Չնայած հասարակության մեջ տարածված այն կարծրատիպին, որ կան մասնագիտություններ, որոնք ավելի բնութագրական են տղամարդկանց, և անսովոր է այդ բնագավառում կանանց հանդիպել, ինչպես օրինակ ոստիկանի, փրկարարի մասնագիտությունն է, բայց արի ու տես, որ կան իգական սեռի ներկայացուցիչներ, ովքեր ընտրում են հենց վերը նշվածներից որևէ մեկը: Լուսինե Զիրոյանը խոստովանում է, որ ոստիկան դառնալու ցանկություն դեռևս մանկուց է եղել և նպատակաուղղված գնացել է իր երազանքի ճանապարհով: Ոստիկանի մասնագիտության ընտրության, դրա բարդությունների և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք մեր հերոսուհու հետ:
– Ինչպե ՞ս ընտրեցիք ոստիկանի մասնագիտությունը:
–Դեռ մանուկ հասակից մտածում էի աշխատել որևէ պետական կառույցում, քանի որ ինքս իմ պատկերացումների մեջ ուժեղ (խոսքը ֆիզիկականի մասին չէ) աղջկա կերպար էի ստեղծել ով միշտ ցանկանում է օգնել մարդկանց, պաշտպանել թույլերին և, ինչու չէ, շատերին զերծ պահել հանցավոր արարքներից։ Այս ամենը հաշվի առնելով` ես հասկացա, որ ոստիկանն է, ով մարդկանց կողքին է և հասարակության մեջ ապրող յուրաքանչյուրի պաշտպանն է անկախ սեռից, սոցիալական վիճակից և ռասսայական պատկանելիությունից։ Իսկ վերջնական որոշումս կայացրեցի երբ արդեն 9-րդ դասարանում էի, և ինչպես բոլորը, ես էլ մեծ ակնկալիքներով ընտրեցի իմ մասնագիտությունը ու հստակ քայլերով փորձեցի առաջ շարժվել։
-Ոստիկանի մասնագիտությունը համարվում է «տղամարդու մասնագիտություն» կարծրատիպին ինչպե՞ս եք վերաբերվում:
–Ես այդքան էլ համամիտ չեմ այս կարծիքի հետ, քանի որ 3 տարվա իմ աշխատանքի փորձը թույլ է տալիս հակառակվելու և նշելու, որ ցանկացած մասնագիտություն, իսկ առավել ևս ոստիկանի գործը կինը կարող է պատվաբեր և արդարացի կերպով կատարել, ինչը սեռի պատկանելիության հետ բացարձակ կապ չունի։
– Ինչպե՞ս եք կարողանում համադրել համազգեստն ու կանացիությունը։
Հետաքրքիր հարց է. իմ կարծիքով և´ համազգեստով, և´ առանց դրա ցանկացած կնոջ կանացիությունը բնատուր տրված պարգև է, որը համազգեստի մեջ ավելի է արտացոլվում և դառնում հետաքրքիր։ Իսկ կանացի լինելու համար շատ բան հարկավոր չէ, պետք է մի փոքր աշխատել ինքդ քո վրա և ամեն ինչ ակներև կլինի։
-Եղե՞լ են դեպքեր, երբ փողոցում համազգեստով տեսնեն Ձեզ և ոչ կոռեկտ արտահայտություններ անեն: Ինչպե՞ս եք արձագանքում բացասական կարծիքներին:
-Եթե անկեղծ, նմանատիպ դեպքեր դեռ չեն եղել և հուսով եմ` ինչպես մինչ օրս, այնպես էլ իմ աշխատանքայի ամբողջ ընթացքում կլսեմ միայն դրական արձագանքներ և բարի խոսքեր։
– Նշեք կարևորագույն 3 հատկանիշ, որ պիտի ունենա այս համակարգում աշխատող ցանկացած մարդ:
–Արդարամտություն, Պատիվ և աշխատանքի նվիրում։
– Կա տեսակետ, որ ոստիկանի մասնագիտությունը հաճախ երկրորդում է անձնական կյանքը: Ի՞նչ կարծիքի եք Դուք:
–Հերքել չի կարելի, քանի որ շատ կանայք անձնվիրաբար նվիրվում են աշխատանքին և մի պահ մոռանում անձնականը, սակայն նաև կան դեպքեր, երբ ստեղծվում են ոստիկանի ընտանիքներ, որը միմիայն գովեստի է արժանի։ Սակայն ես ինքս մտածում եմ, որ աշխատանքը կապ չունի, ամեն ինչ մարդու ձեռքերում է։
– Ինչպիսի՞ն եք Դուք առանց համազգեստի: Արդյո՞ք նույնանում են երկու Լուսինեները այդ երկու կերպարներում։
-Համազգեստով, թե առանց դրա, ես նույն մարդն եմ, ուղղակի կան որոշակի առանձնահատկություններ, որը համազգեստ կրելիս երևում է։ Իհարկե համազգեստը մի փոքր զգոն է դարձնում ինձ, սակայն առանց համազգեստի էլ ես ոստիկան եմ, ով պատրաստ է անտարբեր չանցնել շատ դեպքերի ու իրադարձությունների կողքով և տալ դրանց էական լուծումը։ Իսկ Ձեր այն հարցին, թե նույնանու՞մ են Լուսինեները, ես կպատասխանեմ՝ այո ամբողջովին։
-Ի՞նչ բարդություններ կան այս համակարգում աշխատողների համար:
-Իմ կարծիքով չկա որևէ մի աշխատանք, որտեղ չլինեն բարդություններ, սակայն դրանք բոլորն էլ աշխատանքային ամենօրյա բնույթ են կրում և ստանում են իրենց եզրահանգումները։
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ևս որոշել են դառնալ ոստիկան:
-Խորհուրդ կտամ, որ միմիայն սիրով ընտրեն ոստիկանի մասնագիտությունը և նվիրումով կատարեն իրենց աշխատանքը, քանի որ ոստիկանը՝ հասարակության պաշտպանն է, իսկ մենք` ոստիկաններս անվերապահորեն պետք է պաշտպանենք մեր կարիքը ունեցողներին։
Հարցազրույցը` Օֆելյա Իսրայելյանի
4-րդ կուրս