Ապրիլի 11-ին Երևանի Պետական Համալսարանի Ժուռնալիստիկայի և Արևելագիտության ֆակուլտետները հյուրընկալել էին ռուսական լրատվամիջոցների նշանավոր դեմքերին:
«Ռոսսիա» հեռուստաընկերության «Վեստի» լրատվական ծրագրի հաղորդավար Դենիս Պոլունչուկովն իր «Տեղեկատվական ժուռնալիստիկա. տեղաշարժման մեթոդները» խորագրով ելույթում ուսանողության ուշադրությունն էր հրավիրում լրագրության երկու կարևոր սկզբունքներին՝ օպերատիվությունը և հավաստիությունը: Լրագրողը փաստում էր, որ առաջինը հրապարակված նյութը ավելի արագ դիտումներ կհավաքի՝ բարձրացնելով տվյալ լրատվամիջոցի վարկանիշը: Նա նշում էր, որ յուրաքանչյուր մարդ էլ, ով ունի մի փոքր հնարավորություն, կարող է վերցնել հեռախոսը, նկարել իր իսկ ցանկացածն ու դա հրապարակել. ահա այս պարագայում շատ կարևոր է ստուգել յուրաքանչյուր տեղեկություն, վստահ լինել, որ այն հավաստի է և իրական: Էկրանին ցուցադրելով հետաքրքիր հոլովակներ՝ նա նաև ցույց տվեց ուսանողներին, թե ինչքան բարդ ու վտանգավոր է լրագրողների համար նշված ժամանակահատվածում ամենատարբեր վայրերում հայտնվելը: Միևնույն ժամանակ խոսեց սխալների մասին, որ հաճախ անում են լրագրողները մեդիադաշտում, և հորդորեց խուսափել անգրագետ ու անմտածված մարտավարությունից:
«ԷմԷս ստուդիո»-ի գլխավոր ղեկավար Դինա Բիչկովան իր «Դոկումենտալ ֆիլմեր. թեթև զրույց բարդ ժանրի մասին» խորագրով ելույթում բացահայտեց որակով ու հաջողված դոկումենտալ ֆիլմեր ստանալու գաղտնիքիները: Նա փաստեց, որ հաջողված ֆիլմ ստանալու համար պետք է շատ գրքեր կարդալ, դիտել ֆիլմեր, որոնք հիմնականում օսկարակիր են, անընդհատ հետևել աշխարհի նորություններին ու հետ չմնալ թրենդերից:
Ելույթ ունեցան նաև «Ռոսսիա 1»-ի հեռուստապրոդյուսեր Աննա Լոմանովնան, ԶԼՄ-ների երիտասարդական խորհրդի ղեկավար Իլյա Զոտովը, միջազգային գործերի ռուսական խորհրդի ծրագրային ղեկավար Եկատերինա Չիմիրիսը՝ խոսելով լրագրողների աշխատանքի, միջազգային ոլորտում ունեցած դիրքի, վարկանիշի մասին:
Ուսանողության համար նրանք կազմակերպել էին նաև մրցույթ, որը հնարավորություն էր տալիս շահելու սմարթֆոն: Վերջում ուսանողներին և բոլոր ներկա գտնվողներին հանձնեցին թռուցիկներ, որոնցում նշված էին և՛ մրցույթի պայմանները, և՛ իրենց թեմաների խորագրերը:
Ներկաները մեծ բավականություն ստացան հանդիպումից: Հնադիպման ավարտին ուսանողները լուսանկարվեցին իրենց ռուս ընկերների հետ՝ փոխանակվելով ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերով:
Արփի Բարսեղյան
1-ին կուրս