։ Նա  8 գրքի  հեղինակ է։ Մեկը մյուսից կարևոր և պետքական։ Հեղինակը նշում է, որ ամենայն հավանակաությամբ հրատարակած բոլոր գրքերն էլ կմնային իր մտապահարանում, եթե մոսկվայաբնակ որդիները՝ Արթուրն ու Արազը, և փեսան` Ստեփան Գինոսյանը չհոգային իրենց հոր և աներոջ գրատպական ծախսերը։

Ինչպիսի ուրախությամբ և հպարտությամբ էր ցույց տալիս գրեթե պատրաստի վիճակում գտնվող թանգարանը։ Քայլում էինք դանդաղ, քանի որ նա շատ բան ուներ պատմելու։ Պատմում էր առաջին հայացքից մանրուք թվացող ամեն իրի մասին, որը վարկյաններ հետո դառնում էր պատմական կարևոր նմուշ։ Իր ուրախությունը անկարագրելի էր, նա հասել էր իր երազանքին, որի մասին մի քանի տարի առաջ չէր էլ համարձակվում մտածել, քանի որ իր համար անիրականանալի էր թվում։

Հանդիպման վերջում, երբ նա ինձ ճանապարհում էր, ցածրաձայն ասեց. «Ա¯խ, եթե տասը տարով փոքր լինեի, ինչքան շատ բան կանեի հայրենի Ջավախքիս համար»։

 

 

 

 

 

Ադանա Բաբաջանյան

4-րդ կուրս

Կիսվել