ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԱԶՆԱՎՈՒՐԻ 94-ԱՄՅԱԿԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԱԶՆԱՎՈՒՐԻ 94-ԱՄՅԱԿԸ

1271

Երևանի կենտրոնում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, այսօր տեղի կունենա բացօթյա համերգ՝ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի տարեդարձի առիթով:

Համերգին մասնակցում են «Lucax madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, Ջիան Գասպարյան կրտսերը և Հայկ Պետրոսյանը: Համերգային ծրագիրը մեկնարկելու է 19:30-ին: Մուտքն ազատ է:

Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին` Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ծննդյան անունը Շահնուր է: Ազնավուրի հայրը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:

Շառլը, տարված լինելով արտիստի կյանքով, թողեց դպրոցում ուսումը 9 տարեկանում: Ընտրեց «Ազնավուր» բեմական անվանումը և դեռ այդ վաղ հասակից, սկսեց հանդես գալ:

Երիտասարդ և տաղանդաշատ Ազնավուրի աստեղային ժամի մեկնարկը համարվեց 1946 թվականը, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիա և ԱՄՆ շրջագայությունների:

Իսկ արդեն 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո Ազնավուրի համաշխարհային հռչակն ավելի մեծ թափ ստացավ: Ասվածի մասին փաստում են նաև այդ ժամանակների ֆրանսիական մամուլում հանդիպող հրապարակումները: «Ֆրանսիան ազնավուրացված է». գրում են ֆրանսիական ամսագրերը:

Շանսոնյեն շուրջ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Երկրպագուների և հանդիսատեսի սիրո և հեղինակության մասին են վկայում լեփ-լեցուն դահլիճները, վաճառված ավելի քան հարյուր միլիոն ձայնապնակները։

Այսօր Շառլ Ազնավուրի անուն-ազգանուն հնչեցնելով աշխարհի ցանկացած անկյունում՝ ի պատասխան՝ կարելի է լսել հանրահռչակ  երգահանի մեղեդիներից:

Համաշխարհային հանրությանը Ազնավուրը հայտնի է ոչ միայն որպես երգիչ, երգահան, այլ նաև որպես գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։

Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Շնորհավոր տարեդարձդ, մեծն շանսոնյե:

Հ.Գ. Վերջին շրջանում Շառլ Ազնավուրի երկրպագուները մտահոգվում էին երգահանի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ ողջ աշխարհում Հայաստանի՝ կենդանի խորհրդանիշ դարձած Ազնավուրի առողջական վիճակը լավ է: Վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից:

 

Միլենա Մկրտչյան

2-րդ կուրս

Կիսվել