ՆՈՐԱՍՏԵՂԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ. Ա՞Ճ, ԹԵ՞ ՆՎԱԶՈՒՄ

ՆՈՐԱՍՏԵՂԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ. Ա՞Ճ, ԹԵ՞ ՆՎԱԶՈՒՄ

3190

Վերջին տարիներին նորաստեղծ ընտանիքների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն է հատկացվում: Գաղտնիք չէ, որ երիտասարդ ընտանիքները հասարակության համար մեծագույն արժեք են համարվում և հասարակության հետագա զարգացման պոտենցիալ ուժն են:

Ըստ հոգեբան Սիրանուշ Հակոբյանի` այն խնդիրները, որոնց բախվում են երիտասարդ զույգերը, ընդհանուր են գրեթե բոլորի համար. «Կայուն ընտանիք կազմելու ընթացքում զույգը անցնում է մի շարք փորձությունների միջով: Ամուսնական կյանքի առաջին երկու տարիների ընթացքում երիտասարդները փորձում են հարմարվել միմյանց և նրանց առաջ ծառանում են մի շարք խնդիրներ,-նշում է հոգեբանն ու ավելացնում,-նշված խնդիրներից են օրինակ` ինչպես բաշխել ընտանեկան պարտականությունները կնոջ և տղամարդու միջև, մշակել որոշակի ընդհանուր արժեքներ ընտանիքի գոյատևման համար, հասկանալ, թե ի՞նչ է տալիս ընտանիքը իրենց»: Նշված փորձությունները երիտասարդ ընտանիքները որոշ դեպքերում հաղթահարել չեն կարողանում, ինչն էլ հետագայում ամուսնալուծությունների պատճառ է դառնում:

Ըստ հոգեբանի` սրա հիմնական պատճառը երտասարդների` ընտանեկան և ամուսնական հարաբերություննրի մասին տեղեկացվածության պակասն է:

Որոշ մասնագետներ էլ կարծում են` սրա պատճառը հապճեպ որոշումներն ու ամուսնական պարտականություններին անլուրջ վերաբերվելն են: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում ամուսնալուծվող ընտանիքների 20%-ը 1-4 տարի համատեղ ապրած զույգերն են` այսպես կոչված երիտասարդ ընտանիքները:

Մեր երկրում ամուսնալուծությունների գլխավոր պատճառներից են նաև մարդկանց սոցիալական վատ վիճակն ու դրանից բխող արտագնա աշխատանքը: Վերջինս ավելի տարածված է մեր օրերում և հենց դա է, որ հանգեցնում է նորաստեղծ ընտանիքների քայքայմանը:

Մարիանան, ով ապրում է Երևանում, պատմում է, որ 2 տարին դեռ չէր լրացել իրենց ամուսնության,երբ ամուսինը, մեր երկրում աշխատանք չգտնելով, մեկնեց արտերկիր. «Սկզբի ամիսներին գումար ուղարկում էր, հետո եկավ մի պահ, որ ուղղակի դադարեց և՛ գումար ուղարկել և՛ զանգահարել: Նույնիսկ տեղեկություն չունեի նրանից ամիսներ շարունակ»,-պատմում է Մարիանան: Կինը որոշ ժամանակ անց ամուսնու հարազատներից տեղեկացել է ամուսնու երկրոդ ընտանիքի մասին. «Ես ուրիշ տարբերակ չունեի, մնում էր միայն բաժանվել, որովհետև նա հետ գալու և ընտանիքը փրկելու մտադրություն չուներ»,-ասում է Մարիանան:

Մեր օրերում այսպիսի դեպքեր շատ են լինում և սա ոչ մայն նորաստեղծ ընտանիքների փլուզման պատճառ է դառնում, այլև բացասաբար է ազդում ծնելիության մակարդակի վրա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշները փաստում են, որ ծնելիության ընդհանուր գործակիցը 1,000 բնակչի հաշվով 2017թ.-ին նվազել է կազմելով 13,6%: 2017թ.-ին ՀՀ-ում ամուսնալուծության 3.468 դեպք է գրանցվել` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.6%-ով: Այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական տվյալները:

Ինչքան էլ դժվար լինի ամուր, ներդաշնակ, բարեկեցիկ ընտանիք կազմելը, այնուամենայնիվ, ինչպես ասել է Ջորջ Սանտայանան(ամերիկացի փիլիսոփա, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ) ` «Ընտանիքը բնության հրաշքներից մեկն է»:

 

Աննա Գյուլասարյան

4-րդ կուրս

Կիսվել