«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՐՑՈՒՆԱԿ ՀՈԳԵԲԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԽ ՀՈԳԵՊԵՍ ԱՌՈՂՋ, ԻՆՔՆԱԲԱՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ...

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՐՑՈՒՆԱԿ ՀՈԳԵԲԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԽ ՀՈԳԵՊԵՍ ԱՌՈՂՋ, ԻՆՔՆԱԲԱՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐՈՂ ՄԱՐԴ». ԼՈՒՍԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ

2012

Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ-մենեջեր, երկրորդ մասնագիտությամբ՝ հոգեբան: Ո՞րն է Ձեզ հոգեհարազատ և ո՞ր բնագավառում եք ապագայում Ձեզ տեսնում:

-Առհասարակ կարծում եմ, որ մասնագիտական ճիշտ ընտրություն  մարդը կարող է անել միայն հասուն տարիքում, կյանքի որոշակի փորձառության պարագայում՝ ինքնաճանաչման համապատասխան մակարդակ ունենալով։ Այլապես դա արվում է կողմնակի տարաբնույթ գործոնների ազդեցությամբ և փորձը ցույց է տալիս, որ հիմնականում ավելի հասուն տարիքում մարդիկ դժգոհ են լինում իրենց մասնագիտությունից։ Առաջին մասնագիտությունս ինձ տվեց ռացիոնալ մտածողության հիմքեր, կյանքի տարբեր ոլորտներում  կառավարման արվեստի վերաբերյալ գիտելիքներ և օգտակար փորձառություն էր ինձ համար։ Հոգեբանությունը ես երբևէ չեմ դիտարկել զուտ որպես մասնագիտություն։ Դա այն բնական վիճակն է ինձ համար, որի անսահմանության մեջ ես զբաղված եմ այն գործով, ինչը ինձ հաճույք է պատճառում և որտեղ ես ինձ օգտակար եմ զգում։ Միաժամանակ սա այն պատասխանատու ոլորտն է, որտեղ ես բացառում եմ սիրողական մոտեցումը։ Բնականաբար հիմա և այսուհետ ես ինձ տեսնում եմ հոգեբանության ոլորտում, քանի որ սիրում եմ այն, ինչ անում եմ։

-Մի առիթով նշել եք՝ առանց սպորտի չեմ պատկերացնում կյանքս: Սպորտը կենսակե՞րպ է, թե՞ նախասիրություն:

-Սպորտը արդեն վաղուց կենսակերպ է դարձել ինձ համար։ 8 տարի շարունակ արդեն սպորտի եմ հաճախում։ Ավելի քան համոզված եմ, որ առողջ կենսակերպի համար կարևոր են թե´ մտքի, թե´ մարմնի կանոնակարգված մարզումը։ Այն գիտակցումը, որ ֆիզիկական ցանկացած գրագետ ծանրաբեռնվածություն թուլացնում է նյարդային և մտավոր լարվածությունը, ազատում է առօրյա սթրեսային նեգատիվ կուտակումներից և ապահովում է դրական լիցքերով, արդեն լուրջ խթան է նորից և նորից վերադառնալ մարզասրահ և վայելել այդ հաճելի տանջանքը (ժպտում է):

-Նշեցիք, որ 8 տարի շարունակ զբաղվում եք սպորտով: Ի՞նչն եք ամենից շատ կարևորում սպորտի մեջ:

-Սպորտի մեջ առանձնահատուկ կարևորում եմ մարդու կամային որակների ձևավորումը, ինքնահաղթահարման ամենակառուցողական ուղին եմ համարում և անձնային մրցունակ որակների ձևավորման լավագույն միջոցը։

-Նախասիրությունների շարքում առաջնահերթ կարևորել եք մարդկանց հետ շփումը: Հոգեբանին բնորոշ մասնագիտական մոտեցու՞մ թե՞ սեփական անձի անմիջականության շեշտադրում:

-Ինձ անմիջականորեն ճանաչող մարդիկ, թերևս, կհամարեն անձնային որակ, բայց ես կշեշտեմ նաև մասնագիտական դրսևորում։ Քանի որ իմ շփումներն ուղղված են առավել երևույթների և խնդիրների խորքային վերլուծություններին, և երբևէ չեն բխում անձնական հետաքրքրասիրությունից։ Ես նույնիսկ իմ անձնային շփումների մեջ աշխատում եմ պահել անձնային տարածք, վստահ եմ, որ դա ապահովում է երկարաժամկետ և որակյալ մարդկային հարաբերություններ։ Դա երբևէ չի խանգարում մնալ էմպիրիկ դաշտում, լինել սրտացավ և մնալ Մարդ։

-Եթե հնարավորություն ունենայիք որևէ հայտնի հոգեբանի հետ զրուցելու, ու՞մ կնախընտրեիք, ինչու՞ և ի՞նչ հարցի շուրջ կխոսեիք նրա հետ:

-Ես կարծում եմ, որ տարբեր ժամանակների և տարբեր իմաստությունների կրողներ, ինչպիսիք են հայտնի փիլիսոփաներն ու հոգեբաններ, գրողներ և պարզապես վիրտուոզ մտածողներ, ամեն օր և ամեն պահ մեզ տալիս են իրենց հետ զրուցելու հնարավորություններ՝ իրենց հրաշալի գրքերի, աշխատությունների, այսօր նաև էլեկտրոնային տարբերակով ցանկացած գիտելիքի լայն հնարավորություններ։ Նրանք իրենց տարիների մտավոր աշխատանքը գեղեցիկ շարադրել և մատուցել են պատմությանը, ուղղակի պետք է ցանկություն ունենալ ամեն օր ավելի լուսավոր դառնալու և ինքնազարգանալու։ Սակայն կարծում եմ այսօրվա խելահեղ տեղեկատվական աշխարհում նոր պահանջ է ձևավորվել թե´ կրթական համակարգի և թե´ արհեստավարժ մասնագետի նկատմամբ։ Այսօր առավել արժեքավոր է ունենալ կոնկրետ տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ և զտված գիտելիքը, ինչը կապահովի որակյալ մասնագիտական աշխատանք, քան ընդհանուր առմամբ գիտելիքի քանակը։ Մասնավորապես մեր ոլորտում անհամեմատ շատ է ոչ գիտական տեղեկատվությունը, կիսագրագետ մասնագետները,դրան նպաստում է նաև դաշտի իրավական կարգավորման բացակայությունը։

-Ըստ Ձեզ, հոգեբանին բնորոշ 3 կարևորագույն հատկանիշ:

-Ըստ իս ժամանակակից մրցունակ հոգեբանը պետք է լինի նախ հոգեպես առողջ, ինքնաբավ և երջանիկ կյանքով ապրող մարդ, մասնագիտապես անընդհատ աճող և սրտացավ մեկը։ Կարծում եմ կին հոգեբան լինելն արդեն առավելություն է, քանի որ մենք ավելի ինտուիտիվ ենք զգում աշխարհը: Լուրջ անելիք ունենք մեր իրականության մեջ հայ կնոջ անձի արժեվորման ինքնագիտակցության ձևավորման գործում։ Ժամանակակաից արժեքներ կրող կինն ավելի ազատ է և միաժամանակ ավելի խոցելի։ Կարծում եմ ժամանակակից հայ կինը հստակ պետք է գիտակցի, որ իր ուժն արտահայտված է կին մնալու իր կարողությամբ, կանացի իր բնությանն անդավաճան ապրելու ունակությամբ և ինչպես ասում էր իմ շատ սիրելի դասախոսներից մեկը՝ Թամարա Գևորգյանը՝ ամեն առավոտ կինը պետք է սուրճ վայելի իր Արժանապատիվ Եսի հետ:

– Ասում են՝ հոգեբանությունն ու բժշկությունը գրեթե նույն սանդղակի վրա են` երկուսն էլ բուժելու առաքելությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

-Կասեմ ավելին, ցանկացած բժիշկ նախևառաջ պետք է լինի հոգեբան։ Մասնագիտական բարձրակարգ պատրաստվածությունն անզոր կլինի օգնել մարդուն, եթե բժիշկը  հոգեբանորեն չտրամադրի և հոգեպես չբռնի հիվանդի ձեռքը։ Մարդու հոգեկանը հզոր մի ստեղծագործություն է՝ հիացնում է իր անսահման հնարավորություններով՝ դրական թե բացասական իր վառ դրսևորումներով։ Ամեն մարդու մեջ մի տիեզերք է, և պատահական չէ որ հոգեբաններիս խորին համոզմամբ մարդու ինքնագնահատականն է որոշում նրա կյանքի որակը, ինքնընկալման և ինքնածրագրավորման հզոր մեխանիզմն աշխատում է անվրեպ և դառնում է մարդու Դահիճը կամ Փրկիչը։ Եվ հենց այս իմաստությունն է, որին մարդը պետք է հասնի՝ փորձությունների ինքնամաքրման իր ճանապարհով։

 

Հարցազրույցը` Շուշան Սահակյանցի

4-րդ կուրս

Կիսվել