«ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱԶՆԻՎ ԵՎ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵԼ»․ ՍԻԼՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱԶՆԻՎ ԵՎ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵԼ»․ ՍԻԼՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2616

Լուսանկարչությունն անսահման ազատության ու մտքի թռիչքի հնարավորություն է տալիս ցանկացածին, ով որոշում է օրերից մի օր ֆոտոխցիկ վերցնել ձեռքը: Ինչպիսի՞ն է Սիլվա Խաչատրյանի մասնագիտական գործուներությունը և որտեղ են հատվում նրա ազատությունն ու երևակայությունը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք հենց մեր հերոսուհու հետ:

Սիլվա, ինչու՞ հենց ֆոտոխցիկ:

-Մանկուց սիրել եմ նկարել, սիրում էի ֆիքսել բոլոր գեղեցիկ կադրերը։ Ծնողներիս շնորհիվ կարողացա իրականացնել իմ երազանքներից մեկը ՝ ունենալ պրոֆեսիոնալ ֆոտոապարատ։ Եվ սկսեցի ավելի լուրջ զբաղվել ֆոտոյով։

-Քեզ համար ոգեշնչման անսպառ աղբյուր է հանդիսանում…

-Ինձ համար անսպառ աղբյուրներից մեկը մարդն է՝ իր ապրումներով և զգացմունքներով։ Սիրում եմ դիմանկարներ անել, քանի որ դիմանկարի միջոցով փորձում եմ ցույց տալ մարդու ներքին աշխարhը։ Նաև շատ եմ սիրում պատահական նկարներ անել։

-Եթե հնարավորություն տրվեր քեզ ոչ թե լուսանկարել, այլ լուսանկարվել, ու՞մ ֆոտոխցիկի ուշադրության կենտրոնում կուզեիր հայտնվել:

Ավելի շատ նախընտրում եմ լինել ֆոտոխցիկի ետևում։ Սակայն լինում են դեպքեր, երբ ես  եմ հանդիսանում ինչ-որ մեկի համար կերպար և նկարվելուց փորձում եմ նաև հասկանալ մարդու հոգեվիճակը ֆոտոխցիկից այն կողմ:

-Ֆոտոխցիկիդ ուշադրության կենտրոնում հաճախ հայտնվում են…

Հաճախ հայտնվում են երեխաներ, դժվար կյանք ունեցող մարդիկ, պատահական անցորդներ։ Լինում է` իմ գաղափարները իրականացնելու համար ընտրում եմ համապատասխան մոդելներ։

-Ի՞նչ պիտի ֆոտոնկարիչը անի առաջինը, երբ ձեռքին է վերցնում ֆոտոապարատը:

Հիմնականում առաջինը, երբ վերցնում եմ,  ճիշտ պարամետրերի ընտրությունն է։

-Մի լուսանկարի պատմություն, որը տպավորվել է քո մեջ:

Սունդուկյանի անվան այգում հաճախ էի լինում ընկերներիս հետ։ Ամեն անգամ իմ ուշադրությունը գրավում էր մի պապիկ՝ ճերմակ մազերով, ով միշտ նստած էր նույն նստարանին։ Երկար հետևելով ծերունուն հասկացա, որ նա ինչ-որ հիշողություններ ունի կապված այգու և նստարանի հետ։ Լուսանկարելուց հետո մոտեցա ծերունուն և հետաքրքրվեցի իր պատմությամբ։  Նստարանը և այգին հիշեցնում էին իրեն իր առաջին և միակ սիրո մասին, որն այլևս չկար։

-Կա որևէ հայտնի դեմք, որևէ վայր կամ երևույթ, որ երազում ես ֆիքսել, բայց դեռ անհասանելի է թվում այն քեզ:

Ուզում եմ ճանապարհորդել և նկարել տարբեր երկրներում ապրող մարդկանց ապրելակերպը, իրենց բնությունը։

– Ի՞նչ է պետք հաջողակ լուսանկարիչ լինելու համար: Ինչպիսի՞ հաջողություններ ես գրանցել այս ասպարեզում:

Լուսանկարչության ստեղծագործական ուղին սկսվում է գեղեցիկ նկարելու ցանկությամբ: Այս մասնագիտության մեջ հմտանալու և գիտելիքներ ձեռք բերելու համար պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում՝ նվիրվածությունը, աշխատասիրությունը և նպատակը: Լավ լուսանկարիչ դառնալու համար պետք է սիրել լուսանկարչությունը և վայելել լուսանկարելու գործընթացը:
Լուսանկարչության մեջ պետք է հնարավորինս ազնիվ և անկեղծ լինել:

-Ի՞նչ պլաններ ունես առաջիկայում:

Ուզում եմ ունենալ իմ ֆոտոստուդիան, որտեղ կկարողանամ իրագործել իմ մտքերը և գաղափարները։

– Ֆոտոխցիկի շնորհիվ ես անում եմ այն, ինչ չեմ կարող անել ոչ մի այլ ոլորտում…

Ֆոտոխցիկի շնորհիվ ես կարողանում եմ արտահայտել իմ տրամադրությունը։

– Կյանքը գեղեցիկ ֆիքսված կադր է: Ինչպե՞ս կմեկնաբանես այս միտքը:

-Ինչպես լուսանկարներում, այնպես էլ կյանքում պետք է ֆիքսել միայն գեղեցիկ պահերը։

 

Հարցազրույցը` Օֆելյա Իսրայելյանի

4-րդ կուրս

Կիսվել