ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԲԵՄՈՒՄ

ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔ ԲԵՄՈՒՄ

1253

Հարցազրույց դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի հետ:

-Տիկին Շահիրյան, քանիցս ասել եք, որ Ձեր կյանքում թատրոնի հետ կապված ամեն բան ստացվել է ինքնաբերաբար. ի վերջո Դու՞ք ընտրեցիք թատրոնը, թե՞ այն նախանշված էր Ձեզ համար:

-Ես սովորում էի կինոդերասանական ստուդիայում, իմ վոկալի դասախոսը պատահաբար հանդիպում է Հրաչյա Ղափլանյանին, զրուցում են, ու Ղափլանյանն ասում է, թե նոր հիմնադրված թատրոնի համար իրենց դերասաններ են պետք, այդ պահին վոկալիս դասախոսն իմ անունն է տալիս: Այնպես ստացվեց, որ եկա թատրոն ու միանգամից գլխավոր դեր խաղացի: Կարող եմ ասել, որ ես ընտրեցի թատրոնն ու միևնույն ժամանակ նախանշված էր այդ ուղին:

-Ձեր դուստրն էլ ընտրեց թատրոնը, ձեր թոռնիկներն էլ խաղում են, դուք առանձնապես ոգևորությամբ չեք ընդունել իրենց այդ ընտրությունը. ի՞նչն էր պատճառը, և գուցե՞ Ձեր հմայքն է, որ իրենց թատրոն բերեց:

-Թատրոնը գիտեի ներսից՝ բոլոր դժվարություններով, պարզապես չէի ցանկանում, որ իրենք էդ ամենի միջով անցնեին, բայց նաև գիտակցում էի՝ մեր ընտանիքում կար թատրոնի շունչը, այս միջավայրն իրենց համար հարազատ էր, բոլորը ինչ-որ քայլ արել էին բեմում ՝ դեռ շատ փոքր տարիքում: Ես պատրաստ չէի իրենց այդ ընտրությանը, բայց ի վերջո ըմբռնումով մոտեցա. չէ՞ որ իմ ծնողներն էլ դեմ են եղել…

-Մի առիթով նշել եք՝ թատրոնում կայանալու, լիարժեք զգալու համար պետք են լավ խաղընկեր, լավ դեր, լավ սցենար, լավ բեմադրիչ, կյանքում Ձեզ ի՞նչ բաղադրիչներ, ովքե՞ր են պետք ինքնաբավ լինելու համար:

-Իմ ընտանիքը, իմ աշխատանքը, ընկերներս. իրենցով ես խաղաղ եմ ու ինքնաբավ, նաև այն, որ թատրոնում ես ունեմ իմ տեղը, ես ունեմ զգացումը, որ դեռ պետք եմ թատրոնին, որ անելիք ունեմ:

-Գրեթե կես դար  Դրամատիկական թատրոնում եք, 60-ից ավելի դերեր, տարիներն անցել են, փոխվել է խաղացանկը, կա՞ն դերեր, կերպարներ, որ կարոտում եք:

-Շատ դերեր կան, որ կարոտում եմ, հեռուստաներկայացումներ կան, որ նայում եմ ու պատկերացնում, որ հիմա այլ կերպ կխաղայի, բայց նաև կարծում եմ, որ ամեն բան եղել է ճիշտ ժամանակին, կերտել եմ կերպարներ, որոնց պահանջը եղել է, իսկ  այն ժամանակվա թատրոնի պահանջն ուրիշ էր…

-Տիկին Շահիրյան, Ձեր ընկերները միշտ հիացմունքով խոսում են Ձեր խոհանոցային հմտություններից, ո՞րն է այն կերակուրը, որ շահիրյանական է:

-Իսկապես սիրում եմ խոհանոցը, խոհանոցում ստեղծագործելը ու նաև այն համոզման եմ, որ որևէ մեկը բաղադրատոմս չի հորինում, ժամանակի ընթացքում փոխանցվում են, փոփոխվում են  ու ուտեստի վերածվում: Բեյրույթից հարևանուհի ունեինք, ես հիշում եմ իր բաղադրատոսմերը, շատ փոքր եմ եղել, բայց տպավորվել է իր խոհանոցն ու աշխատանքները: Մինչ օրս կիրառում եմ իմ խոհանոցում, կարևորում եմ նաև մատուցման կերպը՝ ոչ միայն խոհանոցում:

-Դուք միշտ եղել եք ուշադրության կենտրոնում, Ձեր դասախոսներից մեկը հիշում էր, որ երբ դասի էիք գալիս ՝ Ձեզ տղաների մի ամբողջ բազմություն էր հետևում:

-(Ժպտում է) Ես ոչ մի հատուկ բան չէի անում, ես ուսանող էի, բայց արդեն երեխաներ ունեի, բոլոր տեսակ շփումներում ամուսնացած կնոջը վայել հեռավորություն էի պահպանում, շատ կարևոր է՝ թե ինքդ քեզ ինչպես կներկայացնես, կմատուցես:

-Տիկին Շահիրյան, Դուք անցել եք երկար, մի տեսակ զարդանախշերով հագեցած ճանապարհ, այդ ճանապարհին ու՞մ կվերադարձնեիք և ու՞մ հետ կշարունակեիք Ձեր ընթացքը:

-Ցավոտ հարց է.  այդ ճանապարհին ես շատ կարևոր մարդկանց եմ կորցրել՝ ծնողներիս, ամուսնուս, ընկերներիս, իրենք ֆիզիկապես չկան, բայց բացակա չեն իմ կյանքից, ես իրենց հիշում ու կարոտում եմ …

 

Հարցազրույցը` Լիլիթ Հարությունյանի

4-րդ կուրս

Կիսվել