ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԱՇԱՅԻՆ ՏԵՍԵԼ ԵՆ ԺՊԻՏԸ ԴԵՄՔԻՆ

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԱՇԱՅԻՆ ՏԵՍԵԼ ԵՆ ԺՊԻՏԸ ԴԵՄՔԻՆ

1689

Սաշա Գալստյանին բանակում  ջիգյար անունն էին տվել, գյումրեցի ընկերներից մեկն էլ ամեն անգամ Սաշին տեսնելիս ասել է՝ աշեք՝ ոտից գլուխ ջիգյարն է գալիս:

Ոչ բանակում, ոչ էլ հարազատ քաղաքում՝ Մեծամորում, չեն հավատում, որ իրենց Սաշը չկա:

Մայրը՝ Սոֆին, ասում է՝  տղայիս պապիկի անունը տվեցինք, ու անունը կրեց պատվով:

«Փոքր էր, էնքան խելոք, կազմակերպած, որ մի չարություն էլ աներ, իրեն պիտի տան մի անկյունում գտնեինք՝ մի ոտքի վրա կանգնած. ինքն իրեն պատժում էր»:

«Քաղցրակեր է եղել, կարող էր մի քանի կիլոգրամ կոնֆետ ուտել ու չհագենալ, բանակում փոխվեց, որ ասում էի ինչ ուղարկեմ՝ ակնկալելով, որ կասի քաղցրավենիք, ասում էր, թե ինչ-որ բան ուղարկելու լինեք, ուրեմն տղերքի համար առաջին անհրաժեշտության իրեր»:

«Միշտ բոլորի նկատմամբ հոգատար էր, չէր հաշտվում մտքի հետ, որ ինքը կարող է մեկին նեղացրած լինել. պիտի ամեն ինչ աներ, որ հաշտվեին»:

Դպրոցում լավ է սովորել, բայց հատկապես սիրել է քիմիա, կենսաբանություն առարկաները՝ գիտակցելով, որ բժիշկ դառնալու համար պիտի դրանք լավ սովորի:

Սաշի մանկության ընկերուհին՝ Անին, պատմում է. «Կար տարիք, որ ծիծաղում էինք մեկս մյուսի երազանքների վրա, ինքն ասում էր՝ մի հավատացեք բայց, որ ատամնաբույժ դառնամ, կգաք ձեր ատամներն առանց թմրեցնելու կքաշեմ»:

Պետական բժշկական քոլեջն ավարտել է կարմիր դիպլոմով, ընդունվել Երևանի Հայբուսակ համալսարանը, բայց նպատակ է ունեցել ծառայությունից հետո սովորել Երևանի Պետական Բժշկական համալսարանում. բանակում էլ հաստատ որոշել է՝ ոչ թե ատմնաբույժ, այլ վիրաբույժ:

Նպատակ է ունեցել սեփական կլինիկան բացել, մայրն ասում է ՝ անգամ հողատարածք էինք աչքի տակ վերցրել, որ մինչև համալսարանն ավարտելը շենքը կառուցեինք:

Սաշի երազանքների զգալի մասը կապված է եղել սիրելիի՝ Լիլիթի հետ. աղջկա ազգանունը Հովհաննիսյան է, Սոֆին է պատմում. «Սաշն էնքան է ասել Գալստյան, որ դպրոցում անգամ սկսել են  աղջկա ազգանունը շփոթել. Լիլիթն այս տարի դպրոցն ավարտեց, Սոֆին պատմում է, որ տղան բանակում մի քանի ամիս պատրաստվել է, որոշել, թե ինչեր պիտի կազմակերպի ու  ինչեր նվիրի Լիլիթին: Հերոսի մայրն ասում է՝ տխրում եմ, որ Լիլիթն այդպես էլ հարսս չի դառնա, բայց կմնա իմ երրորդ աղջիկը:

Ամեն անգամ, երբ Սոֆին դժվարանում էր հուզմունքը զսպել, հայացքով գրկում էր տղայի լուսանկարն ու  խաղաղվում. Սաշան բոլոր նկարներում ժպտում էր:

Մայրը պատմում է՝ մի ատամ ուներ՝ ծուռ էր, ժպտալիս աչքի էր ընկնում, Սաշաս ասում էր, թե դա իմ թունավոր ատամն է. մի ժամանակ բարդութավորվել է, բայց Լիլիթին հանդիպելուց հետո ատամի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. Լիլիթի նույն ատամն էլ ծուռ է. ասում էր՝ ապագա կինս էլ թունավոր ատամ ունի:

Սաշան անսահման շատ սիրել է քույրերին, նրանց համար անգամ զգեստներ է կարել:

Գրեթե ամեն օր մոտենում էր քրոջն ու վրդովված ասում՝ ախր դու ինչի՞ ես էդքան սիրուն, որ ես չեմ կարողանում հանգիստ ապրել. քրոջ ամուսնանալուն դժվար է համակերպվել:

Քրոջ նորածին որդու անունն էլ Սաշա է, բայց հերոս Սաշան իր զարմիկին այդպես էլ չտեսավ:

Մայրը վերջին անգամ տղային տեսել է մեկ տարի առաջ, բայց ամեն օր խոսել են, ասում է՝ չկար մի օր, որ դժգոհեր, թե դիրքեր եմ բարձրանում. միշտ պատրաստակամ, անվախ:

Բայց վերջին անգամ տղան տրամադրություն չի ունեցել. ուշ ժամի է զանգել, մորը խնդրել, որ արթնացնի քույրերին, հորը, որ ինքը անպայման խոսի իրենց հետ:

«Սաշաս ամեն անգամ դիրք բարձրանալուց առաջ ասում էր՝ մամ, մի անհանգստացի, ինչ էլ լինի գալու եմ»:

«Տղաս միշտ էնքան ճշտապահ է եղել, որ ես ուղղակի չէի կարող չհավատալ իր խոսքերին»:

Սաշա Գալստյանը չի ենթարկվել նահանջ հրամանին, թիկունքը պահել է մինչև որ տղերքը հասնեն. տղերքը հասել են, բայց Սաշը…

Բարեկամուհին պատմում է՝ հերոսի հուղարկավորության օրը, երբ համաքաղաքցիները, հարազատներն ու ընկերները լաց են եղել, հայրը պահանջել է՝ դադարել լաց լինել ու խնդրել, որ բոլորը մեկ մարդու պես ծափահարեն. հերոսին դեպի անմահություն ճանապարհում են ծափահարություններով:

Իր կյանքը վտանգելով՝ մարտական ընկերոջ մարմինը վտանգավոր հատվածից դուրս է բերել Տիգրանը: Սաշայի մայրն ասում է՝ գտել ենք Տիգրանի ծնողներին, շնորհակալություն հայտնել, սպասում ենք բանակից գա, որ գրկենք:

Մարտական ընկերները պատմում են՝ վերջին անգամ Սաշային տեսել են ժպիտը դեմքին….

 

Լիլիթ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել