ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԱՈՒԴԻՈ ՍՏՈՒԴԻԱ Է ԳՈՐԾԵԼՈՒ

ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԱՈՒԴԻՈ ՍՏՈՒԴԻԱ Է ԳՈՐԾԵԼՈՒ

1315
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Տիգրան և Արսեն Հակոբյանները ստորագրեցին համագործակցության հուշագիր, ըստ որի՝ սեպտեմբերից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործելու է նորագույն սարքավորումներով հագեցած աուդիո ստուդիա, որտեղ նոր հմտություններ են ձեռք բերելու ուսանողները:

ԵՊՀ-ի և և «Sound Progress» ՍՊԸ-ի միջև համագործակցության արդյունքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետը համալրվելու է նոր սերնդի ձայնային սարքավորումներով, իսկ ընկերության ներկայացուցիչներն էլ ներգրավվելու են որպես դասախոսներ: Ձայնագրման և ձայնի մշակման հմտությունները ուսանողները սովորելու են անմիջապես հմուտ մասնագետներից, ինչը թույլ կտա արդեն իսկ պրակտիկ գիտելիքներով զինված մտնել աշխատաշուկա:

Ռեկտոր Արամ Սիմոնյանն իր գոհունակությունը հայտնեց նմանաբնույթ համագործակցության համար. «Մենք հույս ունենք, որ Ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետը հնարավորություն կունենա իր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու: Թերությունները շատ են լրագրության ոլորտում, և այս համագործակցությունը թույլ է տալիս այդ անկատար դաշտում որոշակի դրական փոփոխություններ մտցնել»,- ասաց նա:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Հակոբյան եղբայրներին փոխշահավետ առաջարկի համար. ««Սպուտնիկ Արմենիա»-ում, որտեղ աշխատում են եղբայրները, հարցազրույց էի տալիս, որի ավարտից հետո նրանք ԵՊՀ-ի հետ աշխատելու պատրաստակամություն հայտնեցին: Այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք օնլայն ռադիո և TV ստեղծելու հենց համալսարանի ներսում»,- հավելեց դեկանը:

Արսեն Հակոբյանն էլ հույս հայտնեց, որ այս նախագիծը խթան կհանդիսանա ապագա լրագրողների մասնագիտական հմտությունների կատարելագործման համար:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ պատրաստ է իրենց ունեցած ամբողջ ներուժը ներդնել լավագույն արդյունքի հասնելու համար: Պրակտիկ մասը կարևորելով՝ նա անդրադարձավ տեխնիկական հագեցվածությանը. «Ուսանողներն իրենք պետք է զգան փոփոխությունները: Աշխատանքի անցնելիս ուսանողները պետք է վստահ լինեն իրենց պրակտիկ գիտելիքների վրա»:

Աուդիո ստուդիան նախատեսվում է բացել սեպտեմբերին: Այժմ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 5-րդ հարկում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Հակոբյան եղբայրները մեծ ուշադրություն են դարձնում ձայնամեկուսացման և ակուստիկ համակարգին, որպեսզի ներսի աղմուկը չխանգարի կից լսարաններում ընթացող դասապրոցեսին, իսկ դրսինը՝ ստուդիայի ներսի աշխատանքներին:


«Մենք մեծ ցանկություն ունենք կրթության ոլորտում ներդրում անելու, և ԵՊՀ-ն այն կարևորագույն կրթական կառույցն է, որի միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Արսեն Հակոբյանն անկեղծացավ, որ Նաղաշ Մարտիրոսյանի հետ պատահական հանդիպումից հետո առաջացավ համալսարանում գերժամանակակից աուդիո ստուդիա ստեղծելու գաղափարը:

Սեպտեմբերին աուդիո ստուդիա առաջին անգամ մտնող ուսանողներին Հակոբյան եղբայրները պատրաստ են փոխանցել իրենց պրակտիկ գիտելիքների ողջ պաշարը: «Մեր ուսանողների մեջ շատ լավ սերուցք կա, մենք մեծ ցանկություն ունենք ստուդիայով հետաքրքրված ուսանողների հետ անգամ լրացուցիչ աշխատել»:

 

Մարի Ռաֆյան

Կիսվել