«ՃԱՄՓՈՐԴԵԼՈՎ ԿԵՐՏՈՒՄ ԵՍ ԱՄԵՆԱՄԵԾ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ». ԱՍՅԱ ԲԵԿՅԱՆ

«ՃԱՄՓՈՐԴԵԼՈՎ ԿԵՐՏՈՒՄ ԵՍ ԱՄԵՆԱՄԵԾ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ». ԱՍՅԱ ԲԵԿՅԱՆ

5968

Մեր շրջապատում եզակի են այն մարդիկ, ովքեր բոլոր հնարավոր ու անհնար տարբերակներով ջանում և հասնում են իրենց երազանքներին: Ասյա Բեկյանի համար, որքան էլ զարմանալի հնչի, բայց երազանքները ոչ մի նյութական արժեք չեն ներկայացնում, փոխարենը նա ամեն անգամ յուրովի սիրում է բացահայտել ու պատմել աշխարհի տարբեր երկրների գեղեցիկ ու աննկարագրելի էներգետիկա պարունակող վայրերի մասին, ինչը նրա մոտ հոյակապ է ստացվում: Ասյա Բեկյանի համար ճանապարհորդելն ու աշխարհ բացահայտելը դարձել է կենսակերպ: Գեղեցիկ վայրերի, աշխարհը գեղեցիկ ընկալելու գաղտնիքների և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք հենց մեր հերոսուհու հետ:

Ճանապարհորդությունն ինձ համար սովորելու միջոց է

-Ի զարմանս ինձ, ոչ բոլորն են ինձ հետ կիսում ճանապարհորդելու տարերքը։ Մարդիկ կան, որ կողմնակից են կապիտալի կուտակմանը` ճամփորդելու վրա գումար և ժամանակ ծախսելու փոխարեն։ Սակայն, իմ կարծիքով, ճամփորդելով կերտում ես  ամենամեծ՝ մարդկային կապիտալը, հարստացնում ներաշխարհդ, ամեն նոր հորիզոնի հետ ավելի ընդլայնում սեփական մտահորիզոնդ։ Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ տեսնելով ավելին է հնարավոր սովորել, քան կարդալով։ Ոչ մի նկար չի կարող արտահայտել Միքելանջելոյի տաղանդի այն մեծությունը, որը զգում ես Վատիկանում Սիքստինյան Կապելլան տեսնելիս, ու ոչ մի Գարսիա Մարկես չի փոխանցի իսկական կուբինական ռոմի համը, ոչ մի ֆիլմ չի կարող զգացնել տալ իսկական տրոպիկական խոնավությունը, և ոչ մի անձ չի կարող լցնել հոգին, որքանով այն լցվում է օվկիանոսի մայրամուտներից։

Եղել եմ բազմաթիվ երկրներում

Ճամփորդելու հանդեպ սերը ավելի է ուժգնացել ամուսնուս հետ ծանոթանալուց հետո, քանի որ նա ամբողջովին կիսում է հետաքրքրություններս։ Մենք նույնիսկ կազմել ենք նախընտրելի երկրների տասնյակ, ու փորձում ենք հնարավորինս հավատարիմ մնալ այդ ցուցակին։ Առաջնորդվում ենք ամեն մայրցամաքում գոնե մի-մի երկիր այցելելու ցանկությամբ։ Եղել ենք Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներում։ Միասին վերցրած երկուսս այցելել ենք 22 երկիր, որոնցից 9-ը` իրար հետ։ Ասեմ, որ մեր չորսամյա տղան մեզ հետ նույն ոգևորությամբ բացահայտում է աշխարհը, սրտատրոփ սպասում հաջորդ ինքնաթիռ նստելուն՝ բավականին թեթև տանելով ամենաերկար թռիչքները ու բավականին արագ հարմարվելով ամեն երկրի պայմաններին։ 

Ծանոթանալով երկրների մշակույթներին

Շատ կարևոր է ամեն երկրից, ամեն քաղաքից մի կտոր պոկել և տանել տուն։ Հնարավոր չէ 10-15 օրում ծանոթանալ որևէ երկրի մշակույթին ամբողջությամբ, սակայն հնարավոր է յուրացնել որևէ գեղեցիկ ավանդույթ, մարդկային հատկանիշ, նոր գույն կամ հոտ կամ կերակրատեսակ ու բերել քեզ հետ, ներդնել քո առօրյա։ Իմ խորին համոզմամբ, մարդիկ փոխվում են ամեն ճանապարհորդությունից հետո. անհնար է մնալ նույնը եգիպտական բուրգերը մտնելուց, 3000 տարի առաջ ապրած փարավոնների իսկական մումիաները տեսնելուց առաջ և հետո, կամ, ասենք չցանկանալ սովորել իսպաներեն ու հասկանալ Չե Գեվարային նվիրված երգերը, որոնցից ամեն հայրենասեր կուբինացի արտասվում է, իսկ իրենք բոլորը հայրենասեր են։ Ես շատ եմ քաղել այդ հատկանիշից այնտեղ, հասկացել, որ ամենատարբեր կրոնի ու գույնի մարդիկ կարող են ընդհանրապես ուշադրություն չդարձնել այդ տարբերություններին ու ապրել համերաշխ՝ երգելով ու պարելով կուբինական կիզիչ արևի տակ՝ անվերջ բողոքելու և միմյանց հետ ընդհարվելու փոխարեն։ Կմտածեի՞ք, որ այդ կղզեբնակ «անհոգ» ժողովուրդը համարվում է աշխարհում ամենագրագետը, որովհետև բնակչության 99  տոկոսը գիտի գրել և կարդալ, կամ կարո՞ղ էիք արդյոք մի տեղ կարդալ, որ սալսա պարելուց բացի իրենց սիեստայի ժամերը լցնում են պատշգամբներից կախված կամ տան դռների առջև նստած… գիրք ընթերցելիս։ Այո, հենց այդպես, մեծից փոքր։ Թերևս որ սեփական աչքերով չտեսնեի, չէի էլ հավատա։ Ինչպես և անմնացորդ չէի սիրահարվի փղերին, եթե անձամբ չկերակրեի ու չշոյեի նրանց բարի դեմքը։ Ու չէի իմանա, որ փղերը լինում են նաև սպիտակ, և երբ Թայլանդում փիղ է ծնվում, ձագուկին ուղարկում են «սպիտակության» անալիզի: Եթե սպիտակ լաքաները կազմում են մարմնի 50% և ավելին, փիղը համարվում է «սպիտակ», հետևաբար և սուրբ կենդանի: Այդպիսի փղիկներին նվիրաբերում են թագավորին, որը շատ շռայլ վարձատրում է «օրհնված» ընտանիքին: Առհասարակ, ասիական երկրներում տեսել եմ այնքան բարություն և համբերատարություն մարդկանց մեջ, որ անկախ ինձնից ես էլ եմ դարձել մի քիչ ավելի համբերատար և բարի։ Ինդոնեզիայում նույնիսկ իրենց աստվածների զոհաբերություններն են բարի, անարյուն՝ մի կտոր ուտելիքով ու ծաղիկներով լի ամանիկների տեսքով։ Այստեղ անսպառ կարող եմ խոսել…Աշխարհը ամենամեծ ու հետաքրքիր գիրքն է, որ պետք է հասցնենք կարդալ կյանքի ընթացքում։

Ունենալ երազանքներ, հասնել անիրական թվացող վայրեր

Հաճախ տեսնում եմ որևէ անիրական նկար ու պահպանում այն, իսկ հետո օրերից մի օր հայտնվում այդտեղ։ Ամենահրաշալի զգացողություններից է, երբ ժամանակի ընթացքում այդ հրաշալի վայրերի նկարները փոխարինվում են այդ նույն վայրերում սեփական նկարներով։

Բացահայտել աշխարհը

Մենք տանը ունենք շատ հետաքրքիր մի քարտեզ, որի վրա բոլոր երկրները ներկված են նույն գույնով։ Ամեն երկիր այցելելուց հետո ջնջում ենք քարտեզի վրա համապատասխան հատվածը, ու «բացահայտում տվյալ երկրի գույնը»։ Աշխարհի բացահայտումը, փաստորեն, անում ենք նաև ուղղակիորեն։ Մեր համատեղ երազանքներից մեկն է տեսնել այդ քարտեզի/աշխարհի բոլոր գույները։

Ամենատպավորիչ վայրը

Դժվար է ընտրել ամենատպավորիչ կամ ամենահիշարժան վայրը, որովհետև դրանք բազմաթիվ են ու մեկը մյուսին որևէ կերպ չեն գերազանցում կամ փոխարինում։ Ամեն դեպքում, կարող եմ առանձնացնել մի վայր, որն այցելել եմ շատ վաղուց՝ 7 տարի առաջ, բայց մշտապես դաջվել է հիշողությանս մեջ։ Դոմինիկայն Հանրապետությունում՝ այնտեղ, որտեղ աշխարհն ավարտվում է կամ սկսվում, չգիտեմ, կա մի կղզի, որը կոչվում է Սաոնա։ Սաոնան մեկն է այն հրաշալի անմարդաբնակ կղզիներից, որոնք տեսնում ենք ֆիլմերում և Բաունտիի գովազդներում։ Տպավորված էի, ինչ խոսք՝ ջրի գույնով ու մաքրությամբ, ավազի սպիտակությամբ ու մանրությամբ, պալմաների անփույթ ու բնական ցաքուցրիվությամբ, ընդհանուր առմամբ՝ բնության կուսական վայրի վիճակով։ Թվում էր՝ նկարած է։ Սակայն երբ մեզ տարան կղզուց քիչ այն կողմ, օվկիանոսի բոլորովին մեջտեղում գտնվող մի տեղ, որտեղից բացարձակապես չէր երևում ցամաքի կտոր անգամ ու ասեցին՝ իջեք, և լուռ հնազանդվելով՝ իջանք այդ փիրուզագույն ջրի մեջ, հասկացա, որ նման զգացողություններ այլևս երբեք չեմ ապրելու կյանքում։ Ու չէի սխալվում։ Աշխարհի կենտրոնում, որտեղ շուրջբոլորդ միայն ջուր է ու երկինք, դու հանգիստ կագնած ես օվկիանոսի մեջ, ջուրը գոտկատեղից է, իսկ ոտքերիդ տակ ծովային աստղեր են շաղ տված, որոնք կարող ես հանել ջրից և վեց վարկյան վայելել յուրաքանչյուրին բռնելու հրճվանքը։ Նրանք չեն շարժվում, չեն կծում, լպրծուն չեն, բայց շնչում են ու ընդամենը վեց վարկյան կարող են ապրել առանց ջրի։ Ասում են՝ երբ գտնում ես վեցանկյուն ծովաստղ, ցանկացած երազանք իրականություն է դառնում։ Ու գիտե՞ք, չեն խաբում։

Անհնարին թվացող բարձունք, որ այլևս իրականություն է

Տրոպիակական ջունգլիների սրտում կան հեքիաթային ճոճանակներ, որոնց վրա քեզ զգում ես լիովին այլ իրականության գրկում։ Այդ ճոճանակները գտնվում են Բալիում՝ ըստ իս աշխարհի ամենադրախտային վայրերից մեկում։ Ահռելի բարձրության վրա քեզ բաց են թողնում դեպի ջունգլիներ՝ փայտյա ճոճանակի վրա, գրեթե առանց կապանքների։ Իսկական ադրենալինի սիրահարների համար է։ Բայց վախի զգացողություն բոլորովին չես զգում, որովհետև հասկանում ես, որ նույնիսկ եթե մի բան հետդ պատահի ու հանկարծ ընկնես ճոճանակից, հայտնվելու ես դրախտում, իսկ դրախտը արդեն տեսել ես՝ ինչպիսին է։

Ճանապարհորդելիս սիրում եմ շատ, երբ

…Այնպիսի մարդկանց հետ եմ ճամփորդում, որոնց հետ բացարձակապես չեմ լարվում, որոնք ճկուն են, պատրաստ են ինձ հետ գլխիկոր նետվելու արկածների գիրկը կամ պարզապես պառկել արևի տակ և լսել ծովի խշշոցը, ովքեր հասկանում եմ այդ վայրերը ինչպես վայելելու, այնպես էլ անմահացնելու ձգտումս։ Եվ երջանիկ եմ, որ շրջապատված եմ հենց այդպիսի մարդկանցով ու բախտ եմ ունեցել այդպիսի մարդկանց հետ ճամփորդել։

Հաջողության իմ գաղտնիքը

Չգիտեմ որքանով և ում համար եմ համարվում հաջողակ, բայց կարող եմ հստակ պնդել, որ այս կյանքում ոչ մի երազանքի իրականացում հեշտ չի տրվում։ Հաճախ ընկերներիս բերում եմ բոլորովին վերջերս այցելած այս կղզու օրինակը։ Աննկարագրելի գեղեցիկ մի վայր, որը կոչվում է “Kelingking” Secret Point Beach։ Այն բառացի թարգմանությամբ նշանակում է «ճկույթ», բայց ավելի հայտնի է դինոզավրին իր նմանությամբ, երբ նայում ես անմիջապես վերևից։  Այս հրաշքին ականատես լինելու համար մոտ մեկ ժամ անհրաժեշտ է իջնել ցած 150 մետր բարձրությամբ ժայռի վրայով, որտեղ ընդամենը մի քանի փայտիկ է ցցված բռնվելու և ցած չգլորվելու համար։ Բավականին բարդ ու տանջալից ճանապարհ է ու ֆիզիկական մեծ պատրաստվածություն է պահանջում։ Պահ է գալիս, որ թվում  է՝ չես հասնի ներքև։ Ու առավել ևս հետ չես բարձրանա։ Սակայն երբ գիտակցում ես, որ նման հնարավորություն կյանքում կարող ես այլևս չունենալ, հավաքում ես բոլոր ուժերդ ու ևս մեկ պլյուս դնում “must see” ցանկիդ ու սրտիդ մեջ։ Նման վայրերը ինձ համար հոգու սնունդ են, ու ոչ մի գիրք ու ոչ մի մարդ չի կարող լցնել հոգու այն խորշերը, որոնք այսպիսի տեղերում են լցվում։ Հաջողությունը մտացածին է. ցանկացած գեղեցկւթյունը մտացածին գաղափար է. ամեն նկարի, աշխատանքի, մարմնի, հոգու, հարաբերության հետևում կանգնած է ահռելի երկար ճանապարհ, ջանք ու մեեծ կամքի ուժ։ Պայքարե՛ք ձեր երազանքների համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

4-րդ կուրս

 

Կիսվել