ՆԵՄՐԱ ՄՈԼՈՐԱԿ

ՆԵՄՐԱ ՄՈԼՈՐԱԿ

2094

Նեմրացիների («Նեմրա» ռոք խմբի երկրպագուների) համար կա մի երևակայական տարածք, որ կոչվում է «նեմրա մոլորակ»: Այս մոլորակում տիրում է բարություն և ազնվություն, այստեղ երազանքներդ ավելի իրական են թվում ու այս մոլորակը ավելի իրական է դառնում «Նեմրայի» համերգների ժամանակ:

Ապրիլի 6, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, եռուզեռ, իսկ պատճառը «Նեմրան» էր: Շատ հաճախ ռոք խմբերին բեմ տրամադրող Տիկնիկային թատրոնը արդեն սովոր էր այսպիսի իրարանցումների: Համերգի ընթացքում չէիր գտնի մեկին, ով նստած կլիներ: Թատրոնի  ներսում  տիրող տրամադրությունը և էներգիան դուրս էին եկել նրա պատերից: Նախքան համերգի մեկնարկը «Նեմրայի» բոլոր երկրպագուները  հավաքվել էին բեմի մոտ, որպեսզի ավելի մոտ լինեն իրենց սիրելի խմբին:

Խումբ, որը ձևավորվել է 2011թ-ի ամռանը, բուն գործունեությունը ծավալել է 2012թ-ի  փետրվարի 17-ից: Խումբ, որը աստիճանաբար դուրս գալով փաբերից և հասնելով մեծ բեմեր, այնքան սիրվեց հայ հասարակության կողմից, որ 2018թ-ի «Ծիծեռնակ» Համազգային մրցանակաբաշխությունում արժանացավ  «Տարվա լավագույն ռոք խումբ» կոչմանը:

Այնտեղ ուր հայտնվում է «Նեմրան», մթնոլորտը ինքնաբերաբար  լցվում է էմոցիաներով, ժպիտներով և թռվռոցներով: Այդ մասին են փաստում տարբեր մրցանակաբաշխություններում «Նեմրայի» ունեցած հաջողությունները: Երկրպագուները այնքան են սիրում «Նեմրային», որ իրենց անվանում են Նեմրացիներ և հորինել են մի աշխարհ, որտեղ ապրում են իրենք և իրենց սիրելի խումբը: Ապրում են երկուսով,  ինչպես Փոքրիկ Իշխանն ու իր վարդը:

«Նեմրա մոլորակ», այս երևակայական  աշխարհում ապրում է մի մեծ ու համերաշխ ընտանիք: Չնայած այն բանին, որ այդ ընտանիքի անդամներից ոչ բոլորն են միմյանց ճանաչում, սակայն «Նեմրայի» ստեղծած ակնեղծ կապի շնորհիվ նրանք զգում են միմյանց հանդեպ ունեցած ներքին անբացատրելի կապվածությունը:

Այսպես են խոսում Նեմրացիներն իրենց հարազատ մոլորակի մասին …

« «Նեմրան» մեր տունն է, մեր աշխարհն է, որտեղ մենք իրար հասկանում ենք առանց խոսքերի, չնայած որ շատերս անգամ իրար չենք  էլ ճանաչում։ Մեր մոլորակում մենք անկեղծ ենք, իսկ անկեղծություն մեզ «Նեմրան» է սովորեցրել։ «Նեմրամոլորակը» այն վայրն է, որտեղ մոռանում ես բոլոր խնդիրներդ, կորցնում ես իրականության զգացողությունը, կորում ես անվերջության մեջ, իսկ սիրտդ լցվում է ուրախությամբ, երբ տեսնում ես այդքան գեղեցիկ ժպտացող դեմքեր»:

Արփինե Խարազյան

« «Նեմրա մոլորակում» կյանքն ավելի լավն է, մարդիկ ավելի բարի: «Նեմրա մոլորակում» ապրելու ստիմուլ կա` իրենց համերգները, փոխանցված էներգիան, անկեղծությունը: Ու կարևորը` վիզային ռեժիմը պարզեցված է, կարելի է շատ հանգիստ տեղափոխվել «Նեմրա մոլորակ»  »:

ՍիրԱնուշ Գևորգյան

« «Նեմրա մոլորակը»  առանձնահատուկ է, որտեղ կա անկեղծություն, բոլոր նեմրաբնակների սերը փոխանցվում է դեպի քեզ, դու կարող ես զգալ այնտեղ ազատ, նրանք բարի ժպիտով քեզ կասեն Օ¯, նա իսկապես խելագար է, և դու ամենևին էլ քեզ վատ չես զգա: Դրական լիցքերը, որոնք քեզ են փոխանցվում կարող են մեկ վայրկյանում դեմքիդ մի մեծ ժպտացող արև պատկերել, սիրտդ կսկսի արագ բաբախել , առանց որևէ մի բառ ասելու քո էմոցիաները կբացատրեն քո զգացմունքները, և դու կրկին ու կրկին կուզենաս թռչել քո մոլորակը ու հավերժ ապրել այնտեղ»:

Nelly De

« «Նեմրան»  այն  մոլորակն է, որտեղ կարելի է հասնել lost connection տիեզերանավով առաջին իսկ չվերթով»:

Hakobian Rasmig

« «Նեմրա մոլորակը», այն միակ վայրն է, որտեղ հնարավոր է  առանց «սկաֆանդռի» շնչել ու ստանալ բավարար թթվածին ու չթունավորվել տոքսիկ գազերից … «Նեմրա մոլորակը» այն միակ  մոլորակն է,  որտեղ կարող ես վստահ լինել, որ ինչ էլ լինի, դու երբեք միայնակ չես մնա… Այնտեղ փակ է կեղծավորության, մուննաթի ու մռայլության համար, իսկ տխրությունը, եթե անգամ կա, իր մեջ ունի լիքը հույս ու միասնականություն… ու այն միակ վայրն է,  որտեղ կարելի է  հանգստանալ, հանդարտվել ու թուլանալ, լինել այն, ինչ  կաս, և լինել քո  ամենասիրած մարդկանց կողքին… »:

Emily Blake

« «Նեմրա մոլորակ»-ը կմնա բարությամբ ու ազնվությամբ լի վայր, որովհետև կա «Նեմրան» ու կան նեմրացիները, և եթե Փոքրիկ Իշխանի համար իր վարդը ամենալավն էր աշխարհի բոլոր վարդերից, ապա «Նեմրան» էլ  Նեմրացիների  համար ամենալավն է աշխարհի բոլոր ռոք խմբերից:

 

Մերի Դարաբյան

3-րդ կուրս

Կիսվել