ԼԱՐԱԽԱՂԱՑ ՓՂԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԼԱՐԱԽԱՂԱՑ ՓՂԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1678

Երևանի մարդաշատ հրապարակից մի քանի քայլ այն կողմ՝ լռություն, ծիրանենիներ ու հին տներ: Հենց այդ հին տներից մեկում ժամադրվում են Ռաֆայելի ձեռքերն ու կավը:

Երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի արվեստանոցում պատվանդանին դրված է  Փիղը՝ լարի վրա. կենդանիներ սիրում է, բայց փղերի հանդեպ վերաբերմունքն ուրիշ է. մարդկանց է նմանեցնում:

-Գիտեմ, որ ցանկություն ունեք Ձեր լարախաղաց Փղերին տեսնել Կրկեսի բակում, կարծու՞մ եք՝ դա հենց այն տեղն է, ուր կուզեին Ձեր փղերն ապրել:

-Ինձ թվում է՝ այո, բայց կարելի է իրենց էլ հարցնել (ծիծաղում է ):

-Փղերին լարի վրա բարձրացնելով՝ իրենց իրականությունից չե՞ք կտրել:

-Ես չէ որ փղերին կտրել եմ իրականությունից, մեր միջավայրում փղերն էլ, մյուսներն էլ, շատերն էլ իրենց տեղում չեն:

-Դուք՝ որպես արվեստագետ Ձեր տեղում ե՞ք:

-Ես միշտ իմ տեղում եմ որպես մարդ:

-Հայաստանը Ձեզ համար փոքր չէ՞:

-Սովորելու, ինքնակատարելագործվելու, ստեղծագործելու համար Հայաստանն ինձ բավարում է. բոլոր խնդիրներով ու հոգսերով՝ հենց այստեղ է ստեղծվում իմ արվեստը: Ուր էլ գնաս՝ շատ աշխատել է պետք, տեղը կարևոր չէ…

-Հատկապես ի՞նչն է կարևոր քանդակագործի համար:

-Հստակ չափանիշներ ասել պետք չէ, բայց կա մի բան, որ պարտադիր է աշխարհի բոլոր մասնագիտությունների, գործերի համար… սերն է. սիրել է պետք ու նվիրվել:

-Միտք ունեք քանդակելու Աստծո ձեռքը. մի քիչ բարձր չի՞ հնչում:

-Էսքիզային տարբերակով արդեն պատրաստ է, ինձ համարում եմ համարձակ, եթե ունեմ միտք, անում եմ, իհարկե, կան թեմաներ, որոնց պետք է զգույշ մոտենալ: Կոմիտաս քանդակելիս ես տարիներ ուսումնասիրեցի, մոտ 6-7 գործ արեցի…

-Ամիսներ առաջ ԱՄՆ-ում մասնակցեցիք ցուցահանդեսի. այցելուների հայացքներում տարբերություն նկատում է՞իք, օտարներն ինչպե՞ս ընկալեցին Ձեր փղերին:

-Մայամիի արվեստի շաբաթի շրջանակներում հնարավորություն ստացա ներկայանալու այնպիսի անունների կողքին, ինչպիսիք են՝ Դալին, Բոտերոն, Պիկասոն ու էլի շատ երևելիներ: Ինձ համար մեծ պատիվ էր: Շատ մեծ ցուցադրություն էր՝ մոտ 35.000 այցելու: Մի բան հասկացա՝ Հայաստանում ստեղծված արվեստը հեռվում էլ կարող է ուշադրություն գրավել. այնտեղ էլ դեռ չէին հանդիպել փղերի՝ լարի վրա:

-Հե՞շտ եք բաժանվում Ձեր ստեղծագործություններից:

– Եթե նկարչի կամ քանդակագործի բոլոր գործերը միշտ իր մոտ լինեն, կձանձրանա: Ես սիրում եմ իմ գործերը տեսնել ցուցասրահում: Երբ պահը հասունանում է, գործը պիտի գնա քեզնից, որ նոր գործեր ստեղծվեն:

-Կարոտ կա՞ այն գործերի հանդեպ, որոնց վաղուց չեք տեսել:

-Իհարկե կա, երբ մեկ կամ մեկուկես տարի հետո գործս տեսնում եմ, հասկանում եմ, որ կարոտել եմ, կարոտով եմ նայում իրենց:

-Տարիներ հետո իրենք Ձեր աչքին նու՞յնն են, թե գուցե փոխվել են:

-Երևի էլի իրենց հարցնենք (ծիծաղում է):

-Երազաննքների ցուցասրահ ունե՞ք:

-Ուզում էի ԱՄՆ-ում ցուցադրվել՝ ցուցադրվեցի, Փարիզից էլ առաջարկ էի ստացել, չստացվեց գնալ, բայց կյանքն ընթացքի մեջ է. ցուցասրահներն էլ այդ ընթացքի մեջ են, բայց կա մի բան, որ երազում եմ, ուզում եմ Հայաստանում արվեստով հետաքրքվող ավելի շատ մարդկանց տեսնել, ուզում եմ նաև երիտասարդ ստեղծագործողների քանդակներին հանդիպել մեր քաղաքում:

-Հաճախ են հարցնում՝ ու՞մ քանդակն է պակասում կամ ու՞մ քանդակը կուզեիք տեսնել, ես հարցնում եմ՝ ո՞ր քանդակը չէիք ուզի տեսնել մեր քաղաքում:

-Շա՜տ են անցանկալի քանդակները, եկեք չառանձնացնեմ: Քաղաքային քանդակագործությունը խեղդվում է հուշարձանների մեջ. կասկադի պուրակից այն կողմ չենք հանդիպում ուրիշ քաղաքային քանդակի, իսկ մենք ունենք շատ լավ քանդակագործներ, ում աշխատանքները պետք է լինեն Երևանում:

-Մեր քաղաքում քանդակներն ամենից շատ ինչի՞ կարիք ունեն:

-Տարածության, ազատություն, ճիշտ ընտրված տեղի. Կարող է լինել շատ լավ աշխատանք, բայց սխալ ընտրված տեղում դրվել և ուղղակի չնկատվել:

-Ձեր և կավի հարաբերություններն ինչպիսի՞ն են:

-Եթե մի քանի օր կավի, նյութերիս հետ չաշխատեմ, կարոտում եմ. իրենք ինձ համար ջուր խմելու պես բան են դարձել: Անդիմադրելի պահանջ եմ զգում: Միշտ եմ ասում՝ քանդակագործը ստեղծագործելիս կռիվ է տալիս նյութի հետ. այդ պայքարում մեկ հաղթում է նյութը, մեկ՝ դու, բայց  լավ վերջաբանի բերում է այն, երբ հաշտվում եք:

-Կգա՞ մի օր, որ Ձեր փղերը կիջնեն լարից:

– Եթե գա մի օր, որ փղերը որոշեն իջնել լարից, կնշանակի, որ  ամեն բան հայտնվել է իր ճիշտ տեղում, խաղաղ ընթացքի մեջ…

 

Հարցազրույցը՝ Լիլիթ Հարությունյանի

4-րդ կուրս

Կիսվել