«ՌԱԴԻՈՅԻ ԱՇԽԱՐՀՆ ՈՒՐԻՇ Է. ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ՁԱՅՆՈՎ ԺՊՏԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

«ՌԱԴԻՈՅԻ ԱՇԽԱՐՀՆ ՈՒՐԻՇ Է. ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ՁԱՅՆՈՎ ԺՊՏԱԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

1951

Հարցազրույց հայ հաղորդավար, մեկնաբան, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանի հետ:

-Պարոն Օլքինյան, Դուք հայկական հեռուստատեսության երկրորդ սերնդի ներկայացուցիչներից եք.  Ի՞նչ երազներով մտաք հեռուստատեսություն, կա՞ր խնդիր, որ Ձեր առաջ դրել էիք:

-Երազներ ասացիք՝ հիշեցի իմ գործընկերներին` Գրիգոր Հարությունյան, Հասմիկ Պերճյան, Աիդա Ներսիսյան: Մեզնից առաջ  արդեն շատ բան արվել էր: Մենք յոթանասունականներին եկանք հեռուստատեսություն. այն արդեն բավական կայացած էր, ուներ որակյալ ռեժիսորական դպրոց: Մեզ ավելի հեշտ էր իրենց հետ  աշխատել, պահանջներ բավարարել:

Որո՞նք էին այդ պահանջները:

-Առաջնային պահանջը գերգրագիտությունն էր, հայերեն խոսքը՝ հայերեն մտածողությամբ: Կար մի լավ ավանդույթ՝ գործուղումներ Մոսկա: Պարբերաբար վերապատրաստում էինք անցնում, հնարավորություն ունեինք գերպրոֆեսիոնալներից սովորելու, պատիվ եմ ունեցել Լևիտանի և էլի շատ շատերի հետ շփվելու:

-Ժամանակի ընթացքում փոխվել են  հեռուստատեսության պահանջները, ավանդույթները. համաձա՞յն եք այդ փոփոխություններին, կա՞ն բաներ, որ կվերականգնեիք:

-Գիտեք՝ պահանջները պետք է որ չփոխվեին: Չպետք է փոխվեր անաղարտ լեզվի պահանջը, ճաշակ թելադրողի կարգավիճակը չպիտի փոխվեր: Հեռուստատեսությունը  մեծադույն զենք է, ինքը պիտի լինի թելադրողը, բարձրացնողը  և ոչ թե առաջնորդվի որոշակի զանգվածի քմահաճույքով. իմ համոզմամբ ավելին անել չկարողացողներն էլ հնարեցին այդ «Պահանջարկն է թելադրում միֆը»: Անհնար է, որ դու լավ ուտեստ մատուցես ու այն չգնահատվի:

-Պարոն Օլքինյան, Դուք տարիների փորձ ունեք, հեռուստադիտողի համակրանք ու վստահություն, նաև Վաստակավոր լրագրողի կոչում. որքանո՞վ են  Ձեր մտահոգությունները լսելի, կարծես թե  չկա  հնարավորություն՝ ոլորտում խոսք ասելու, ընտրություն կատարելու:

-Դժվարանում եմ պատասխանել, ի դեպ կոչումների մասով՝ դրանք այնքան էլ կարևոր չեն, կամ առհասարակ կարևոր չեն: Եթերում խնդիր ունենք որակյալ հաղորդավարների, մեկնաբանների. կարիք կա ինստիտուտի, համակարգի, որ բարեխղճորեն կզբաղվի եթերի լեզվի հարցով: Իհարկե, դեմ եմ գրաքննությանը՝ խորհրդային միության տարիներին դրան բախված լինելով, բայց ներքին գրաքննություն, խիղճ, հարգանք անպայման պիտի լինի, պատահական կերպար չպիտի հայտնվի եթերում: Կարծում եմ ՝  պետական հոգածությամբ խնդիրը կմեղմանա:

-Դուք Ազգային հեռուստատեսության  հաղորդումների բաժնի վարիչ եք եղել. սա ենթադրել է աշխատանք կադրից դուրս. ո՞րն է առավել հարազատ՝ աշխատանքը եթերում, թե՞…

-Կորդինատորի աշխատանք էի կատարում, հաղորդումները տալիս այս կամ այն հաղորդավարին՝ հաշվի առնելով հաղորդավարի նախասիրություններն ու որակները: Վարչական աշխատանքի հանդեպ անքան էլ մեծ սեր չեմ ունեցել, իսկ եթերը մի տեսակ  տիեզերական տարածք էր՝ ստեղծագործելու ազատությամբ:

Ինչպե՞ս էիք պահպանում հեռուստադիտողի հետ կապը, համագործակցություն կա՞ր:

-Մեծ թվով նամակներ էինք ստանում, որ հատ առ հատ կարդում էինք, քննարկում. բարձր չհնչի, բայց կարծում եմ հիմա կերազեին այդ տեսակ շփման, կապի մասին: Մարդիկ մեզ մոտենում էին, մենք իրենց մեջ էինք, անմիջական շփում կար, էներգիայի փոխանակում:Երբ դու եթերից կարողանում էիր ցույց տալ սերդ հեռուստադիտողի հանդեպ, անպայման պատասխան սերը գալիս, հասնում էր: Յուրաքանչյուր հեռուստադիտող  իմ ընտանիքի մասն էր, ում ես  օրվա տարբեր ժամերի հյուրընկալվում էի:

-Հյուրընկալման ձևը փոխվե՞ց, երբ վերադարձաք Ռադիո:

-Ռադիոն ավելի հարազատ էր, դրա համար էլ հետ եկա, նաև քաղցր հիշողություններ ունեի, երբ ուսանողական տարիներին մասնակցեցի հաղորդավարների մրցույթի ու հաղթեցի. երևի այս հիշողություններնէլ հետ բերեցին ռադիո: Ռադիոյի աշխարհն ուրիշ է, այստեղ առաջնային է ձայնով ժպտալու կարողությունը: Պետք է կարողանալ  տրամադրություն ստեղծել, ձայնի էներգիայով  ունկնդրին հրավիրել:

-Պարոն Օլքինյան, Ձեր ընթերցմամբ հասանելի է Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմը. ի՞նչ նշանակություն ուներ այն Ձեզ համար:

-Ինձ համար սա սովորական ընթերցում չէր, աշխատանքս տևեց գրեթե երեք ամիս: Պոեմը կարդացել է նաև իմ գործընկեր Սարգիս Նաջարյանը. երկուսիս մոտեցումներն էլ տարբեր են:  «Նարեկը» ձայնագրվել եմ երեք տարբերակով. վերջինը՝ տղամարդու և կնոջ ձայնով: Չէի ուզում լիներ մեկը, որ ծանոթ չլիներ այս գործին. ինձ պետք է, որ մարդիկ երբեմն-երբեմն լսեն, որովհետև սա իսկապես բուժում է՝ մարմնական, հոգևոր:

-Օրեր առաջ նշվեց Հանրային հեռուստատեսության 60 ամյակը. դուք վաղուց եթերում չեք, չե՞ք կարոտում հեռուստատեսային եթերը:

-Իմ հին ընկերներն էլ եթերում չեն. շենքին ի՞նչ կարոտես: Ուրիշ տեսակ զգացումներ ունեմ, շատ բան է փոխվել, վերազինվել, կատարելագործվել: Հեռուստատեսության հանդեպ սերը անուշ հիվանդություն է, սրան չկա դեղամիջոց: Նրանք, որ սա չեն ընկալում իբրև  ցմահ հիվանդություն, չեն դիմանում, գնում են: Հեռուստաընկերության նախասրահի մի պատին փակցված են հին սերնդի ներկայացուցիչների լուսանկարները, մյուս պատին՝ նոր սերնդի. Այս երկու պատերը՝ լուսանկարներով, հայացքները իրար են նայում. ես քայլում էի՝ այդ հայացքներն էլ ինձ հետ, ու ունեի զգացում, որ մենք դեռ պիտի երկար քայլենք…

 

Հարցազրույցը՝ Լիլիթ Հարությունյանի

4-րդ կուրս

Կիսվել