«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ»

«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ»

3262

Հաջողության հասնելու ուղիները տարբեր են: Տարբեր են նաև այն չափանիշները, որոնցով առաջնորդվում են մարդիկ: Շատերիս է հետաքրքրում հայտնի մարդկանց հաջողության հասնելու սեփական բանաձևերը: Ահա դրանց մասին մարդկանց հետ կիսվելու նպատակով էլ  «Համախմբված երիտասարդական կազմակերպությունը» (United youth union) հոկտեմբերի 8-ին հերթական՝ “Step By Step with successful people” ֆորումն իրականացրեց “Radisson Blue” հյուրանոցում: Այս անգամ խոսնակներն էին  դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, երաժիշտ, շոումեն Գարիկ Պապոյանը և կիբեռ-մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրանք պատմեցին իրենց մոտեցումների ու քայլերի մասին, որոնք օգնում են հասնելու հաջողության: Մոտ  երեք ժամ տևող հանդիպման ընթացքում ակտիվ ու բուռն քննարկումներ եղան: Հարց ու պատասխանի միջոցով հանդիսատեսն ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները:

Խոսնակներից Գարիկ Պապոյանը կարծում էր, որ հաջողության հասնելու համար չկա կոնկրետ բանաձև, պետք է  ուղղակի կարողանալ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում գտնվել: Այդ դեպքում հաջողությունն իրեն սպասեցնել չի տա:

Հարցեր ուղղվեցին նաև Նազենի Հովհաննիսյանին, ում համար հաջողության հասնելու առաջին ու հիմնական շարժիչ ուժը չհարմարվելն է:  Ըստ հաղորդավարուհու` կարևոր նախապայման է նաև միշտ շարժման մեջ լինելը, իսկ եթե պետք է դադար վերցնել, ապա այն պետք է լինի մտածված: Նազենիի կարծիքով ամենևին էլ զոհաբերություն չի, երբ մեկի փոխարեն ընտրում ես մյուսը: Մարդիկ միշտ էլ ընտրության հնարավորթյուն ունեն:

Ներկաները, օգտվելով կիբեռ-մասնագետ Սամվել Մարտիրոսյանի ներկայությունից բազում հարցեր ուղղեցին նաև համացանցային վիրուսների մասին: «Ես հաճախ եմ փոխում մասնագիտությունս ու ինձ թվում է ի վերջո հոգնելու եմ վիրուսների հետ կապված բոլոր տեսակի հարցերից, ու սա էլ փոխեմ»,- հանդիսատեսի հարցին կատակով պատասխանեց նա: Իսկ ինչ վերաբերում է հաջողության հասնելու իր բանաձևի մասին, Սամվել Մարտիրոսյանը խորհորդ տվեց չստեղծել իդեալներ, որոնցով կարելի է մոտիվացվել: Իր կարծիքով յուրաքանչյուր մարդու համար  սեփական հենց անձը պիտի լինի այդ մոտիվացիան:

Հավելենք, որ “United Youth Union” հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ-ին: UYU-ի հիմնադիր նախագահը Գրիգոր Ջանիկյանն է, ով սովորում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետում: Ներկայումս UYU-ն իր կառավարիչ մարմնում ունի 5 անդամ: UYU-ն իր 1 տարվա գործունեության ընթացքում կազմակերպել է մի քանի միջոցառումներ, որոնցից ամենախոշորներից են՝ “1st Marketing UYU” , որին մասնակցել է շուրջ 180 ուսանող և “EPIC IT ֆորումը, որի ժամանակ մասնակիցները բաժանվել էին թիմերի՝  յուրաքանչյուր թիմ ներկայացնելով 1 ստարթափ գաղափար: Լավագույն գաղափարը ներկայացնողները ստացել են գլխավոր մրցանակը` 30,000 դոլլար գրանտը:

 

Աննա Կոստանյան

2-րդ կուրս

Կիսվել