ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԵՍՏՐՈ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԵՍՏՐՈ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ

1854

Երաժշտագետ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հոկտեմբերի 3-ին Ամերիկյան համալսարանում հանդես եկավ Կոմիտասին նվիրված դասախոսությամբ՝ զուգակցված երաժշտական կատարումներով: Մանսուրյանը խոսեց Կոմիտաս մարդու, երգահանի ու երաժշտի մասին:

Դասախոսության մեջ մեծ տեղ էր հատկացված նաև հայ գրականությանը, պոեզիային և երաժշտությանը: Պարոն Մանսուրյանը անդրադարձավ նաև արևելքից մեր հասարակություն ներթափանցող երաժշտությանը և նույնիսկ ռաբիսին: Նա խոսեց նաև հայոց լեզվի, գրավոր ու բանավոր խոսքի, շեշտադրությունների, երաժշտական արտասանության, երաժշտական մտածողության ու երաժշտական ճաշակի մասին:

Հանդիպման մուտքն ազատ էր, և դա շատերի համար մեծ հնարավորություն էր անձամբ տեսնելու և լսելու մաեստրոյին: Դահլիճը լեփ-լեցուն էր, շատերը տեղավորվել էին հատակին: Բայց այս ամենը բոլորովին չէր խանգարում հումորով համեմված հետաքրքիր զրույցին:

Մաեստրոն կարծում է, որ ունի արժանի հետնորդներ, և այսօրվա երիտասարդները չափազանց ուժեղ են ու տաղանդավոր: Նա մտածում է նոր սերնդի բանաստեղծների հետ համագործակցության մասին, բայց դեռ չգիտի` երբ այդ ծրագիրը հունի մեջ կընկնի:

«Ինչպե՞ս հասնել Կոմիտասին»,- ահա սա էր նրան ուղղված վերջին հարցը, որի գեղեցիկ ու բովանդակալից պատասխանով մաեստրոն եզրափակեց իր ելույթը:

«Կոմիտասը մեր տանը սրբություն էր: Իմ հայրը և մայրը, որ երկուսն էլ որբանոցի զավակներն էին, գիտեին՝ ինչ բան է Կոմիտասը, և իրենք են մեզ վարակել կոմիտասյան սիրով: Ես մինչև երաժիշտ դառնալը արդեն կոմիտասական էի՝ առաջին դասարանից: Սիրել է պետք…Իսկ շատ բան սիրելու համար կապերը շատ են. գրականություն, պոեզիա, օպերա… Սիրել է պետք…»:

 

Մարիաննա Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել