Մահից հետո կյանքի մասին առեղծվածները միշտ էլ հետաքրքրել, բայց միևնույն ժամանակ, վախեցրել են մարդկանց։ Նրանք ովքեր տարել են կլինիկական մահ, կամ այսպես ասած հետ են եկել այն աշխարհից, պատմում են` սև թունելի, վառվող լույսի կամ մահացած հարազատների հետ հանդիպման մասին։
Ի՞նչ է սա նշանակում և արդյո՞ք կլինիկական մահն ունի գիտական բացատրություն։
Հիվանդանոցի աշխատակցուհի տիկին Սիլվայի կյանքը փոխվեց այն ժամանակ, երբ ծնվեց նրա առաջնեկը և նա կյանքի ու մահվան սահմանագծին պայքարում էր ապրելու համար։ Նա հիշում է, թե ինչպես է դուրս գրվել հիվանդանոցից, իսկ հաջորդ առավոտյան գիտակցությունը կորցրել` ներքին արյունահոսությունից. «երբ ինձ տարան հիվանդանոց, ինձ չընդունեցին, հարազատներիս ասացին, որ մահացած եմ և ինձ միանգամից մորգ տանեն։ Հետո ամուսինս սկսեց գոռալ բժիշկների վրա, ջղայնանալ, որ գոնե մի բանով օգնեն, որից հետո ինձ տարան վիրահատարան։ Այդ ընթացքում հիշում եմ, որ ինձ շատ թեթև էի զգում և հեռվում թեթև լույս էի նկատում։ Վիրահատությունից մի քանի օր անց, երբ նկարագրում էի տեսածս,ու զգացածս, բոլորը ծիծաղում էին վրաս, ասում էին գնացել ես էն աշխարհ, հետ եկել»։
Մասնագետները ենթադրում են, որ մարմինը թողնելու պատրանքը ընկալվում է, որպես իրական, տվյալ կետում նեյրոնների դիսֆունկցիայի շնորհիվ։ Մահանալիս ուղեղն առաջացնում է մի հետաքրքրաշարժ պատմություն մեզ համար, բայց մենք զգում ենք այն, որպես, բացարձակ իրականություն։
Ըստ բժիշկ Մուշեղ Միկոյանի, կլինիկական մահը տևում է շատ կարճ 6-7 րոպե. «այդ ընթացքում օրգանիզմը դադարում է շնչել, բայց կարևոր կենսաբանական ֆունկցիաները պահպանվում են, որովհետև բջիջներում, հյուսվածքներում կա որոշակի չափով էներգիայի պաշար»։
Կլինիկական մահվան մասին չկա ոչ մի գիտական ապացուց, որը կհերքի կամ կհաստատի կյանքի գոյության մասին վարկածը, չկան հատուկ ապացուցներ, բայց կան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր վստահեցնում են, որ դրախտի ու դժոխքի սահմանագիծը պարզ տեսել են։
Սոֆյա Օհանյան
4-րդ կուրս